Մինչեւ սեպտեմբեր

24/05/2010

Երեկ Գյումրիում կայացած ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի ներկայացուցիչները իրենց համակիրներին մեկ անգամ եւս վստահեցրել են, որ իշխանափոխությունը սարերի ետեւում չէ: «Հանուն Ղարաբաղի, մինչեւ սեպտեմբեր անցկացրեք արտահերթ ընտրություններ»,- իրենց խորհուրդն ու կոչն ամբիոնից այսպես են հնչեցրել ՀԱԿ անդամները:

«Ա1+»-ի փոխանցմամբ, իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ շուտով գալու է 10 զոհերի կյանքի գնով պաշտոն ձեռք բերածների իշխանության վերջը: «Այսօր իշխանություն ունեն առյուծ սիրողները, առյուծ սպանողներն ու առյուծ պահողները: Բայց նրանք դժբախտ մարդիկ են: Այսօր Հայաստանում չես գտնի մի մարդ, որն ասի, թե Ռոբերտ Քոչարյանը իր ընկերն է: Այդ մարդիկ մեղք են ու դրանից իրենց չարությունը թափում են մեր ժողովրդի գլխին: Ինչ էլ անի Սերժ Սարգսյանը, փաստ է, որ նա իշխանության է եկել այդ զոհերի կյանքի գնով,- ասել է Ա. Սարգսյանն` ավելացնելով,- Ամեն մեկի հայրենիքը սկսվում է նրա տան շեմից եւ այդ շեմից պետք է սկսել հայրենիքի պաշտպանությունը: Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տան շեմը Ղարաբաղում է»:

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւս գյումրեցիներին վստահեցրել է, որ հասնելու են իշխանափոխության, սակայն այն պետք է լինի խաղաղ ճանապարհով` ընտրությունների միջոցով. «Մենք պահանջում ենք համապետական, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Մինչեւ այս հարցը չլուծվի, երկիրը դուրս չի գա ճգնաժամից: Կեղծում են ընտրությունները, մարդկանց բանտ են նետում, հետո ասում են՝ եկեք երկխոսենք: Ոչ, այդպես չի լինում»,- ասել է Ս. Դեմիրճյանն` ավելացնելով, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ լավագույն երկխոսությունը կլինի իրենց պահանջի կատարումը, այն է` արդար եւ ազատ ընտրությունների անցկացումը: Իր ելույթում ՀԺԿ նախագահը խոսել է նաեւ ժողովրդի սոցիալական վատ վիճակի մասին, նշելով, որ դրա հիմնական պատճառը ոչ թե տնտեսական ճգնաժամն է, այլ` մեր իշխանությունների վարած քաղաքականությունը, որը նպաստում է միայն մի խումբ մարդկանց հարստացմանն ու թշվառացնում ժողովրդին: Ս. Դեմիրճյանը ՀԱԿ համակիրներին կոչ է արել չհուսահատվել ու վստահ լինել, որ իրենց պայքարն ավարտվելու է հաղթանակով:

Իր ելույթում անդրադառնալով Հայաստանի դատաիրավական համակարգին, Գագիկ Ջհանգիրյանն էլ ասել է, որ մեր երկրի Դատախազությունն ու դատարանները չեն գործում օրենքի շրջանակում եւ քաղբանտարկյալներին պատանդ են պահում` իրենց իշխանությունը երկարաձգելու համար: «Մեր ընկերներին ներման խնդրագրեր գրելու խորհուրդ տվող պաշտոնյա խելոքները լավ կանեն հայ տղամարդու համար անընդունելի իրենց խրատները պահեն անհայտ սեռի իրենց տեսակի ներկայացուցիչների համար»,- ասել է նա: