Չգրված օրենքների գերակայություն

27/09/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 10-ին «Արարատ ոսկու արդյունահանման
ձեռնարկություն» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակազմը, բացի վարչական
անձնակազմից, գործադուլ էր հայտարարել, ինչի արդյունքում 481 հոգի ազատվել
էին աշխատանքից:

ԱՈԱՁ-ն իր այս քայլը հիմնավորել է՝ վկայակոչելով ՀՀ «Աշխատանքային
օրենսգրքի» 36 հոդվածի 4-րդ կետը՝ առանց հարգելի պատճառի գործալքություն
(մանրամասները` տես «168 ժամ»-ի 19-20-րդ համարներում.):

Ամբողջ մայիս ամիսը անգործ եւ անելանելի դրության մեջ հայտնված 481
աշխատողներին ԱՈԱՁ-ն հունիսին այլընտրանք է առաջարկել. 400 աշխատողներ
կրկին վերադարձել են հանքավայրեր, սակայն, ինչպես տեղեկացնում է Սոթքի
հանքի Արհեստակցական միության նախագահ Արմեն Սահակյանը, բոլորովին այլ
պայմաններով: Նախ` 25 տոկոսով կրճատվել է աշխատավարձը, ապա պայմանագրում
ավելացվել են այլ կետեր, որոնք նախապես չեն եղել: «Աշխատավարձը
ամբողջությամբ կարող են ստանալ այն դեպքում, եթե կատարում են պայմանագրի
բոլոր կետերը, ինչպես, օրինակ, ոսկու մետաղի կամ հանքաքարի պլանի պարտադիր
կատարում, կամ դատարկ ապարների պլանի կատարում. այս կետերը գործադուլից
հետո են ավելացվել պայմանագրերում»,- տեղեկացնում է Ա. Սահակյանը:
Գործազրկության հեռանկարից վախեցած՝ մարդիկ ստիպված համաձայնել են հնդիկ
սեփականատերերի բոլոր պայմաններին: Սակայն 81 հոգի, այնուամենայնիվ,
գործազուրկ է մնացել: Սեպտեմբերի սկզբին հնդիկները աշխատանքի են կանչել
հանքափորների եւս մի խումբ: Աշխատանքի ընդունման ժամանակ ոսկու հանքի
տերերը հատկապես հակված են եղել չընդունել արհեստակցական միության
անդամներին ու գործադուլի ակտիվիստներին: Գործազուրկներից մի քանիսը դիմել
են դատարան՝ աշխատանքում վերականգնվելու պահանջով: Ըստ Ա. Սահակյանի՝
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում գործը հիմնավոր
չի ուսումնասիրվել եւ դատը վճռվել է գործատուի օգտին: Սակայն հայցվորներից
մեկին՝ Հակոբ Կարապետյանին, այնուամենայնիվ, հաջողվել է շահել դատը:
Դատավճռից անցել է արդեն մեկ ամիս, սակայն Հ. Կարապետյանը դեռեւս
վերականգնված չէ: Առաջին ատյանում տանուլ տված գործադուլավորներից
երկուսը՝ Ա. Սահակյանն ու Ն. Շաբոյանը դիմել են նաեւ Վերաքննիչ դատարան:
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Ա. Սահակյանի դատը, դատարանը բավարարել է
նաեւ Ա. Սահակյանի պահանջը: Ն. Շաբոյանի դատը դեռ չի կայացել: Ա.
Սահակյանի հավաստմամբ՝ գրեթե բոլոր գործադուլավորները գտնվում են նույն
պայմաններում, ինչ ինքը, եւ մեծ է հավանականությունը, որ եթե դատարանը
արդար գտնվի, նրանք եւս կշահեն: «Սակայն գործադուլավորների
մեծամասնությունը Առաջին ատյանի դատարանի վճռից հետո ավելի հուսալքվեցին,
միայն երկուսս էինք, որ հույսներս չկորցրինք ու դիմեցինք նաեւ
Վերաքննիչ»,- ասում է Ա. Սահակյանը: Նրա հավաստմամբ՝ գործատուի կողմից
դատարան ներկայացած իրավաբանը (անունը չէր հիշում.) դատական նիստի ավարտից
հետո հայտարարել է, որ ինքն այլեւս հնդիկների հետ գործ չի ունենալու. «Նա
շշմել էր, երբ ուսումնասիրել էր մեր ողջ գործն ու տեղեկացել հնդիկ
գործատուների թույլ տված անօրինականություններին»:

Ինչպես նշեցինք՝ գործադուլավորներն աշխատանքից ազատվել են` «առանց հարգելի
պատճառների գործալքություն» հիմնավորմամբ, սակայն նրանց բոլորի
աշխատանքային գրքույկներում գրված է այլ բան՝ «ազատվում է իր դիմումի
համաձայն»: «Առաջին հայացքից թվում է, թե նրանք մեզ լավություն են արել՝
գրելով ոչ թե «հեռացվել է աշխատանքից», այլ՝ «ազատվում է իր դիմումի
համաձայն», սկզբում մտածեցինք` մեզ լավություն են արել, որ այլ
հիմնարկների դիմելիս խնդիրներ չունենանք, սակայն, իրականում, դրա տակ շատ
մեծ նենգություն կա,- համոզված է Ա. Սահակյանը,- նրանք գիտեն, որ
Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող ոչ մի
լեռնամետալուրգիական գործարանում մենք չենք կարող աշխատանքի ընդունվել,
որովհետեւ այդ հիմնարկների միջեւ՝ իբր իրարից կադր չփախցնելու ներքին
պայմանավորվածություն կա»: Ա. Սահակյանի հավաստմամբ, Սոթքի ոսկու հանքից
հեռացվածներից շատերն են փորձել այլ հանքերում աշխատել, սակայն եւ՛
Ալավերդիում, եւ՛ Թեղուտում, եւ՛ Կապանում ու Քաջարանում նրանց մերժել են:
Նույնիսկ թերթում կարդացած աշխատանքի ընդունման հայտարարության հիման վրա
դիմել են Ագարակի համապատասխան ձեռնարկությանն ու կրկին մերժվել. «Հենց
Ագարակում էլ ծանոթներ կային, տեղեկացրին, որ նման ներքին
պայմանավորվածություն կա, եւ խորհուրդ տվեցին իզուր դեսուդեն չընկնել»: