Երկու տարի՞

24/05/2010

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երեկ հրապարակած դատավճռով` Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվել է ընդամենը 2 տարվա ազատազրկման: Մինչ դատավճռի հրապարակումը դատավորը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել նրա անառակաբարո գործողությունների մասին, եւ ապացուցված է համարել այն, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ աշխատելու ընթացքում Ավագյանը 2006-2008թթ. 16 տարին չլրացած աշակերտուհիների նկատմամբ բռնի անառակաբարո գործողություններ է կատարել: Դատավճռի հրապարակման պահին դահլիճից բացականչել են. «Քիչ է, քեզ քիչ է, անասուն: Բա տնօրե՞նը»: ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում որպես կամավոր աշխատած Մարիամ Սուխուդյանը Tert.am-ին ասել է, որ Ավագյանը շուրջ 20 տարի նույն դպրոցի աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել: «Երեխաներն էին մեզ պատմում այդ մասին, այնինչ դպրոցի տնօրենն ասում էր, թե դա երեխաների վառ երեւակայության արդյունքն է, սերիալ է»,- նշել է Սուխուդյանը: Ըստ նրա` նշված դպրոցի անձնակազմը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկում երեխաներին, հարկադիր աշխատեցնում: Բացի այդ, դպրոցի տնօրենը, ըստ Սուխուդյանի, անօրինականություններով է զբաղվում. «Նորմալ երեխաների փաստաթղթերը կեղծում է, նրանց մտավոր թերզարգացած ներկայացնում եւ պետությունից մեծ գումարներ կորզում»: