«Կռվի ժամանակ Սերժ Սարգսյանն ասում էր՝ տղե՛րք, ինչի՞ կարիք ունեք»,- ասում է հինգ երեխաների հայրը

24/05/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ուղիղ մեկ տարի առաջ Գայանեի հինգ երեխաները մեծ խանդավառությամբ էին ներկայացնում իրենց երազանքներն ու իղձերը: Չարաճճի, արագաշարժ, կյանքով ու ապրելու ցանկությամբ լի երեք տղաներն, իրար հերթ չտալով` պատմում էին, թե ով` ինչ մասնագիտություն է ընտրելու, ու ով` ինչպիսի մարդ է դառնալու: Տղաներից փոքրը` 8-ամյա Արսենը, դեռ մեկ տարի առաջ մեր հանդիպման ժամանակ պատմում էր, որ իր երազանքն է` 15 երեխաներ ունենալը եւ լավ հայր դառնալը: Կյանքում առաջին անգամ ընտանիքի առաջ «սիրտը բացած» ու ոգեւորությունից իր համարձակ երազանքի մասին բարձրաձայնած Արսենն այդ ասելիս արժանացավ եղբայրների հեգնական ծիծաղին: Բայց երբ լավ հայր դառնալու իր պատկերացումները եղբայրներին բացատրեց` վերջիններս ակնածանքով նայեցին իրենցից տարիքով շատ փոքրիկ, բայց` բոլորովին հասուն մտքերով ու երազանքներով լի իրենց եղբորը:

Մեկ տարի անց կրկին հանդիպեցի այս ընտանիքին: Այսօր արդեն` մեր հանդիպումից մեկ տարի անց, այն ժամանակվա կենսուրախ, կյանքի օրինաչափություններից անտեղյակ ու մանկական երազներով ապրող Արսենից մնացել է թախծոտ աչքերով մի փոքրիկ տղա, որին կոտրելու համար մեր իրականությունն իր «չգրված օրենքներով» «հարուստ» մի գանձարան է: Ասում է` «Փոշմանել եմ, 15 երեխա չեմ ունենա: Երկուսը հերիք ա»: «Ինչո՞ւ»,- զարմացած ու մի քիչ էլ ափսոսանքով հարցնում եմ: Պատասխանում է` «Եսիմ, դժվար ա: Մենք հինգն ենք, բայց ծնողներս չեն կարողանում մեզ պահեն: Միշտ ասում են` եթե իմանայինք էսքան դժվար ա լինելուգ»: Եթե իմանային, որ այսքան դժվար է լինելու, հավանաբար լույս աշխարհ չէր գա Արսենը, Վարդուհին, Թագուհին, դրա համար էլ Արսենը սեփական փորձից ելնելով` կանխատեսում է իր ապագա երեխաների հոգեկան դժվարությունները:

Արսենի ավագ եղբայրը` 12-ամյա Գեւորգը, դեռ մեկ տարի առաջ երազում էր սպորտսմեն դառնալու ու հաղթանակի մեդալների արժանանալու մասին: Այսօր արդեն նախընտրում է երազանքների մասին չխոսել, որովհետեւ երազելը համարում է ինքնախաբեություն, հուսահատվում է: Թիվ 52 դպրոցում թաեքվոնդոյի խմբակ հաճախող Գեւորգն այլեւս սպորտսմեն չի դառնա, որովհետեւ ծնողները «կիմանո» կարել տալու համար 13.000 դրամ վճարելու հարցում անզոր են. «Մեր դասարանցի տղաները գիտե՞ք ինչ հաղթանակներ ունեցան: Ամիսը 4000 դրամ վարձ հազիվ էին ծնողներս հասցնում, իսկ կիմանոյի համարգ Ես երազում եմ մեր դասարանցիների նման առաջ գնալու մասին: Ես դուրս մնացի, բայց իրանք պարապում են, առաջ են գնում: Ախր ուժեղ եմ, հետո իրանք ինձնով կհպարտանային»: Ծնողները հետագայում կարող էին հպարտանալ նաեւ Տիգրանով, ով, թեեւ 11 տարեկան է, այդուհանդերձ հարվածային գործիքների վրա ձեռքերով «ռիթմեր» է ստեղծագործում: Տիգրանը երաժշտական, տաղանդավոր երեխա է, ով հնարավորության դեպքում` կարող էր տաղանդը զարգացնել եւ ապագայում հայտնի մարդ դառնալ: Հիմա Տիգրանը նվագում է «ապ ու պապերից» ժառանգություն ստացած հոր «հալ ու մաշ» եղած, կիսակաշեպատ տամ-տամի վրա: Տիգրանն այլեւս չի երազում դհոլի խմբակ հաճախելու մասին, որովհետեւ գալու է մի օր, երբ 25.000-50.000 դրամ արժեցող դհոլ չունենալու պատճառով՝ ստիպված է լինելու Գեւորգի նման դադարեցնել պարապմունքները: Դեռ երկու տարին չբոլորած Թագուհին մեկ տարի առաջ կծկվել էր մոր գրկում ու անթարթ աչքերով հետեւում էր ապագայի հանդեպ լավատեսությամբ լցված եղբայրների շարժուձեւին: Այն ժամանակ այս փոքրիկ աղջկա` կյանքից ոչինչ չհասկացող հայացքը հուշում էր, որ մեր հաջորդ հանդիպմանը նա «կիսատ-պռատ» խոսելու կարողությունը կենտրոնացնելու էր իր երազանքի մասին պատմելու վրա, բայցգ Բայց մեր հաջորդ հանդիպմանը, այսինքն` հիմա, Թագուհու փոխարեն խոսում է մայրը` Մարինեն: Ասում է, որ դեռ երկու տարեկանը չլրացած այս փոքրիկի կյանքը վտանգի տակ է, որովհետեւ բժիշկները սրտի երկկողմանի արատ են հայտնաբերել: Նորքի սրտաբանական հիվանդանոցում հաշվառված Թագուհուն ծանր վիրահատություն է սպասվում:

5 երեխաների ծնողները` Մարինեն ու Ներսեսն, անընդհատ կրկնում են` «Եթե իմանայինք էսքան դժվար կլինիգ», բայց բարեբախտաբար չեն շարունակում, որովհետեւ երեխաները ատամները սեղմած սպասում են այդ արտահայտության շարունակության ամենացավոտ, անավարտ խոսքերին: Ներսեսը զինծառայության ընթացքում 1993-1995թթ. կռվել է Հորադիզում, Ֆիզուլիում, Զանգելանում եւ մասնակցել է թեժ գծերի մարտական գործողություններին: Ներսեսի աչքերի մեջ կռիվը շարունակվում է, բայց արդեն կռվում է ինքն իր, պետության ու մեր երկրի դրվածքի հետ: Ասում է` «Էն ծանր պահերին, մարտական գործողությունների ժամանակ էն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գալիս ասում էր` տղե՛րք, ինչի՞ կարիք ունեք: Լավ հրամանատար էր, հոգատար էր: Էն ժամանակ ոչ մի բանի կարիք չունեինք: Հիմա շատ ունեմ. երեխաներս շատ են խեղճացնում ինձ: Հիմա դիմում եմ արդեն Հայաստանի նախագահ դարձած Ս. Սարգսյանին, ուզում եմ ասել, որ պատերազմից հետո, էս խաղաղ պայմաններում կարիք ունեմ: Որպես բազմազավակ հայր՝ նամակ եմ գրում նախագահին, բայց տեղ չի հասնում: Աբսուրդ ա, չէ՞. կռվի ժամանակ դիակը դիակի հետեւից տալիս ես, կրակահերթի տակ գժված կռվում ես, բայց ոչ մի բանի կարիք չունես: Էն ժամանակ ասում էինք` կարիք չունենք: Հիմա, երբ հողերն ազատագրել ենք, խաղաղության մեջ ապրում ենք, ամեն ինչը թափած ա` ամեն ինչի կարիք ունենք: Ուզում եմ ասել` հիմա կարիք ունենք, բայց հիմա ոչ ոք չի հարցնում` ինչի՞ կարիք ունես»: Այդուհանդերձ, Ներսեսը վստահ է, որ խիստ կարիքի մեջ ապրող իր տղաներից յուրաքանչյուրն էլ, եթե պետք լինի, մասնակցելու են մարտական գործողություններին ու այնքան պինդ են լինելու, որ իր նման` որեւէ բանի կարիք չեն ունենալու: Տղաներից փոքրը` Արսենը, հաճախ ծալապատիկ նստում է հատակին ու երկար մտորումներից հետո մորը, չգիտես՝ ինչո՞ւ, հարցնում է` «Մամա, երբ որ գնամ բանակ, ինձ սպանելո՞ւ են»:

Ներսեսն ու Մարինեն հինգ երեխաների հետ 50.000 դրամով վարձակալած Շենգավիթ համայնքի Շարուրի փողոցի, 24/2 շենքում արդեն երկար տարիներ են ապրում: Ամուսնությունից հետո բնակարան չեն ունեցել եւ մշտապես վարձով են ապրում: Ներկայումս 6 ամսվա չվճարած վարձի համար տանտերը սպառնում է դուրս հրավիրել: Ապրում են շենքի 10-րդ հարկում, որտեղ տանիքից անձրեւաջրերը հոսել ու տան պատերը բորբոսով են պատել: Երեխաները թոքաբորբով պարբերաբար հիվանդանոցում են հայտնվում. «Երբ վատանում են` շտապօգնություն ենք կանչում, ասում են` բա ի՞նչ էիք սպասում, ձեր պատերի վիճակն էս ի՞նչ ա: Էստեղից պիտի անհապաղ դուրս գաք»: Դուրս գալու եւ նոր բնակարան վարձակալելու համար նախ պետք է պարտքերը մարեն: Ներսեսը հացի փռում բանվոր աշխատելուց օրեր առաջ է հրաժարվել, քանի որ երիկամների հիվանդության պատճառով այլեւս ի վիճակի չէ ծանր աշխատանք կատարել: Շրջիկ վաճառական է: Փուչիկներ, մանկական խաղալիքներ է վաճառում մարդաշատ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում: Վաճառքից ստացված «մի քանի կոպեկով» հինգ երեխաների հացն էլ չեն հասցնում, դրա համար էլ հարակից խանութին միայն հաց վերցնելու համար պարտք են 70.000 դրամ: 45.000 դրամ ընտանեկան նպաստով հաճախ չեն կողմնորոշվում` կոմունալ ծախսե՞րը հոգալ, բնակարանի վա՞րձը տալ, դպրոցականների իրե՞րը գնել (այս ընտանիքին հագուստով մշտապես օգնում է «Օրրան» կենտրոնը), թե՞ երեխաներին կերակրել: Երբ չեն կողմնորոշվում` քաղցած երեխաներին ստիպում են քնել: Երբ հինգից մեկը քաղցից չի կարողանում քնել` ուղարկում են Գավառ` Ներսեսի հայրական տուն: Այդ ճանապարհով, արդեն քանի օր է, ապահովագրել են Վարդուհուն: Ներսեսն ու Մարինեն երկար պատմում են իրենց դժվարություններից, պատմում են հինգ երեխա ունենալու մասին իրենց պատկերացումներից ու հիասթափություններից: Հետո խնդրում են ուղղություն ցույց տալ աջակցություն խնդրելու համար մեկին դիմելու հարցում:

Անխոս հեռանում եմ` մեկ տարվա ընթացքում այսքան կոտրված ու հոգնած երեխաների խոսքերից ահավոր դատարկված: Հինգ երեխաների երազանքների ցուցակն այլեւս գոյություն չունի, որովհետեւ այդ երազանքները հատիկ-հատիկ նրանք ինքնուրույն ջնջել են: Եվ դա արել են հուսահատությունից եւ իրականության դառնությունը ճաշակելուց հետո: Ափսոս էր երազանքների ցուցակը, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրի կատարումից հետո մեր երկրում մի պիտանի մարդ, օրինակելի քաղաքացի էր կայանալու. Տիգրանը երաժիշտ էր դառնալու, Գեւորգը` սպորտսմեն, Արսենը` 15 երեխա էր ունենալու, իսկ Թագուհինգ ուղղակի ապրելու էր: