«Աշխարհի լեզվական սենատի 15 պատվավոր անդամներից մեկն ենք»

24/05/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաները պետական գերակա ճյուղ հռչակած եւ հիմնական կապիտալը մարդկային ռեսուրսը համարող Հայաստանի Հանրապետությունը կարծես լրիվ անտրամաբանական քայլեր է անում։ Անտեսելով կրթության որակն ու նորագույն տեխնոլոգիաների զանգվածային կիրառումը (համացանցային տարածքը մայրենի լեզվով հասու դարձնելը)՝ մենք կենտրոնացել ենք օտարալեզու դպրոցների ստեղծման վրա։ Հասկանալի է, որ օտար լեզվով ուսուցումը բնավ էլ չի բարձրացնի մեր դպրոցների ու մեր երեխաների որակը։ Կրթական նորագույն մշակումների ու մայրենի լեզվի չբացահայտված ներուժի մասին մենք զրուցեցինք «Էլեկտրոնային բովանդակություն» ասոցիացիայի ղեկավար Գարեգին Չուքասզյանի հետ, ով վստահ է, որ օտարալեզու դպրոցների հիմնումը բնավ էլ չի բխում հասարակական պահանջից ու չի կարող ծառայել պետական շահերին։

– Միանշանակ է, որ դա թելադրված օրակարգ է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ օտարալեզու կրթության թեման մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության մեջ. մարդիկ տարբեր տեսանկյուններից բացատրում են նման որոշման վտանգը։

– Իսկ վտանգը մե՞ծ է։

– Վտանգն ուղղակի ահռելի է, մոտ ժամանակներս մենք շախմատի լեզվով ասած՝ մատային վիճակում ենք հայտնվելու։ Եվ մատն անելու է իրենից ոչինչ չներկայացնող ֆիգուրը՝ «պեշկան»։ Եվ քանի որ մատի վտանգը ակնհայտ է, բնավ էլ նշանակություն չունի խաղաքարի արժեքը, կարեւորը նրա հարվածի ուղղությունն է։ Հիմա հարվածի նշանակետը մեր «թագավորն» է, այսինքն՝ մեր ինքնության հոգեւոր միջուկը։ 1500 տարի մենք ոգեղեն ու ինտելեկտուալ «միջուկային» դաշտ ենք ստեղծել, եւ հիմա այդ դաշտն անպաշտպան ենք դարձնում։ Այդ գործողությունը կարելի է քննարկել միայն որպես թշնամական, հակառակ դեպքում նրա քննարկումն իսկ դառնում է թշնամականի լեգիտիմացում։

– Օտարալեզու դպրոցները առիթ են՝ մեր կրթության ու հատկապես ցածր մակարդակի գլորված դպրոցի մասին խոսել։ Ինչո՞ւ ենք շարունակում դասավանդվել այնպիսի ծրագրերով ու դասագրքերով, որոնք, թերեւս, մեկ դարով ետ են գցում ուսումնական պրոցեսը։

– Վերջին տարիներին համաշխարհային կրթական համակարգը հսկայական փոփոխությունների է ենթարկվում։ Այն անընդհատ որոնումների մեջ է։ Դարեր առաջ համակարգային հեղաշրջում արեց գիրքը, հիմա նույնը անում են բարձր տեխնոլոգիաները։ Վերածննդի դարաշրջանում տպագիր գրքի հայտնվելը հանգեցրեց տիրաժավորվող դասագրքի գաղափարին, եւ եզակի ձեռագիր օրինակների վրա հենված վանական ուսումը վերածվեց զանգվածային դպրոցների համակարգի` եւ հենց այդ ժամանակներից սկսած մենք՝ հայերս, չունենալով պետականություն ու դիմադրելով կայսրությունների ճնշմանը, միայն Մխիթարյան միաբանության եւ այլ նվիրյալների շնորհիվ կարողացանք կրթական համակարգի ամբողջական բարեշրջում ապահովել։ Իսկ հիմա 21-րդ դարում նոր անցում է կատարվում, ձեւավորվում է էլեկտրոնային միջավայր, որը ավանդական կրթության մասին ունեցած պատկերացումներն ուղղակի պայթեցնում է։ Աշխարհը որոնումների մեջ է, իսկ մենք բնավ էլ այդ որոնումներից անմասն չենք։

– Սակայն փաստը մնում է փաստ. մեր դպրոցը վատն է։

– Պետք է հասկանանք, որ կրթական համակարգի ճգնաժամային վիճակը միայն Հայաստանին հատուկ չէ, ամենուրեք նման խնդիրներ կան։ Օտար դպրոցները նույնպես բազմաթիվ խնդիրներ ունեն եւ փորձում են նոր իմաստ ձեռք բերել։ Եվ ո՞վ ասաց, որ օտար դպրոցի այն մոդելը, որը բերելու ենք, արդեն փորձարկված ու գտնված է։ Անցյալում մենք միշտ կարողացել ենք լուծել մեր խնդիրները, ինչո՞ւ հիմա չենք կարող։ Իհարկե, պետք է սովորել աշխարհից ու փոխանակման համակարգ ձեւավորել, բայց ինքնության միջուկը անմիտ բացել չի կարելի։ Չմոռանանք, որ Մխիթարյանների դպրոցի մոդելը շատ հաջող տեղափոխվեց առաքելական միջավայր՝ Գեւորգյան ճեմարանի տեսքով։ Իսկ դրանից առաջ էլ՝ Ներսիսյան ճեմարանի։ Նման փորձ մենք ունեցել ենք։ Մենք բնավ էլ անցյալի ժողովուրդ չենք եւ նորագույն օրինակելի դպրոց ստեղծելու համար ներուժ ու գիտելիքներ ունենք։ Ես հատուկ եմ շեշտում օրինակելի դպրոցի գաղափարը, քանի որ էլիտար դպրոցը բոլորովին այլ բան է։ Երկիրը պետք է սոցիալական «լիֆտի» հնարավորություն ստեղծի ու լավագույններին գերազանց ուսում տա։ Որբ Կոմիտասն, օրինակ, կարողացավ օրինակելի դպրոցում սովորել ու Եվրոպա մեկնել հենց նման «լիֆտի» շնորհիվ։ Այդ շրջանառությունն ուղղակի անհրաժեշտ է պետության համար, քանի որ այդ ճանապարհով են ի հայտ գալիս ազգի դեմքը հանդիսացող անձերը։ Երբ միջուկ, այսինքն՝ դաստիարակված ոգի կա, շրջանառությունը օգնում է հղկել բոլորի գիտելիքները։ Կոմիտասը Գերմանիա էր մեկնել՝ ձեւավորված միջուկն իր հետ տանելով։ Իսկ մենք հիմա ուզում ենք, որ մեզ օտարները դաստիարակեն՝ մոռանալով, որ մենք այս գլոբալ հոգեւոր տարածքում արդեն իսկ մեր հստակ հասցեներն ունենք։ Այո, մեր այսօրվա դպրոցը վատն է, բայց ոչ թե այն պատճառով, որ այն հայկական է, այլ՝ որովհետեւ այն բավարար չափով հայկական չէ ու մեզ հասած ժառանգության տերը չի։ Սոցիալական համակարգ փոխելով ու անցնելով շուկայական տնտեսությանը՝ պետք է ընդունենք, որ հիմա աշխարհում թվանշայնացման հեղափոխություն է տեղի ունենում։ Եվ դպրոցը չի կարող շրջանցել այդ պրոցեսը։ Իսկ մենք այդ լրջագույն հարցերը մի կողմ դրած՝ խոսում ենք օտար լեզվով կրթություն ստանալու մասին։ Ի՞նչ է, մեր դպրոցներում հայերեն լեզուն պետք է «տնվոր» լինի՞։ Տարիների կուտակում կա, որը օգտագործելով՝ մենք եզակի երկիր կառուցելու հնարավորություն ունենք։

– Ասում են, որ հայերենով դասագրքեր, ձեռնարկներ չկան։

– Եթե սպասում ենք, որ մեր լեզվական համակարգը խիտ սաղարթ ունենա, չպիտի մոռանանք ջրել, խնամել ու գուրգուրել ծառի արմատը։ Չէ՞ որ ծառը միայն վեր չի աճում, այլեւ՝ արմատների ցանցն է ճյուղավորում ու ամրապնդում։ Գրաբարը մեր ազգի հիմքն է, եթե կուզեք՝ ազգի արմատը։ Գրաբարի մեջ է մեր լեզվի կենսունակությունը։ Նաեւ՝ մրցունակությունը։ Օրինակելի դպրոցներում մենք պետք է գրաբար դասավանդենք ճիշտ այնպես, ինչպես եվրոպական օրինակելի դպրոցներն են լատիներեն դասավանդում, քանի որ հասկանում են, որ լատիներենի իմացությունից անգլերենն ու ֆրանսերենը միայն շահում են։ Այդպես է ազգի սերուցքը կրթվում։ Մենք հնդեվրոպական եզակի լեզու ունեցող ժողովուրդ ենք, գրաբարը թույլ է տալիս ստուգաբանել աշխարհի ամենազորեղ լեզուների կառուցվածքը։ Աշխարհը ուզում է մեր լեզուն սովորել՝ ինքն իրեն ավելի լավ հասկանալու համար, իսկ մենք մեր լեզուն կողքի ենք դնում ու ասում, որ այն սպառվել է։ Դա գավառական եւ պարտվողական մտածողություն է, որը դրդում է ընդամենը «cut and past» անել ուրիշի արածը։ Երբ ստեղծվում էր Իսրայել պետությունը, առաջին քայլը, որ արվեց, լեզվի միջուկի վերականգնումն էր։ Հրեաները կարողացան չեղած տեղից լեզու վերականգնել։ Իսկ մենք հիմա հայտարարում ենք՝ վերջ, այլեւս աշխարհին տալու ոչ մի բան չունենք։ Կամ էլ ասում ենք, որ մտածում ենք Սփյուռքի մասին։ Եթե այդպես է, ուրեմն գոնե մի քանի արեւմտահայերեն ուսուցմամբ դպրոցներ պիտի բացենք։ Այդ քայլով մենք միանգամից կկարգավորենք Հայաստան-Սփյուռք խարխլված հարաբերությունները։ Եվ ցույց կտանք, որ քաղաքական պահանջատեր ենք։ ՄԱԿ-ը արեւմտահայերենը գրանցել է մեռնող լեզուների ցուցակում, իսկ Հայաստանը ոչ մի քայլ չի անում՝ իր լեզվին տեր կանգնելու, նրա կյանքին շարունակություն տալու համար։ Ֆինանսական տեսանկյունից եթե խոսենք, ապա հենց արեւմտահայերեն դպրոցը կարող է ներդրումներ ապահովել։ Փողը ուղղակի կհոսի Հայաստան, քանի որ դա պետք է օտարության մեջ ապրող մեր հայրենակիցներին, որոնց համար կարելի է բազմալեզու «ինտերֆեյսներ» ստեղծել։ Ընդունենք, որ լավագույն ներդրումը զանգվածային ներդրումն է։

– Արդյոք այդ դպրոցները մրցունա՞կ կլինեն։

– Կարող եմ Ուրուգվայի օրինակը բերել, որն, ի դեպ, նույն տնտեսական մակարդակն ու գրեթե նույն խնդիրներն ունի, ինչ մենք։ 18 ամսում այդ պետությունն իր բոլոր դպրոցականներին բաժանեց «լափ թոփ»-ներ, որոնց մեջ ներառված էին նորագույն մանկավարժական ծրագրերը՝ ազգային լեզվով։ Հայաստանը այդ քայլը կարող էր անել շատ ավելի վաղ, քան ուրուգվայցիները։ Լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ամեն կերպ աջակցում էր այդ ծրագրին, սակայն նրա մահից հետո այն կրկին ձգձգման փուլում հայտնվեց։ Հիմա հայտնի դարձավ, որ արդեն Վրաստանն է նույնը անում ու բոլոր երեխաներին ուսումնական ծրագրերով հագեցած համակարգիչներ է տրամադրում։ Բայց կարո՞ղ էինք մենք առաջինը լինել։ Մանավանդ, որ գործարար Էռնեկյանը առաջարկում էր այդ ծրագրի համար անհրաժեշտ գումարի մեծ մասը տալ։ Եվ եթե մրցունակությունից ենք խոսում, ինչո՞ւ չենք արձագանքել այդ ծրագրին։

– Իսկապես՝ ինչո՞ւ։ Այդ ծրագրի մասին հայտարարվե՞լ է։

– Եվ Կրթության նախարարը, եւ վարչապետը տեղյակ են այդ մասին, բայց որոշեցին ոչինչ չանել։ Այն հարցերում, որոնք արագ արձագանքում են պահանջում, մենք տարիներով մտածում ենք, իսկ այն հարցերում, որոնք լրջագույն քննարկման փուլ պիտի անցնեն, միանգամից որոշումներ ենք կայացնում։ 2 տարի շարունակ տարբեր մասնագետներ մասնակցել են կրթության ռազմավարություն ծրագրի մշակմանը։ Ահռելի նյութ է ստեղծվել, որը պարզապես դրվել է դարակի մեջ ու մոռացվել է։

Մինչդեռ Հայաստանում համաշխարհային որակի բազմաթիվ կրթական մշակումներ կան, որոնք երեխաներին սովորեցնում են համակարգչային միջավայրին ընտելանալ։ 20 տարի շարունակ հայաստանյան մասնագետները՝ թաքստոցի մեջ մտած, մշակել են տարբեր ծրագրեր՝ հնարավորություն ստեղծելով բարձր տեխնոլոգիաները օգտագործել ուսումնական պրոցեսում։ Օրինակ, «Windows»-ի համար անգլո-հայերեն բառարաններ են ստեղծվել, որոնք ինքնաշխատ՝ ավտոմատ թարգմանություններ են իրականացրել եւ հնչեցրել են այդ տեքստերը հայերեն լեզվով։ Կրթության պատասխանատուներ, բարի եղեք տեղեկանալ, թե ի՞նչ է կատարվում ձեր ոլորտում եւ ինչպիսի՞ քայլեր են արվել, այլ ոչ թե հանդես եկեք հեղափոխական անմիտ գաղափարով։

– Հայտարարվում է, որ օտարալեզու դպրոցները ընդամենը 1-2% են կազմելու, եւ ըստ ԿԳՆ նախարարի՝ այդպես են վարվում եվրոպական պետությունները։

– Եվրոպայում նման բան գոյություն չունի։ Անգամ Հոլանդիայում, որը ամենալիբերալ երկիրն է, Հոլանդիայի քաղաքացին իրավունք չունի օտարալեզու միջնակարգ դպրոցում սովորել (դա միայն օտար քաղաքացիների համար է)։ Էլ չասած այլ երկրների մասին։ 1-2% պետք է կազմեն հենց օրինակելի դպրոցները, որտեղ մշակվող մեթոդիկաները հետագայում պետք է տարածում ստանան բոլոր դպրոցներում։ Երեխաների հավասարության մասին խոսելն անհեթեթություն է, քանի որ օրինակելի դպրոցներ պետք է հաճախեն տաղանդավոր երեխաները։ Կրթության ոլորտում պետք է պետական կառավարում լինի։ Հո չի՞ կարելի ասել՝ ընտրեք ձեր լեզուն կամ էլ այն երկիրը, որի բանակում ուզում եք ծառայել։ Դա նման է այն կամայական որոշմանը, որով ոմանք (անտեսելով հանրապետության սահմանադրությունը) ասում են՝ այսուհետ հոգեւոր «սահմանի» 1-2%-ը բաց եմ թողնում կամ էլ օտար երկրին եմ հանձնում։ Եթե բացում ես սահմանը, ուրեմն այլեւս սուվերեն չես, ձեռքերդ վեր ես բարձրացնում ու ասում՝ ես չկամ։ Այդպես վարվեցին ասորիները, որոնք հզոր կայսրություն լինելով՝ ձեռքերը վեր բարձրացրեցին։ Եվ մինչեւ հիմա ողբում են։ Նրանք չունեցան այն «ոսկեդարը», որը մենք ունեցանք 5-րդ դարում, ու որը դարեր շարունակ պահպանեց մեզ՝ նույնիսկ այն տարիներին, երբ պետականություն չունեինք։ Հիմա պետականություն ունենալով՝ մենք բացում ենք մեր հոգեւոր տարածքը։ Ո՞ւմ է պետք այն Հայկական աշխարհը, որի միջուկը հայկական չէ։ Ի՞նչ է, հիմա ավելի վատ վիճակում ենք, քան 1915-ին թվի՞ն, որ ուզում ենք այդքան անմտորեն կոտրել մեր ինքնության ողնաշարը։ Եթե երեխայի մեջ կոտրվի վստահությունն իր մայրենի լեզվի նկատմամբ, դա կարող է սարսափելի հետեւանքներ ունենալ։ Նման բան պետք է ցանկանա թշնամիդ։ Անկեղծ ասած, ես լուրջ մտավախություն ունեմ, որ այս թեման առաջ է քաշվել մեր հասարակության մեջ հերթական բաժանարար գծերը գծելու համար։ Նույնը եղավ հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ժամանակ, երբ լրջորեն խզվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Հիմա մեր երկրի ներսում են խզումներ տեղի ունենում, քանի որ արհեստականորեն հրահրվում են արդեն մոռացված հայ-ռուսական դպրոցների հակասությունները։ Միասնական դպրոց ունենալու անհրաժեշտությունն արդեն գիտակցված էր, սակայն այդ «թեման» կրկին վերակենդանացնում են։

– Իսկ ինտերնետում հնարավո՞ր է ստեղծել հայերեն լեզվով բավարար ինֆորմացիայի հոսք։ Հիմա շատ տեքստեր պարզապես հասու չեն հայերենով։ Դրա պատճառով եւ՛ կրթությունն է կաղում, եւ՛ հայերենը։

– Մեր դարում ազգի քանակը ոչ մի նշանակություն չունի։ Էստոնացիներն, օրինակ, որոնք 1 մլն էլ չեն կազմում, հասել են նրան, որ ցանկացած ինտերնետային էջ կարող են էստոներեն կարդալ։ Ու նաեւ էլեկտրոնային ամբարտակներ են կառուցել, որպեսզի ինֆորմացիայի հեղեղը «չխեղդի»։ Իսկ ընդամենը 300 հազար բնակչություն ունեցող Իսլանդիան նույնիսկ իր «Windows»-ն է իսլանդերեն դարձրել։ Լեզվի կիրառման ու աճի համար դա անհրաժեշտ է։ Մեզ մոտ էլ արդեն վաղուց թարգմանիչ խմբեր են աշխատում։ Հիմա, օրինակ, հայերենով կարելի է «BBC»-ի էջը կարդալ։ Իհարկե, թարգմանությունն անթերի չէ, բայց դա ինտերակտիվ պրոցես է, որը գնալով լավանալու է։ Ինքնաշխատ թարգմանիչներ ունենալու համար ընդամենը կամք է հարկավոր։ Իսկ մասնագետներ մենք ունենք։ Հարկավոր է միայն էլեկտրոնային բովանդակության վրա աշխատել։ Վերջապես եկեք չմոռանանք, որ աշխարհում ընդամենը 15 գործող այբուբեններ կան, որոնք կազմում են լեզվական համաշխարհային սենատը։ Եվ մենք այդ սենատի պատվավոր անդամներից մեկն ենք։ Եվ հիմա, երբ այդ 15 այբուբեններին ինտերնետային հասցե գրելու խիստ պատվավոր հնարավորություն է տրվում, մենք կարող ենք պահանջել (ինչպես արել են կիրիլիցան (կյուրղյանն) ու արաբերենը), որ «www» տառերից հետո մեր այբուբենով հասցե գրվի։

– Եթե կարելի է այդպես ասել՝ մեզ դա «հասնո՞ւմ» է։

– Մեզ շատ բան է «հասնում»։ Որպես եվրոպական երկրների փոքրամասնության լեզու՝ մենք կարող ենք շատ բան պահանջել։ Կիպրոսում հայերենը պաշտոնապես համարվում է փոքրամասնության լեզու, ինչը ենթադրում է, որ հայերենը նաեւ եվրոհամայնքի փոքրամասնության լեզուն է ու կարող է բազմաթիվ արտոնություններից օգտվել։ Բայց այդ հարցով հարկավոր է լրջորեն զբաղվել։ Եվ Հայաստանի Կրթության նախարարությունն էլ պետք է ընդունի, որ հզոր ռեսուրսներ կան, որոնք չեն օգտագործվում։ Փողի պակաս մենք չունենք, մենք խելքի պակաս ունենք։ Հայաստանը Համաշխարհային բանկից 30 մլն դոլարի վարկ է ստացել էլեկտրոնային հասարակություն ստեղծելու համար։ Եվ անգամ մեկ ցենտ չի ծախսում սեփական էլեկտրոնային բովանդակություն ստեղծելու համար։ Որն առաջին հերթին պետք է կրթական լինի։