Բոիժիչ նամակներ

24/05/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Դանդուռը (պորտուլակ) ժողովրդական բժշկության մեջ

Դանդուռի հայրենիքը Հնդկաստանն է, որտեղ այն աճում է վայրի ձեւով ու օգտագործվում է սննդի մեջ արդեն 1000 տարուց ավելի: Որպես դաշտային մոլախոտ, այն կարելի է հանդիպել կենտրոնական Եվրոպայի տաք երկրներում ու Հարավային Ամերիկայում: Հիպոկրատի ժամանակներում դանդուռն օգտագործել են թունավոր օձերի կծելուց առաջացած վերքերը բուժելու եւ ընդհանրապես վերքեր բուժելու համար: Ղազախստանում այն համարվում է հայտնի դեղաբույս. Կովկասյան հատվածում այն օգտագործվում է մեղվի խայթոցի դեպքում ու դիզենտերիայի բուժման համար: Դանդուռի վերգետնյա հատվածը պարունակում է սպիտակուցներ, շաքար, տարբեր մակրոէլեմենտներ` կալցիում, մագնեզիում, նատրիում, կալիում, օրգանական թթուներ, ալկալոիդներ, սապոնիններ, գլիկոզիդներ, նորադրենալին եւ շատ վիտամիններ: Դանդուռի տերեւները պարունակում են մոտ 300 գ վիտամին C, կարոտին, օրգանական թթուներ, հանքային աղեր: Բուժական նպատակներով օգտագործվում են դանդուռի սերմերը, ցողունները, տերեւներն ու ծաղիկները: Գիտական բժշկության մեջ դանդուռի սերմերն ու ամբողջ բույսը օգտագործվում է որպես գլիստ տեսակի ճիճուների դեմ պայքարող միջոց: Դանդուռը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դրա թարմ հյութն ու ջրաթուրմն ընդունում են աչքի հիվանդության ժամանակ, որպես միզամուղ այն օգտագործվում է լյարդի ու երիկամների հիվանդության համար: Այս բույսը շատ հայտնի է դարձել հատկապես Կալիֆոռնիայի 1849թ. ոսկե տենդի ժամանակ, երբ թվով 10.000 ոսկի փնտրողների մոտ առաջացավ ցինգա: Այն ժամանակ մահից փրկվել հաջողվեց միայն նրանց, ովքեր իրենց սննդի մեջ սկսեցին օգտագործել դանդուռ: Այստեղից էլ այն ստացավ իր երկրորդ անվանումը` հանքափորի աղցան: Բացի միզամուղ հատկություններից, այն ունի նաեւ հակաբորբոքային նշանակություն: Եթե դանդուռը մի քիչ խաշեք, ավելացնեք քացախ ու մի քիչ էլ սխտոր, կստացվի շատ համեղ աղցան, որը կարելի է մատուցել մսային կերակրատեսակների հետ` 300գ դանդուռ, 20գ քացախ եւ 5գ սխտոր: Ժողովրդական բժշկության մեջ դանդուռն օգտագործում են մի շարք հիվանդություններ բուժելու համար: Օրինակ` այն շատ լավ է գորտնուկներին ու կոշտուկներին: Դրա համար անհրաժեշտ է մանրացնել դանդուռի տերեւները, դարձնել խյուսանման զանգված, ապա դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա ու ֆիքսել: Կարելի է նաեւ թանզիֆի կտորը թրջել դանդուռի հյութով ու դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա: Դանդուռն օգտակար է նաեւ ստամոքսի բարձր թթվայնության ու գաստրիտի դեպքում։ Դրա համար պետք է դանդուռի 1 գդալ չոր տերեւների վրա լցնել 1 բաժակ եռջուր ու մարմանդ կրակի վրա եռացնել 15 րոպե, հետո քամել եւ ընդունել 2-3 ճաշի գդալ` օրվա մեջ 3 անգամ, ուտելուց հետո:

Ի դեպ, սրանով կարելի է նաեւ բուժել թութքը: Պետք է քամել դանդուռի 2 ճաշի գդալ հյութ, հետո այն բացել մի քանի ճաշի գդալ գոլ ջրով ու հոգնա անել` օրը 2 անգամ: Կուրսը պետք է շարունակել 2 շաբաթ: Թույլ արտահայտված շաքարային դիաբետի դեպքում եւս դանդուռը կարող է օգնել: Կարելի է եփել թեյի նման` 2 ճաշի գդալ մանրացրած դանդուռի վրա լցնել 1,5 բաժակ եռջուր, թրմել եւ ընդունել: Կարելի է օրվա մեջ օգտագործել 50-100գ դանդուռի աղցան:

Օգտակար խորհուրդներ

– Կիտրոնի մի քանի կաթիլով կարելի է սփռոցից անցկացնել թեյի, սուրճի, թանաքի ու ժանգի հետքերը: Կիտրոնով նաեւ կարելի է մաքրել սոխի, սխտորի ու ձկան հոտը ձեռքերից:

– Մեղվի կամ այլ միջատների խայթած տեղի վրա հարկավոր է սոխի հյութ կամ տոմատի մածուկ քսել: Ցավը շատ արագ մեղմանում է, իսկ այտուցը` իջնում: Սոխի հյութը շատ օգտակար է նաեւ քթի արյունահոսության դեպքում: Բավական է հոտ քաշել սոխից կամ սոխի հյութը մի փոքր կաթեցնել քթի մեջ: