Թուրքիայի խորհրդարանի «Բարեկամություն» խմբակցության նախագահ, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն նախօրեին Վաշինգտոնում հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է որոշ ժամանակ լռություն պահպանել եւ ուսումնասիրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր առաջարկը։ «Սեղանին դրվել է նոր առաջարկ, ես չեմ կարող մանրամասնել, բայց կարող եմ ասել, որ դա հրաշալի առաջարկ է հայ-թուրքական հարաբերությունների համար, եւ հիմա Հայաստանից է կախված այն ընդունել կամ մերժելը: Կողմերը շատ մոտ են հարաբերությունների բարելավմանը, եւ ես անձամբ սատարում եմ այդ գաղափարին»,- ասել է Քընըքլըօղլուն` ավելացնելով, թե բարելավումը տեղի կունենա թուրք եւ հայ ժողովուրդների քաղաքական կամքով: