«Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի որոշ դրույթներ հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը»,- երեկ նման հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արձագանքելով նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին, որով, մասնավորապես, կոչ է արվում «հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից»: «Զեկույցի մեջ պարունակվող` Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ո՛չ Մադրիդյան սկզբունքներին, ո՛չ Աքվիլայի հայտարարությանը, ո՛չ Մոսկվայի հռչակագրին, ինչի մասին հիշատակվում է հենց այդ զեկույցի մեջ,- ասել է Նալբանդյանը` ավելացնելով,- Ակնհայտ խառնաշփոթ է ձեւակերպումների, եւ կարծում եմ` պատճառներից մեկը նա է, որ զեկույցը գրողը երբեւէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում` այս զեկույցը գրելիս, եւ չի խորհրդակցել անգամ Եվրամիության անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, եւ դրա պատճառով է, որ որոշ դրույթներ հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է»: Իսկ Եվրամիության դիրքորոշումը, ըստ նրա, «2009 թվականի դեկտեմբերին Աթենքում բավական ընդարձակ հայտարարության մեջ արտահայտվեց, եւ այդ դիրքորոշումը լիովին համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը»: Անդրադառնալով Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահի` ԱՄՆ-ում արած այն հայտարարությանը, թե այժմ Հայաստան-Թուրքիա բանակցային սեղանին դրված է նոր փաստաթուղթ, որի ընդունումը կախված է Հայաստանից, Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե դա իրականությանը չի համապատասխանում: «Դա բացարձակ սուտ է, եւ ստերը մեկնաբանելու կարիք չունեն»: Նա բացարձակ սուտ է որակել նաեւ այն տեղեկությունները, թե այժմ քննարկվում է հայկական զինված ուժերը Ղարաբաղը շրջապատող երկու տարածքներից` Ֆիզուլիից եւ Քելբաջարից դուրս բերելու հարցը: