Եվրոպական խորհրդարանի` մայիսի 20-ին Հարավային Կովկասի մասին ընդունած թիվ 2216 բանաձեւը երեկ դարձել էր Հայաստանի քաղաքական ուժերի հիմնական քննարկման առարկան:
Այդ բանաձեւում մասնավորապես նշված էր, որ Եվրոպական խորհրդարանը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը: «Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները: ԼՂ-ին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել մինչեւ վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»,- նշված է բանաձեւում:
Սա միջազգային կառույցներում ընդունված Հայաստանի ու Ղարաբաղի մասին առաջին վատ բանաձեւը չէ: Նման բանաձեւեր են ընդունվել ՄԱԿ-ում, Եվրախորհրդում եւ այլն: Հիշեցնենք թեկուզ 2005թ. ԵԽ ԽՎ ընդունած 1416 բանաձեւը, որի արդյունքում ստեղծվեց ԼՂՀ հարցով տխրահռչակ ենթահանձնաժողովը, եւ որը հիմա ԵԽ ԽՎ թուրք նախագահ Մովլութ Չավուշօղլին ուզում է վերականգնել: Սակայն հասկանալի է, որ Եվրախորհրդարանի` Եվրոպական Միության բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից ընդունված նման կոշտ բանաձեւը չի կարելի դասել հերթականների շարքին։
Իհարկե, Հայաստանի իշխանական ուժերը երեկ մխիթարվում էին, թե Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի նման փաստաթղթերը ընդամենն ունեն խորհրդատվական բնույթ, չունեն իրավական ուժ եւ Հայաստանի նկատմամբ որեւէ պարտադրանք չեն ենթադրում: Նրանք բանաձեւի մասին մեկնաբանություններ տալու փոխարեն՝ անդրադառնում էին միայն այդ փաստաթղթի բուլղարացի հեղինակ Եվգենի Կիրիլովին: Եվ հերոսաբար «մերկացնում էին» բուլղար պատվիրակի անձը, թե նա ադրբեջանաթուրքական լոբբինգն է իրականացնում եվրոպական կառույցներում: Եվ այդպես, Ե.Կիրիլովին նախ «մերկացրեց» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ապա ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ի դեպ, վերջինս նաեւ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է եւ խորհրդարանական ուժերից հենց նրան էր ուղղված այդ բանաձեւի ընդունման մեղադրանքը: Նա նախ հանգամանորեն ծանոթացրեց Ե.Կիրիլովի անձի հետ, ասաց, որ նա «Ադրբեջանի բարեկամներ» խմբի նախաձեռնող նախագահն է եղել եւ սնվել է ադրբեջանական լոբբիի կողմից: Իսկ ընդդիմադիր ուժերը ՀՀ իշխանություններին մեղադրում են պասիվության եւ անգործության մեջ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ է եւ այդ հանձնաժողովին մեղադրում է անգործության համար: Իսկ ինչո՞ւ Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովը չի փորձել դիմակայել այս բանաձեւի ընդունմանը, կամ գոնե մեղմել այդ սուր կետերը: Ն.Զոհրաբյանն ասաց, թե հանձնաժողովի նախկին նախագահ Ավետ Ադոնցի` ԵՄ-ում ՀՀ-ի դեսպան դառնալուց հետո բավականին երկար ժամանակ այդ հանձնաժողովը չի ձեւավորվել: Այն ձեւավորվել է ընդամենը 1,5 ամիս առաջ եւ չի հասցրել անգամ մեկ աշխատանքային նիստ գումարել: Բացի այդ, Ն.Զոհրաբյանի ասելով՝ իր ղեկավարած պատվիրակությունը տվյալ բանաձեւի հետ բացարձակապես կապ չունի եւ ոչինչ անել չէր կարող: Նրա խոսքերով՝ պատվիրակությունն աշխատում է Եվրահանձնաժողովի հետ, եւ կապ չունի եվոպական խորհրդարանի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս Ադրբեջանին հաջողվեց նման բանաձեւ «անցկացնել», չէ՞ որ այդ երկիրն էլ Հայաստանի նման ԵՄ անդամ չէ, եւ նրա խորհրդարանական պատվիրակությունն էլ նույն կարգավիճակն ունի: Ինչո՞ւ Հայաստանն էլ այդ նույն լոբբիստական գործունեությունը չի ծավալում: Ն.Զոհրաբյանը նախ ասաց, թե ՀՀ-ն քարոզչական ճակատում խնդիրներ ունի, եւ ավելացրեց. «Պետք է լինի համակարգված աշխատանք միջազգային կառույցներում մեր ներկայացուցչությունների եւ այդ կառույցների հետ: Այդ մասին խոսվել է նաեւ մեր դեսպանների հետ»:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ նկատեց, թե Եվրախորհրդարանն այս բանաձեւով փորձ է անում մեծացնել Եվրամիության ներկայացուցիչ պետության` Ֆրանսիայի մասնակցության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում, դրան տալով Եվրամիության մանդատ: «Սա նորություն է եւ սրանով պետք է արձանագրել, որ Ֆրանսիայի համանախագահը այսուհետ եթե ստանա Եվրահանձնաժողովից այդպիսի մանդատ, նա հաշվետու է լինելու ոչ միայն իր երկրի կառավարությանը, այլ նաեւ ԵՄ բոլոր երկրների բոլոր արտգործնախարարներին եւ Եվրահանձնաժողովին»,- ասաց Ա.Սաֆարյանը:
Այդ հանձնաժողովի անդամ է նաեւ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով ընդամենը կրկնեց Հ.Բիշարյանի խոսքը: «Ճիշտ նշեց Հ.Բիշարյանը, սուտ ակնհայտ կեղծ տվյալները քննարկման առարկա չպետք է դառնան»,- ասաց նա եւ իր խոսքում ընդհանրապես չհիշատակեց, որ ինքն այդ պատվիրակության անդամ է: Իհարկե, լրագրողները պատգամավորին հիշեցրին այդ մասին: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս բանաձեւի առիթով «ակամայից» վերհիշեց բոլոր այն հնարավոր զարգացումները, ինչի մասին զգուշացրել է իր կուսակցությունը հայ-թուրքական արձանագրությունների հետագա ընթացքի հետ կապված: «Եվ բնական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ աշխատանքը արտաքին ոլորտում հանգեցրեց նաեւ այդպիսի զեկույցի ընդունմանը»,- ասաց պարոն Մինասյանը:
Կիրիլովին «մերկացրեց» նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ավելին, նա նաեւ մեղադրեց բուլղար պատվիրակին, թե ոչ միայն Ղարաբաղում չի եղել, այլ նույնիսկ զեկույցը պատրաստելիս չի համագործակցել ֆրանսիացի համանախագահի հետ:
Իսկ ընդդիմադիր ուժերը ՀՀ իշխանություններին մեղադրում են պասիվության եւ անգործության մեջ: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Ն.Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ է, նույնիսկ չհիշեց, թե իր հետ միասին էլ ո՞վ է անդամակցում այդ կառույցին, որովհետեւ երբեւէ աշխատանքային նիստ չի եղել: «Բանաձեւն ուղղակի ոչ միայն Ադրբեջանի կողմից խեղաթյուրումների արդյունք է, այլեւ ՀՀ-ի, նախ եւ առաջ ՀՀ-ի պասիվության արդյունք է: Ես չեմ զարմանում, ավելի զայրանում եմ, որովհետեւ տարիներ շարունակ այս բանաձեւը մի փաստաթղթից փոխանցվում է մյուս փաստաթուղթ, մի հաստատությունից՝ մյուս, եւ Հայաստանն առայժմ չի կարողացել որեւէ համարժեք պատասխան տալ սրան»,- ասում է Լ.Ալավերդյանը` ավելացնելով, որ ինքը բազմիցս այդ պասիվության հարցը բարձրացրել է խորհրդարանի նախագահի առաջ:
Վերջին շրջանում ավելացել է ԼՂՀ հակամարտության կարգավորման նկատմամբ հետաքրքրությունը, ինչը շատ դեպքերում ոչ հայանպաստ դրսեւորումներ է ունենում: Այս բանաձեւը հենց այդ ուշադրության եւ հետաքրքրության արդյունք է: Իսկ նման փաստաթղթերի կուտակումը արդեն միջազգային կառույցներում բացասական կարծիք են ստեղծում ՀՀ-ի ու ԼՂՀ-ի նկատմամբ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այն նույնիսկ «խառնաշփոթ» է անվանել: Դրանց ընդունման դեմ պայքարելու փոխարեն՝ մեր իշխանությունները քննադատում են նման փաստաթղթերի հեղինակներին: Կամ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նման այն «խառնաշփոթ» անվանում: Իսկ այս բանաձեւին անմիջապես հետեւեց ԱՄՆ Պետդեպարտամենտը. այն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Արցախ: «ԱՄՆ ճանապարհորդող քաղաքացիները ձգձգվող հակամարտության պատճառով պետք է խուսափեն Լեռնային Ղարաբաղ եւ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծին հարակից տարածքներ ուղեւորություններից»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում: