Հայաստանում վերջերս այնպես է ստացվել, որ թե՛ լրագրողները, թե՛ փորձագետները, թե՛ պարզապես տնտեսությամբ հետաքրքրվող ՀՀ քաղաքացիները անհամբերությամբ են սպասում յուրաքանչյուր ամսվա 20-ին։
Այդ օրը Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է նախորդող ժամանակահատվածի (նախորդ ամիսը՝ ներառյալ) նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Տնտեսական աճի հերթական ցուցանիշը հաջորդ օրն իսկ դառնում է քննարկման թեմա։ Եվ այսպես, մայիսի 20-ին ԱՎԾ-ն արձանագրեց հետճգնաժամյա տնտեսության հերթական թռիչքը՝ ՀՆԱ-ի 7.2% աճ՝ հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար։ Հիշեցնենք, որ նախորդ՝ առաջին եռամսյակի ցուցանիշը 5.5% էր, իսկ դրանից առաջ՝ շուրջ 3%։ Հիշեցնենք նաեւ այն, որ կառավարությունը 2010 թվականի համար կանխատեսել էր 1-1.5% աճ։ Նման տեմպերով շարունակվելու դեպքում՝ կստացվի, որ կառավարությունը իր կանխատեսման մեջ մի քանի անգամ սխալվել է։
Կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանին արդեն հայտնի էին այս ցուցանիշները, եւ թերեւս հենց դա էր ոգեւորություն ներշնչել վարչապետին։ «Արդեն իսկ ակնհայտ է, որ հակաճգնաժամային մեր միջոցառումները տվել են դրական արդյունք, եւ տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում»,- ասել էր նա 2 օր առաջ։
Զուտ թվային առումով, իհարկե, ոգեւորության պատճառ կա։ Ընդ որում, արդյունաբերությունն առաջին 4 ամիսների ընթացքում ամենամեծ աճն է ունեցել՝ 12.9%։ Աճել է անգամ շինարարությունը՝ 8.8%-ով։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա ցուցանիշները չափազանց վատն էին, ապա այս տարվա աճը ամենեւին էլ զարմանալի չի թվում։ Այս առնչությամբ Հրանտ Բագրատյանն, օրինակ, օրերս կարծիք է հայտնել. «ՀՀ-ում 2009թ. անկումն այնքան մեծ է եղել, որ եթե այժմ կառավարությունը ոչինչ չանի, կստանա 10-12 տոկոս աճ»: Բացի այդ, պաշտոնական վիճակագրությունն անգամ չի կարողացել թաքցնել մի հակասություն. գործազրկության մակարդակի եւ տնտեսական աճի փոխկապակցվածությունը (կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ կապի բացակայությունը)։ 7.2% տնտեսական աճի պայմաններում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է շուրջ 5 տոկոսով՝ կազմելով 85.200 մարդ։ Մինչդեռ կանխատեսվածից բարձր աճ ապահովող տնտեսության մեջ պետք է հակառակ պատկերն ունենայինք։
Եվ վերջապես՝ բավականին ուշագրավ է ամսական դինամիկան, երբ համեմատում ենք ապրիլ ամսվա ցուցանիշները մարտի հետ։ Մեր գործընկերներն արդեն հասցրել են անդրադառնալ այդ հանգամանքին։ Ընդամենը հակիրճ կնշենք, որ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում (բացառությամբ՝ գյուղատնտեսության) ապրիլ ամսին գրանցվել է անկում՝ մարտի համեմատ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 2.7%-ով, շինարարությունը՝ 22.3%-ով, ծառայությունները՝ 12.1%-ով։ ՀՀ վերջին տարիների մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ապրիլը երբեք չի զիջել մարտին։ Սա անհանգստության տեղիք է տալիս, որը սրվում է հատկապես ճգնաժամի երկրորդ փուլի մասին օր օրի ակտիվացող խոսակցությունների ֆոնին։
Դժվար է ասել, թե այդ խոսակցությունները որքանով են լուրջ եւ որքանով կազդեն Հայաստանի վրա։ Հ. Բագրատյանը, օրինակ, կարծում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը շարունակվելու դեպքում Հայաստան կհասնի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Կառավարությունում, սակայն, այս մասին դեռ չեն խոսում։ Ճիշտ այնպես, ինչպես 2008-ի վերջին արհամարհում էին ճգնաժամի առաջին ալիքը։ Ավելին՝ արդեն իսկ համոզված են, որ տարեվերջին տնտեսական աճը շատ ավելի բարձր է լինելու կանխատեսվածից։ «Մեր տնտեսական թիմով փորձեցինք ամփոփել տնտեսության զարգացման արդյունքները եւ մեր հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, եւ դա ստիպում է մեզ վերանայել մակրոտնտեսական կանխատեսումները 2010 թ. համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ ավելի շատ պետք է արդեն կենտրոնանալ 2011թ. տնտեսական աճի վրա` «ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի 2011-2012թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել»։ Հիշեցնենք նաեւ, որ կառավարությունը 3 շաբաթ առաջ արդեն իսկ վերանայման հիմքերը դրել էր, ընդ որում՝ շատ ավելի առարկայորեն՝ համապատասխան գերատեսչությանը հանձնարարելով վերանայել հարկման բազան (բնականաբար՝ մեծացման ուղղությամբ)։
Լավատեսությամբ մերոնցից ետ չեն մնում նաեւ միջազգային կառույցները։ «Մենք վերանայել ենք մեր գնահատականները: Մասնավորապես, համախառն ներքին արդյունքի գծով 2010-ին մենք տեսնում ենք մոտ 4%-անոց աճ»,- օրերս հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը։ Հ. Բագրատյանի կանխատեսմամբ՝ իրական աճը կարող է լինել 2.5-3%, որը պաշտոնական վիճակագրությունը կներկայացնի 8%-ի սահմաններում։ Իսկ ընդհանրապես, միջազգային ֆինանսական կառույցների «ջահել մասնագետների» ու նրանց գնահատականների վերաբերյալ ՀՀ նախկին վարչապետն իր ուրույն կարծիքն ունի. «Ջահելների պրոբլեմն ախր ի՞նչ է. գալիս են, երկու տարի հետո իրենք չեն զբաղվում: Մենք տնտեսությամբ զբաղվում ենք քսան տարի: Երկու տարի հետո ինքը փոխում է իր երկիրը: Եվ իրենց մոտ ինքը պետք է ունենա «նայս սթորի»` գեղեցիկ պատմություն: Այսինքն` ինչ գործ, որ ինքը ղեկավարել է, պետք է հաջող լինի: Սրանով Հայաստանը չպիտի ոգեւորվի»։
Այդուհանդերձ՝ նշենք, որ «ջահելները»՝ իրենց ոգեւորությամբ հանդերձ, երբեմն նաեւ մատնանշում են մեր տնտեսության ամենախոցելի կողմերը։ Մասնավորապես՝ վերջերս սկսել են ավելի շատ խոսել օլիգոպոլիաների մասին։ «ՀՀ տնտեսության կառուցվածքը բնորոշվում է հզոր օլիգոպոլիաներով: Ինչն ի վերջո հանգեցնում է նրան, որ թուլանում է մրցակցությունը, աճում են ծախսերը, դանդաղում է տնտեսության աճը: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ կատարվող քայլերին, ապա կարծում եմ, որ չափազանց վաղ է ասել, թե արդյոք օլիգոպոլիաները նվազել են»,- ասել է Մ. Լյուիսը:
Փաստորեն՝ «ճգնաժամից քաղած դասերը» դեռեւս այնքան էլ լավ չենք սերտել. օլիգոպոլիաների դեմ, ըստ էության, ոչինչ չի արվում, իսկ տնտեսության կառուցվածքը կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ փոխել, մանավանդ, որ շինարարության տեսակարար կշիռը քննադատելուն զուգահեռ՝ կառավարությունը ամեն ինչ անում է այս ճյուղի զարգացման համար։ Եթե սրան էլ գումարենք արդեն իսկ ներգրավված արտաքին պարտքերը եւ հասարակության անվստահությունը կառավարության նկատմամբ՝ սարսափելի է դառնում պատկերացնելը, թե ինչպես ենք դիմակայելու ճգնաժամի երկրորդ ալիքին։ Մնում է հուսալ, որ այդ ալիքը ոչ թե կշրջանցի Հայաստանը, այլ՝ շատ շուտ կմարի։ Որովհետեւ փորձը ցույց է տվել, որ վատ երեւույթները մեր երկիրը երբեք չեն անտեսում։