«Վերջին զանգի» առիթով ՀՀ ճանապարհային ոստիկանությունը երեկ կոչ է արել վարորդներին առավել զգոն ու աչալուրջ լինել, իսկ շրջանավարտների ծնողներին` մեքենայի ղեկը չվստահել շրջանավարտներին` հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար: Չնայած զգուշացմանը, այնուամենայնիվ, երեկ, ցավոք, դժբախտ պատահարներ են տեղի ունեցել: Առավոտյան ժամը 9-ին վթարի են ենթարկվել մայրաքաղաքի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի շրջանավարտները: Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988թ. ծնված Վարդգես Մ.-ի վարած «ԲՄՎ 325» մակնիշի 21 SO 691 համարանիշի ավտոմեքենան` Թբիլիսյան խճուղու եւ Զաքարիա Քանաքեռցու փողոցի խաչմերուկում, արագության գերազանցման հետեւանքով դարձել է անկառավարելի եւ բախվել է էլեկտրական սյանը: Պատահարի հետեւանքով, ուղեւորներ` 1993թ. ծնվածներ Հովսեփ Ա.-ն եւ Ալլա Ո.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի առիթով կատարվում է նախաքննություն: Երկրորդ միջադեպը արձանագրվել է ժամը 19-ի սահմաններում: Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Միանգամից իրար են բախվել մի քանի ավտոմեքենաներ, որոնց մեջ եղել են շրջանավարտներ: Երեկ տեղեկացանք նաեւ, որ Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ են տեղափոխվել նաեւ մոտ մեկ տասնյակ արտասահմանյան ավտոմեքենաներ: Դրանց ղեկին եղել են անչափահաս շրջանավարտներ, որոնք վարորդական իրավունք չեն ունեցել: