Լոռու մարզի Մարգահովիտ գյուղը յուրօրինակ կոկիկություն ունի: Խորդուբորդ ճանապարհներին ձիերի ու մարդկանց շարժը չափազանց ներդաշնակ է, ու այստեղ, կարծես, ամենքն էլ հետեւում են գյուղի թվակիր կապույտ ցուցանակներին ու ժանգագույն դռնակից կախված աղբ չթափելու մասին հորդոր-ցուցանակին: Գյուղի վերջնամասում էլ գտնվում է տնկարանը, որտեղ ոչ միայն Մարգահովտից, այլեւ հարակից գյուղերից են գնում աշխատելու: Շահումյանցի Ռիմա տատիկն, արդեն 5 տարի է` աշխատում է այնտեղ: Ասում է` հողը պիտի սիրես, որ հողն էլ քեզ սիրի: «Ամեն աշխատանք էլ իր դժվարությունն ունի, բայց ծառեր տնկելու կարեւորությունը շատ-շատ մեծ ա բնության համար, օդի մաքրության համար..»,- նշում է քաղհանով զբաղվող կինը` նույնիսկ զրույցի ընթացքում չդադարելով աշխատել:
Անտառ` եռամիասնության շնորհիվ
Ի տարբերություն Ռիմա տատիկի, քաղաքաբնակներիս համար անտառը մնում է քաղաքից դուրս վայր կամ, չգիտես ինչու, բնության գիրկ, որտեղ կարելի է մի քանի շիշ խորոված-քաբաբով քեֆ կազմակերպել, իսկ մնացորդներն էլ նետել ծառերի տակ: Ու եթե հանկարծ լսում ենք, որ աշխարհը պայքարում է գլոբալ տաքացման դեմ, փնտրում դրա կանխարգելման նոր ուղիներ, քմծիծաղ ենք տալիս` դա ընդունելով իբրեւ «թիթիզ» օտարերկրացիների զբաղմունք: Մինչդեռ փոխարենը՝ զարմանում ու վախենում ենք կլիմայի փոփոխությունից, ինչի արդյունքում դիտվում է Երկրի մթնոլորտի եւ համաշխարհային օվկիանոսի տարեկան ջերմաստիճանի բարձրացում: Ի դեպ, գլոբալ տաքացման հետեւանքով էլ տեղի են ունենում համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում, մթնոլորտային տեղումների ծավալների եւ բաշխվածության փոփոխություն, բնական արհավիրքների, ջրհեղեղի, երաշտների, փոթորիկների քանակի ավելացում: Նման իրավիճակի լուրջ պատճառ է դառնում մարդու կողմից արտանետվող ջերմոցային գազերը, որոնք առաջանում են բրածո վառելիքի այրման եւ անտառների ոչնչացման հետեւանքով: Օրինակ, համաձայն պաշտոնական տվյալների` «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքներում 2003թ. ապօրինի հատումները 27.000 էր: 6 տարի անց ապօրինի ծառահատումների թիվը կտրուկ նվազել է` հասնելով 2100-ի: Այս հանգամանքը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապետ Ռուբեն Պետրոսյանը պայմանավորում է ոչ միայն գազիֆիկացման, այլեւ Բնապահպանական տեսչության աշխատանքներով: Ըստ անտառապետի` մինչ 2003թ. տեսչությանը կարծես չէր էլ հետաքրքրում անտառի, այսպես ասած` ճակատագիրը: Ընդ որում` ապօրինի ծառահատումների համար սահմանված տուգանքի չափերը տարբեր են: «Կարմիր գրքում» ներառված 50սմ տրամագծով ծառի հատումն արժե 1500 դոլար: Եթե ծառը «Կարմիր գրքում» չկա, ապա նվազագույն տուգանքի չափը սկսում է 100-150.000 դրամից: Այնուամենայնիվ, դժվար է ասել, թե փայտի գործով «տարված» մեր չինովնիկ-օլիգարխներից քանիսն են տուգանվել կամ քանիսի անուններն են հրապարակվել: Ինչեւէ, եթե նրանցից շատերը անտառն ընկալում են իբրեւ բնափայտի աղբյուր, ապա, օրինակ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շրջակա միջավայրի, բնապահպանության եւ միջուկային անվտանգության նախարարությունը` BMU-ն, միլիոնավոր դոլարներ է տրամադրում գլոբալ տաքացումը` անտառատունկի եւ անտառվերականգնման աշխատանքներով կանխարգելելու համար: 2008թ. BMU-ն KfW միջազգային զարգացման բանկի միջոցով շուրջ 1. 489.887 եվրո հատկացրեց «Կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացում Հարավային Կովկասի անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրին, որն իրականացվում է Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում: Մեզ մոտ այն իրականացվում է WWF-ի (Բնության համաշխարհային հիմնադրամ) հայաստանյան մասնաճյուղի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ: «Մենք ավելի շատ շեշտը դրել ենք անտառատնկման հարցի վրա: Այս ծրագրի շրջանակներում Լոռու մարզի 3 գյուղերում տնկվել է 630հա անտառ, որից 230հա անտառատունկը կատարել է «Հայանտառին» պատկանող հողերի, իսկ 400 հա-ն` համայնքային հողերի վրա»,- նշեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը` նկատելով, որ նոր տնկիների շուրջ 60%-ն ունեն լավ կպչունողականություն: Ընդ որում` անտառատունկը կատարվել է Լոռու մարզի Արջուտ, Քարաձոր եւ Լեռնանցք գյուղական համայնքներում: «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից տնկված տնկիները բերվել են Մարգահովիտ տնկարանից, իսկ «Հայանտառն» իր տնկարանից էր տարել»,- նկատեց «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մհեր Սադոյանը: Վերջինիս կարծիքով, անտառատնկման գործում ամենաբարդ աշխատանքը տարածքի ընտրությունն էր: Նկատենք, որ նոր անտառներ հասնելու ճանապարհը բավական դժվարանցանելի է: Օրինակ, Արջուտի նոր անտառը գտնվում է գյուղամիջից` 3 կմ հեռավորության, իսկ ծովի մակարդակից` 2100 մետր բարձրության վրա: Բարձրադիր հատվածներում նման անտառների ընտրությունը ծրագրի կազմակերպիչները պայմանավորում են այն հանգամանքով, որ դրանք համայնքային հողեր էին ու տրվել էին համայնքի կողմից: Ընդ որում` գյուղական համայնքներն էլ հաշվի էին առել հողերի էրոզիայի վտանգը: «Կարեւորն այն է, որ ծրագիրն առարկայական է, այլ ոչ թե թղթեր են ստեղծում: Մի բան է տնկելը, այլ բան է` այն խնամելը: Իսկ այստեղ արդեն լուրջ ֆինանսական միջոցներ են պետք»,- հավելեց «Հայանտառի» անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:
Ի դեպ, անտառատնկման ծրագիրը կունենա նաեւ շարունակելիություն, որը ներառվելու է ծրագրի երկրորդ փուլում: WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կ. Մանվելյանի հավաստմամբ` երկրորդ փուլը կներառի նաեւ Հայաստանի հարավային շրջանները, որտեղ տարվելու են ոչ թե անտառատնկման, այլ անտառվերականգնման աշխատանքներ: «Հայաստանի հարավային շրջաններում հիմնական շեշտը դնելու ենք այն վայրերի վրա, որոնք հանդիսանում են հազվագյուտ, անհետացող կենդանատեսակների ապրելավայրը»,- ասաց Կ. Մանվելյանը: Մնում է հուսալ, որ նոր անտառները, որոնք մեծ ջանասիրությամբ ստեղծվել են, կպահպանվեն նաեւ մեր կողմից,,,