Կուբանի երկրամասի 25 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով Թուրքիայի իշխանություններին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայտարարության մեջ, որի տակ իրենց ստորագրությունն են դրել Կուբանում գործող հայերի, հրեաների, գերմանացիների, ռուսների, կազակների, ասորիների, հույների, դաղստանցիների, քրդերի, օսերի, աբխազների, թաթարների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ասվում է. «…Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ պետությունը պետք է 1915-1923թթ. իրադարձություններն ուսումնասիրի արդար մոտեցմամբ, պետք է քննադատի տեղաբնակ ժողովուրդների դեմ իրականացրած ջարդերն ու ապաշխարի միլիոնավոր անմեղ զոհերի համար: Կոչ ենք անում դատապարտել մարդկության դեմ գործված 20-րդ դարի առաջին ոճրագործությունը` Հայոց ցեղասպանությունը: Այդ ոճրի անպատիժ մնալը հանգեցրեց Նացիստական Գերմանիայում հրեաների, ինչպես նաեւ՝ այլ ազգերի դեմ նման ոճրագործությունների իրականացմանը: Սակայն գերմանական իշխանություններն իրենց մեջ համարձակություն գտան ընդունելու իրենց պետության կողմից իրականացված այդ ամոթալի պատմական իրադարձությունն ու գերմանացիների անունից ներողություն խնդրեցին այդ հանցանքի համար: Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում հաշտեցման եւ խաղաղության ապահովման համար կոչ ենք անում թուրքական իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: