Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը լոբբիստական աշխատանք է ծավալել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Վուդրո Վիլսոնի մրցանակի շնորհումը կանխելու համար, քանի որ նա ագրեսիվորեն հերքում է Հայոց ցեղասպանությունը: Ըստ թուրքական «Hurriyet»-ի, Ա. Դավութօղլուն այս տարվա հունիսի 17-ին ԱՄՆ 28-րդ նախագահի անվան մրցանակ է ստանալու «հանրային աշխատանքի համար»: Վուդրո Վիլսոնի միջազգային գիտական կենտրոնը մարտին է հայտնել թուրք նախարարին պարգեւատրելու որոշման մասին, նշելով, որ «2009 թվականին ստանձնելով արտգործնախարարի պաշտոնը` Ահմեդ Դավութօղլուն ակտիվացրել է Թուրքիայի արտաքին հարաբերությունները եւ ավելի է բարձրացրել երկրի դիրքը միջազգային ասպարեզում»: Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ ամերիկահայերը իրենց խորը հիասթափությունն են հայտնում Թուրքիա մեկնելու եւ նախարար Դավութօղլուին մրցանակ հանձնելու` Վուդրո Վիլսոնի կենտրոնի նախաձեռնության առիթով: Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակներով դիմել է ամերիկացի սենատորներին եւ կոնգրեսականներին` կոչ անելով պաշտոնապես ուսումնասիրել եւ հրապարակավ արտահայտվել այս խնդրի կապակցությամբ: «Ազատությանը» տված հարցազրույցում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն ասել է, որ Հայ դատը դատապարտում է Դավութօղլուին մրցանակ հանձնելու` Վիլսոնի կենտրոնի որոշումը, որովհետեւ այդ նախարարն է Հայոց ցեղասպանությունը հերքելու քաղաքականության ճարտարապետը: Կոնգրեսին հասցեագրած նամակում Հայ դատի հանձնախումբը գրել է, որ մրցանակը վարկաբեկում է հայ ազգի խնդրի արդար լուծման` նախագահ Վիլսոնը տեսլականը, Դավութօղլուն ներկայացնում է մի կառավարություն, որը մերժում է արդարությունը հայ ժողովրդի համար: «Այս մրցանակը հիրավի ծաղրուծանակի է ենթարկում կենտրոնը, դրա հիմքում դրված գաղափարները, նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգությունը»,- նշել է նա: