Երրորդ դասարանցի Վրեժն իրենց բակի ծորակից հոսող սառը ջրի մեջ «թաթախված»` կենցաղային աշխատանքներով է զբաղված: Ճիշտ այնպես, ինչպես գյուղում բնակվող յուրաքանչյուր տղամարդ` ընտանիք պահելու համար հավատում է միայն իր կոպտացած «բազուկներին»: Սառը ջրից մրմռացող ձեռքերը ծալելով, ատամները սեղմած` «սրթսրթում» է: Հետո ծորակին է մոտեցնում իր ձեռքերով աճեցրած, խնամած խնձորենուց քաղած «ընկույզաչափ» խնձորները, որպեսզի լվանա ու ինձ հյուրասիրի: Ասում է` տան տղամարդն ինքն է, դրա համար էլ ուժի հետ կապված աշխատանքները դրված են իր ուսերին, ավելի ճիշտ` ինքնակամ է ստանձնել այդ պարտավորությունները: Դասերից հետո ստիպված է լինում ցախ ու կարտոն հավաքել` «սենյակը» տաքացնելու համար, քաղհան անել, հող փորել, երկաթե կտորներ հայթայթել: Ինքնակամ մեկ-մեկ էլ ստիպված է լինում կատարել կանանց հասանելիքը, քանի որ տան երեք կանայք հիվանդ ու ծեր են: Տատիկն ասում է, որ նա չափազանց աշխատասեր երեխա է, եւ մի քանի րոպե պարապ մնալուց անգամ ինքն է նախաձեռնում` «ի՞նչ գործ կա անելու»: Ասում եմ` «Բա հա՞յրդ»: Վրեժը վրդովմունքից շառագունելով դեն է գցում խնձորներով լի թասն ու բարկությամբ պատասխանում է` «Մահացել ա, ես պապա չունեմ»: Մայրը` Գոհարը, որդու պատասխանից ցավ ապրելով` քնքուշ շոյում է նրա մազերն ու ինձ ասում է. «Չի մահացել, ուղղակի, ուղղակիգ»: Ուղղակի հարբեցող է, ով ալկոհոլի ազդեցության տակ երեխաների ու կնոջ հետ այնպես է վարվել, որ Վրեժը գերադասում է ներկայանալ որպես անհայր տղա: Վրեժն իր տարիքի համեմատ պինդ ու ուժեղ երեխա է: Ինը տարվա իր ապրած կյանքի ընթացքում շատ բան է տեսել ու շատ դաժան տեսարանների մասնակիցը դարձել: Ամեն ինչ կարող է հաղթահարել, բայց հիշողությունները ջնջել` անզոր է: Ամեն գիշեր աչքերը փակելիս հիշում է, թե ինչպես էր հայրը պետության տրամադրած «Փարոսի» գումարը «ծեծուջարդով» յուրացնում ու խմիչք գնում: Ասում է` «Հայոց լեզու շատ եմ սիրում, միշտ բարձր գնահատական եմ ստանում, բայց երազում եմ կարատեիստ դառնալու մասին: Էս գործերն էլ են ինձ ուժեղացնում, պիտի ուժեղ լինեմ»: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: Մեծ տղամարդու նման գլուխը խոնարհում է, որ թաց աչքերը չտեսնեմ: Ասում է` «Որ մամայիս պաշտպանեմ: Իրան պաշտպան ա պետք, թե չէ` էնքան ծեծ ա կերել, որ հիվանդացել ա»: Հետո Վրեժի հիշողությունները պատառ-պատառ պատկերների նման անցնում են աչքերի միջով, ու նրա լռության մեջ էն «դաժան» օրերը վերապրելու տագնապ է հայտնվում: Վրեժը հարբեցող հոր անկառավարելի ձեռքերից մոր պես շատ հարվածներ է ստացել: Նա ամենածանր աշխատանքին պատրաստ է, միայն թե` հոր կարիքը կրկին չզգան ու հանկարծ հայրը չվերադառնա: 39-ամյա Գոհարն անհաջող ամուսնության ու ամենօրյա ծեծուջարդի պատճառով նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունի: Վերջերս հաճախակի նոպաներ է ունենում, որի պատճառով սկսում է ցնցվել ու ուշաթափվել: Ամուսնուց հեռացել եւ երկու որդիների հետ վերադարձել է մոր ու մորաքրոջ տուն, որն Արարատի մարզի Ազատավան գյուղի ամենաթշվառ ու ծայրահեղ աղքատ տունն է: «Նրա հետ որպես վարձակալ ապրում էինք «Արտաշատ» հյուրանոցի մի սենյակում, որտեղից մեզ վռնդեցին` շենքի նոր սեփականատիրոջ պահանջով: Ես եկա էստեղ, իսկ ինքը չգիտեմ ուր ա: Ճիշտն ասած` իմ երազանքն ա, որ մի դոմիկի նման տեղ լիներ, ու երեխեքիս հետ ապրեի: Էստեղ անհնար ա: Եղբորս ընտանիքը` չարորակ ուռուցքով անկողնային հիվանդ կինը, երեք փոքր երեխաները հարեւան սենյակում են ապրում: Հիմա մեր վիճակը սոսկալի ա»,- ասում է Գոհարը, ում շուրթերը հուզմունքից կապտում են, իսկ ծնոտը դողդողում է: Երկու երեխաների համար ծնված օրից նոր հագուստ չեն գնել: Հարեւաններն իրենց հին շորերն են տալիս: Վրեժի հագի տաբատի կարճությունը` ոտքերից մինչեւ կոշիկ ահագին տարածություն մերկ է թողել: Եղբոր` 5-ամյա Բորիսի բարկությամբ լի դեմքի արտահայտությունը չի փոխվում ոչ մի տեսակի կատակից ու հաճոյախոսությունից: Հարցերիս պատասխանելու փոխարեն, փորձում է եղբոր արտահայտած դաժան մտքերը սրբագրել` «Չէ՛, իմ պապան մահացած չի: Ես պապա ունեմ»: Մեծ եղբոր արած արտահայտությանը հակադրվելու համարձակությունից վախվորած` նա աչքի «պոչով» նայում է եղբորը, ով մինչ այս իրեն համախոհ համարող եղբորը նայում է հենց նոր դավաճանի հայտնաբերած հայացքով: Հարցնում եմ` «Դո՞ւ էլ ես կարատեիստ դառնալու»: «Չէ, ես Բորիսիկ եմ դառնալու»,- ասում է նա ու իմ հարցերից «զզված»՝ հեռանում է բակ:
Ազատավան գյուղի ամենաթշվառ տանն ապրող մարդկանցից բոլորն էլ ճակատագրով դժբախտ ու վիրավոր են: Տան մեծը` թերսնուցումից «չորացած» 75-ամյա Քնարիկ տատը, «լավ կյանքով» ապրած լինելու փաստարկներն իրար ետեւից թվարկելով, ուզում է Ազատավանի ամենաթշվառ ընտանիքի անդամի փոխարեն՝ «Սովետի վախտ կարգին ապրածի» անցյալի տպավորություններով «գերել»: Ասում է` «Էն ժամանակ մարդու աշխատավարձը ոսկի էր, իսկ հիմագ»: Հիմա Քնարիկ տատը հացի կարոտ է, ու երբ շատ քաղցած է լինում` հիշում է մոր սարքած ղավուրման: Հիշողություններով մեկ-մեկ կշտանում է: 26.000 դրամ թոշակով հազիվ կարողանում է քրոջ աղջկա ու թոռների օրվա հացը գնելու հարցում ներդրում կատարել: Ասում եմ` «Ախորժակդ ի՞նչ ա քաշում»: «Ոչ մի բան,- հանդիսավոր հայտարարում է,- Է, որ քաշեց, ի՞նչգ գիտեմ, որ չկա: «Ոչ մի բանը» դարձել ա մեր ամենօրյա կերակուրը»: Քնարիկ տատն ամուսնացած չէ, որովհետեւ ամբողջ կյանքում աշխատել, ծնողներին է օգնել, իսկ հիմա էլ` քրոջ ու նրա աղջկա, թոռների հոգսերով է ապրում: Քույրը` 63 տարեկան Ջեմման, աղջկան ու թոռներին մի կտոր հաց հասցնելու համար ամսական 6000 դրամով տաքսի-սերվիսում հավաքարարություն է անում: Այսինքն` օրական վաստակում է 150 դրամից պակաս: Ամռան սեզոնին ուրիշների հողամասերում քաղհան է անում, սակայն այս տարի մի տեսակ ուժերը սպառելու զգացում ունի: Ասում է` «Անընդհատ թոքաբորբ եմ տանում: Առողջություն չունեմ, զգում եմ, որ մի վատ բան ա հետս կատարվում: Վախենում եմ գնալ ստուգման, որովհետեւ մի բան գտնելու են ու ուղարկեն հիվանդանոց: Հիվանդանոց էլ չեմ կարողանալու անկոպեկ գնալ ու տանջվելու եմ»: 75 տարվա վաղեմություն ունեցող Ազատավանի Թումանյան փողոցի 26 տունն ամեն տարվա հետ կորցնում է ամրությունը. փայտաշեն առաստաղն ու պատերը բառիս բուն իմաստով փլվում են այս մարդկանց գլխին: Խոնավ ու թաց պատերի թափվող ծեփերը փակել են կարտոններով ու պաստառներով: Արդեն քանի ամիս է՝ զուգարան էլ չունեն, քանի որ մի դար ապրած փայտաշեն զուգարանը հանկարծակի իջել է հողի տակ. «Գիշերվա հազարին հասնում ենք եսիմ որ չոլը»: Նոր զուգարան կառուցելու համար պահանջվող փայտ, կղմինդր կամ թիթեղյա հարմարանքներ չունեն, իսկ փոս փորելու համարգ Տան ընդամենը երկու, մրից սեւացած անտանելի սենյակներում ապրում են 10 հոգով: Հարակից սենյակում էլ ապրում են տիկին Ջեմմայի որդին, կինը եւ երեք մանկահասակ երեխաները: Հարսի մոտ չարորակ ուռուցք են հայտնաբերել, եւ քիմիաթերապիայի միջոցով մասնագետները փորձում են կյանքը երկարացնել: Երեք երեխաների խնամքի հարցում, անշուշտ, օգնում են ինչպես տիկին Ջեմման, այնպես էլ Քնարիկ տատն ու Գոհարը: Բայց մի հարցում անկարող են։ «Իրան հանգիստ ա պետք, չպիտի ջղայնանա, աղմուկից նեղվում ա, ծանր վիճակում ա, անկողնային: Բայց էսքանով մի տան մեջ ո՞նց անենք, հասկանում ենք, որ պիտի իրա համար գոնե էդ պայմաններն ապահովենք, բայցգ Գոհարի երեխեքն էլ անհանգիստ ու չար են»,- ասում է տիկին Ջեմման: Նրա խոսքերից իրեն մեղավոր համարող Գոհարն ասում է` «Խնդրում եմ, եթե մի բարի մարդ գտնեք, ով մեզ կուզենա օգնել, կասե՞ք, որ մենք դոմիկի կարիք ունենք: Թեկուզ մի մետրանոց, էնքան որ՝ չորս պատ լինի, երեխաներիս հետ մնամ ու իրանց չխանգարեմ»: Այս տանը բոլորն իրար օգնելու պատրաստակամ են, բայց բոլորն էլ խիստ կարիքավոր են: Գոհարն ասում է` շատ է պատահել, երբ երեխաները քաղցից պահանջներ են ներկայացրել, լաց են եղել, եւ որպես մայր՝ անկարողությունից` «Ծեծել, քնացրել եմ»: Հետո ծնոտը սկսում է դողդողալ, աչքերը «փախնում» են, ու թվում է` ուր որ է հատակին կընկնի: Գոհարը տարիներ շարունակ զգացել է հարբեցող ամուսնու բռունցքների հարվածի դառնությունը, սակայն պատահում է` ինքն էլ է ուժ կիրառում: Երբ զղջում է` գերադասում է հարվածի դառնությունը զգալ, որովհետեւ ինքն իրեն չներելու բարդույթից նյարդային սպազմ է ունենում ու ուշաթափվում է: