Լքված փոքրիկների ճակատագիրը

27/09/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանում կա 8 պետական եւ 5 մասնավոր մանկատուն, որտեղ ապրում են 1150
ծնողազուրկ կամ անապահով ընտանիքների երեխաներ: Աշխատանքի եւ սոցիալական
ապահովության նախարարության տվյալներով` 2005թ. առաջին կիսամյակում
որդեգրվել է 43 երեխա: 17 երեխայի որդեգրել են արտասահմանցիները: Տարեկան
որդեգրվում է միջին հաշվով 100 երեխա:

Մի պատմություն

Փոքրիկ Արմենին մայրը մայիսի 30-ին թոքերի արյունահոսության պատճառով
բերել է 1-ին մանկական վերակենդանացման հիվանդանոց: Նա մեկուկես ամսական
հիվանդ որդուն այցելել է ընդամենը 5-6 օր: Դրանից հետո մայրն անհետ կորել
է: Հիվանդանոցում Արմենին բուժել են, բայց տղան մնացել է առանց մոր:
Մայրը՝ ոմն Մոնիկա Ա., ծննդաբերել է Աբովյան քաղաքում: Հիվանդանոցում
ծնունդը գրանցվել է, սակայն համապատասխան ձեւակերպումներ չի ստացել,
որովհետեւ Մոնիկան իր անձնագիրը չի ներկայացրել: Արդյունքում` Արմենը
ծննդյան վկայական չունի: Մոնիկան ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել նաեւ
առաջին հիվանդանոցում, անկետայի վրա ուղղակի լրացված է նրա բնակության
վայրը՝ ք. Աբովյան, Բարեկամության փողոց, շենք 1, բնակարան 26:
Հիվանդանոցից այդ մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններին. ստուգել են
ու պարզել, որ այդ հասցեում այդպիսի մարդ չի ապրում: Առաջին հիվանդանոցի
բժիշկ Իգոր Նալչաջյանը մտածում է, որ Մոնիկան դիտմամբ է հասցեն սխալ
ներկայացրել, որպեսզի իրեն չկարողանան գտնել: Հնարավոր է, որ երեխան
արտաամուսնական ծնունդ է, որովհետեւ մինչեւ հիմա որեւէ հարազատ չի
հայտնվել: Տղային խնամել են հիվանդանոցի բուժաշխատողները: Հիմա 5 ամսական
Արմենը դարձել է նրանց ուրախությունը: Ավելին, ավագ քույր Էլմիրա
Բագիրովան բոլորից շատ է կապվել Արմենչիկի հետ, բոլորից շատ նա է խնամում:

«Ես ուզում եմ գոնե շաբաթ-կիրակի օրերին նրան տուն տանել, բայց ինձ թույլ
չեն տալիս,- բացատրում է տիկին Էլմիրան: -Ասում են, կարող է այդ ընթացքում
մայրը հայտնվի ու ետ ուզի իր երեխային: Ես նրա հետ շատ եմ կապվել,
կերակրում եմ, լողացնում եմ, շոր եմ առնում, իմ ձեռքերի վրա է քնում, շատ
եմ սիրում: Զգացվում է, որ նա էլ ինձ է սիրում: Ես չեմ պատկերացնում, որ
կարող է մի օր գործի գամ ,ու Արմենչիկը չլինի: Կխելագարվեմ: Էլ գործի չեմ
գա»: Միանգամից զգացվեց, որ փոքրիկն էլ ավելի շատ տիկին Էլմիրային է
սիրում: Միգուցե պատճառն այն է, որ տիկին Էլմիրան երեխաներ չունի, ու
ներքին ինչ-որ զգացողություն նրանց հարազատ է դարձրել: Տիկին Էլմիրան
ուզում է Արմենչիկին որդեգրել, բայց վախենում է, որ իրեն չեն տա: «Ասում
են, այնտեղ երեխա որդեգրողների մեծ հերթ կա,- ասում է նա: -Դե, ես էլ
ամուսնացած չեմ, արդեն 52 տարեկան եմ: Կարող է իմ տվյալները համապատասխան
չլինեն, դրա համար էլ չեմ դիմել: Բայց տուն, աշխատանք ունեմ, ապահովված
եմ, փողի պրոբլեմ չունեմ: Միեւնույն է, դժվար թե տան: Չեմ ուզում, որ նրան
մանկատուն տանեն: Ուզում եմ ինքս պահել: Եթե մի օր հարազատ մայրը հայտնվի
ու ետ պահանջի, կտամ, բայց չեմ ուզում ուրիշը տանի»:

Փաստացի իրականություն

«Հոգեբանական ի՞նչ պահ կարող է լինել 5 ամսական երեխայի մոտ,- պատասխանեց
Սոցապ նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի բաժնի
պետ Լալա Ղազարյանը: -Մեզ համար կարեւոր է, որ երեխան ապահով ձեռքերում
հայտնվի»:

Նույն բաժնի մի աշխատակից էլ բացատրեց, որ 52 տարեկան կինը կարող է
որդեգրել ոչ թե նորածին, այլ ավելի մեծ երեխայի: Իսկ ընդհանրապես երեխա
որդեգրելը գործողությունների երկար շարք է:

«Քաղաքացին եթե ուզում է որդեգրման մասին եզրակացություն ստանալ, դիմում է
իր բնակության վայրի մարզպետարան, երեւանցին՝ Երեւանի քաղաքապետարան,-
բացատրում է տիկին Ղազարյանը: – Այս կառույցներն ունեն համապատասխան
հանձնաժողով: Դիմողից պահանջվում է ներկայացնել առողջական վիճակի,
եկամուտների, աշխատանքի վայրի, ընտանեկան վիճակի մասին անհրաժեշտ
փաստաթղթեր, նաեւ տեղեկանք, որ հակահասարակական արարք թույլ չի տվել: Հետո
կատարվում է տվյալ անձի կենսապայմանների եւ փաստաթղթերի
ուսումնասիրություն, թե դիմողն ունի՞ երեխա խնամելու եւ դաստիարակելու
անհրաժեշտ հնարավորություններ: Դրանից հետո հանձնաժողովը նիստ է
հրավիրում, քննարկում եւ որդեգրման հնարավորության եզրակացություն տալիս,
այսինքն` մերժում է կամ թույլատրում: Գոյություն ունի նաեւ հանրապետական
հանձնաժողով, որին դիմում են միայն օտարերկրյա քաղաքացիները:
Եզրակացությունը ստանալուց հետո քաղաքացին հաշվառվում է որպես որդեգրողի
թեկնածու: Նրա փաստաթղթերն ուղարկվում են նախարարություն՝ կենտրոնացված
հաշվառում իրականացնելու համար: Քաղաքացին արդեն հնարավորություն է
ունենում ընտրելու որդեգրման ենթակա երեխա, որից հետո կարող է դիմել
դատարան՝ վերջնական վճիռ ստանալու համար»:

Տիկին Ղազարյանի ասելով` որդեգրել ցանկացողների թիվն ավելի մեծ է, քան
որդեգրման ենթակա երեխաների քանակը: Ճիշտ է, մանկատներում հազարից ավելի
անապահով երեխաներ կան, բայց նրանցից շատերն ունեն միակողմանի կամ
երկկողմանի ծնողներ, որոնք իրենց իրավունքից չեն հրաժարվում: Իսկ
որդեգրելու համար ծնողների համաձայնությունը պարտադիր է: Կան նաեւ հիվանդ
երեխաներ: Իսկ որդեգիրն ուզում է առողջ ու հնարավորինս փոքր հասակի
երեխաներ, որոնց ծնողները հետագայում խնդիրներ չեն առաջացնի:

«Ծնողներից ոմանք պարտաճանաչ այցելում են իրենց երեխաներին,- ասում է
Զեյթունի «Հատուկ տիպի մանկատան» փոխտնօրեն Հասմիկ Մկրտչյանը: -Զգում ես,
որ սոցիալական ծանր պայմանների պատճառով չեն կարողանում նրանց տանել:
Շատերն էլ ամիսներով կամ տարիներով անհետանում են, բայց, միեւնույն է,
թույլ չեն տալիս, որ իրենց երեխային որդեգրեն: Շատ ծնողներ էլ կան, որ
իրենց երեխաներին գալիս վերցնում են ու շահագործում. ստիպում են
մուրացկանությամբ զբաղվել: Երբ նկատում ենք, հետ ենք բերում: Բայց
միեւնույն է, շատ քիչ ծնողներ են թույլ տալիս իրենց երեխաներին որդեգրել»:

«Ընտանեկան օրենսգրքի» համաձայն` «Երեխային որդեգրելու համար նրա ծնողների
համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ նրանք անհայտ են, կամ
դատարանը ճանաչել է անհայտ բացակայող, անգործունակ: Իսկ երբ ծնողը մեկ
տարուց ավելի երեխայի հետ համատեղ չի ապրում եւ խուսափում է նրան
դաստիարակելուց ու պահելուց, դատարանը նրան զրկում է ծնողական
իրավունքներից»: Եվ Սոցապ նախարարությունը հստակ տեղեկատվություն ունի, թե
մանկատներում գտնվող անապահով քանի երեխա է ենթակա որդեգրման:

Այլ իրականություն

Որդեգրել ցանկացող մի կին (ներկայանալ չցանկացավ) պատմում է, որ վերը
թվարկած գերատեսչություններից համապատասխան եզրակացություն,
թույլտվություն, մանկատնից իր ուզած երեխային ստանալու համար ծախսել է մոտ
3000 դոլար:

«Ճիշտ է, օրենք ու կարգ կա, բայց մինչեւ մաղարիչ չանես` քեզ երեխա չեն
տա,- ասում է նա: -Փաստաթղթերդ կվերցնեն ու այնքան կձգձգեն, որ կծերանաս:
Մանկատանն էլ պետք է մաղարիչ անես, որ կարողանաս առողջ երեխա որդեգրել:
Բոլոր թուղթ ծախող գերատեսչությունների նման այստեղ էլ գումար են
պահանջում: Այնպես որ, օրենքն` իր հերթին, բայց փող անպայման պիտի ծախսես:
Ես գիտեմ, որ արտասահմանցիներն ավելի շատ են ծախսում: Նրանք գալիս են, մի
փաստաբան են վարձում, ասում են՝ մեզ առողջ ու առանց պրոբլեմների երեխա է
պետք: Դրա համար ինչքան գումար պետք է` վերցրու ու մեր ուզած երեխային
գտի: Ստացվում է, որ երեխային գնում ես»: Ինչպես տեսանք, փոքրիկ Արմենչիկի
ճակատագիրը տարբեր գերատեսչություններից է կախված: Նրանք են որոշելու, թե
ով պետք է պահի, մեծացնի ու դաստիարակի տղային: Տիկին Էլմիրան շատ է
ուզում տղային մեծացնել, բայց քանի որ տարիքով է ու «երեխա առնելու» համար
փող չունի, նրան այդ հնարավորությունը չի տրվի: Արմենչիկին նախ կտեղափոխեն
Նորքի մանկատուն: Եթե մայրը մեկ տարվա ընթացքում չհայտնվի, նրան հավանաբար
կորդեգրի եւ կմեծացնի ունեւոր ու ջահել մի ընտանիք: Միգուցե`
արտասահմանցի: Որդեգրման հետ առնչվող պատասխանատու պաշտոնյաները
հավատացնում են, որ որդեգրելուց հետո էլ մինչեւ 18 տարեկանն իրենք
շարունակելու են հետեւել իրենց սանի կյանքի ընթացքին: Հավատացնում են, որ
անպայման հետ կբերեն, եթե նա իրեն լավ չզգա: «Մինչեւ հիմա դժգոհություններ
չեն եղել»,- ասում է տիկին Ղազարյանը: Այնուամենայնիվ մենք կշարունակենք
հետեւել, թե ինչպես կդասավորվի փոքրիկ Արմենի ճակատագիրը: