Հոլանդացի քանդակագործ Ապ Վերհեգենը ստեղծել է արձանախումբ, որը տեղադրելով հսկա սառցաբեկորի վրա` բաց է թողել օվկիանոս: «Որսորդներն ու շները» արձանախումբն ազատ լողում է Գրենլանդիայի ափերի մոտ` տեղաշարժվելով դեպի հարավ: Արվեստի գործ կրող սառցաբեկորի տեղաշարժին հետեւել կարելի է հատուկ կայքէջի միջոցով: Մոտ ժամանակներս սառցաբեկորը կհալչի, իսկ արձանախումբը կհայտնվի ջրի հատակում: Այս կերպ քանդակագործը ցանկանում է հանրության ուշադրությունը հրավիրել էսկիմոսների կյանքի ու գլոբալ տաքացման խնդիրների վրա: Այս տարի էսկիմոսներն արդեն իսկ զրկվել են իրենց միակ ապրուստի միջոցից` որսից, քանի որ սառցե շերտն անհետացել է: Այս ակցիան ունի «Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է արվեստի փոփոխության» կարգախոսը: