«Ոսկե ծիրանի» մեկնարկը` հին ֆիլմով

21/05/2010

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 11-ին` ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմով: «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն «Մայրիկի» դերասաններից մի քանիսը, ինչպես նաեւ Անրի Վերնոյի որդին, որը նույնպես ռեժիսոր է: Փառատոնային հետագա 7 օրերի ընթացքում կցուցադրվեն մրցութային ու արտամրցութային ֆիլմերը: Կպահպանվեն ավանդական անվանակարգերը` խաղարկային, վավերագրական եւ «Հայկական համայնապատկեր» մրցույթները: Իրենց պրեմիերաները Երեւանում կցուցադրեն Սերգեյ Սոլովյովը («Համադասարանցիներ»), Սեմիհ Կապլանօղլուն («Մեղրը»), Կարեն Շահնազարովը («Հիվանդասենյակ համար 6»), Քշիշտոֆ Զանուսսին («Փոխայց»), Ֆատիհ Ակինը («Հոգու խոհանոց»):

«Ոսկե ծիրանը» դեռ չի հրապարակում իր բոլոր ծրագրերն ու հյուրերի ցանկը, սակայն կազմակերպիչները նշում են, որ այս տարվա` 7-րդ փառատոնի հիմնական շեշտադրումը լինելու է հայկական կինոն: Անցյալի կինոն: Այսինքն` մեծ տեղ է հատկացվելու հոբելյաններին (Հենրիկ Մալյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Ալբերտ Յավուրյան): Երեւան է ժամանելու կանադահայ ռեժիսոր, «Ոսկե ծիրանի» պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը, ով Հայաստանում կտոնի իր 50-ամյակը:

«Ոսկե ծիրանը» «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում նախատեսում է հիմնել «Փառքի ծառուղիի» նմանակը` «Փառքի պատը», որտեղ կտեղադրվեն հայ կինոյի հեղինակավոր անձերի կնիքը կրող սալիկները: Կինոաստղերի ցանկը կբացեն Ռուբեն Մամուլյանը, Համո Բեկնազարովը, Սերգեյ Փարաջանովը, Անրի Վեռնոյը: Շարունակելով այդ տրամաբանությունը՝ կարելի է սպասել, որ հաջորդ տարիներին այդ ծառուղում կհայտնվեն նաեւ Շառլ Ազնավուրի, Շերի (Շերիլին Սարգսյան-Լապիերի) դրոշմները: Հայտնի է, որ հոբելյաններ նշելը, ամեն իրադարձության ու անձի մեջ հայկական հետք որոնելը ժամանակով ստուգված ձեւաչափ է: Դրանից սկսում ենք ու դրանով էլ ավարտում ենք: Եվ ուրեմն հետաքրքիր է դառնում «միջուկը»: Թե ինչպիսին այն կլինի` կբացահայտվի առաջիկայում: