Քաղբանտարկյալ ռեալիստ կինոռեժիսորը

21/05/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայտնի իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին, ում հետ հայաստանցիները հնարավորություն ունեցան ծանոթանալ մի քանի տարի առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում, արդեն 3 ամիս է, գտնվում է բանտում:

Բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների հաղթող կինոռեժիսորը մեծ սիրով ու ուշադրությամբ միշտ ներկայացրել է իրանցի կանանց նսեմացման թեման ու փորձել է արձագանքել Իրանում տեղի ունեցող անարդարություններին: Մասնավորապես` նախագահական ընտրություններում տեղի ունեցած անարդարություններին: Փանահին հայտարարել է, որ սատարում է իրանական ընդդիմությանը, ինչի պատճառով 2010թ. մարտին իր ընտանիքի անդամների հետ բանտարկվել է, իսկ իր տանը խուզարկություն են անցկացրել, ինչի արդյունքում հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն առեւանգել են ռեժիսորի համակարգիչն ու փաստաթղթերը: Փանահին ու իր հարազատները ձերբակալվել են գերեզմանոցում, ուր այցելել են՝ հարգանքի տուրք մատուցելու բողոքի ցույցերի ժամանակ զոհված իրանցի աղջկա հիշատակին:

Իսկ մինչ բանտում հայտնվելը Ջաֆար Փանահիին արգելել են դուրս գալ Իրանի սահմաններից` չնայած, որ նա պաշտոնապես հրավիրվել է Բեռլինի կինոփառատոնին մասնակցելու համար: Համաշխարհային կինոհանրությունը բազմաթիվ նամակներ է ուղղել Իրանի իշխանություններին` պահանջելով ազատ արձակել ռեժիսորին` նշելով, որ «Իրանում, ինչպեսեւ ողջ աշխարհում, արվեստագետները պետք է հարգանքի արժանանան, այլ ոչ թե ցենզուրայի ենթարկվեն, հետապնդվեն ու ձերբակալվեն»: Նման պահանջով հանդես են եկել Սթիվեն Սպիլբերգը, Ռոբերտ Ռեդֆորդը, Մայքլ Մուրը, Ռոբերտ դե Նիրոն, Մարտին Սկորսեզեն եւ այլք: Այդ նամակները, սակայն, ազդեցություն չեն ունեցել, եւ Փանահին ստիպված դուրս է մնացել նաեւ այս օրերին ընթացող Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրիի ցանկից: Իսկ փառատոնի բացման ընթացքում նրա աթոռը ցուցադրաբար դատարկ է մնացել: Արդեն 5 օր է` բանտարկված Փանահին հացադուլ է հայտարարել` պահանջելով հանդիպում ապահովել դատապաշտպանի ու իր ընտանիքի անդամների հետ: Սակայն` ապարդյուն, քանի որ իշխանություններն ամեն կերպ սահմանափակում են նրա շփումներն արտաքին աշխարհի հետ ու սպառնում նրա ընտանիքի անդամներին: Ողջ աշխարհի կինոսիրողներն ու մասնագետները սկսել են Փանահիի պաշտպանությանն ուղղված ինտերնետային ակցիաներ ու ստորագրահավաքներ կազմակերպել: Հայաստանն այդ ակցիաների ակտիվ մասնակիցներից է: Այդ մասին են փաստում ոչ թե օֆիցիալ կինոմիավորումները (այդ թվում՝ նաեւ «Ոսկե ծիրանը»), այլ` այն քաղաքացիները, որոնք լավ գիտեն, թե ի՞նչ է լավ կինոն ու մարդկային արժանապատվությունը (որոնք իրարից անջատ չեն): Համենայնդեպս, շուտով մեկնարկող «Ոսկե ծիրանը» կարող է իր հայրենիքը ոչ մի գնով լքել չցանկացող տաղանդավոր իրանցի կինոռեժիսորին ընդգրկել այս տարվա ժյուրիի կազմում, եւ դրանով իսկ ուշադրություն հրավիրել եւ Փանահիի ճակատագրին, եւ փաստել սեփական (ցենզուրայից ազատ) դիրքորոշումը: Էլ չասած, որ այդ քայլը կբարձրացնի նաեւ «Ոսկե ծիրանի» հեղինակությունը, ասենք` կշեշտվի, որ Հայաստանի կինոգործիչները կարեւորում են տաղանդի` ազատ դրսեւորվելու կարողությունը (ոչ ավելին): Թերեւս կան իրավիճակներ, երբ պարզապես բառերը բավարար չեն, հարկ է քայլեր կատարել: Մանավանդ մեր նման հանրապետությունում, որը շատ լավ գիտե` ի՞նչ է ցենզուրան եւ քաղաքական հետապնդումները: Իսկ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները շատ լավ գիտեն նաեւ, թե ո՞րն է լավ կինոն:

Ջաֆար Փանահին Երեւան կատարած իր այցելության ժամանակ մեր թերթին տված հարցազրույցում ասել էր. «Ես հազար անգամ կարող էի հեռանալ Իրանից ու հանգիստ ապրելով Եվրոպայում` ֆիլմեր նկարահանել: Որպես կանոն, իմ ֆիլմերը հաջող ցուցադրություն են ունենում հենց Եվրոպայում ու ինձ ֆինանսական ապահովություն են տալիս, դրա շնորհիվ էլ ես բանկից վարկ վերցնելու խոչընդոտներ չեմ ունենում: Սակայն հաստատ գիտեմ, որ երբ հեռանամ Իրանից, լավ ֆիլմեր չեմ ստեղծի: Ես պետք եմ Իրանին: Մենք Իրանում սովորել ենք շրջանցել ցենզուրան` Մշակույթի նախարարություն ենք ուղարկում սցենարի այն տարբերակը, որը չենք էլ պատրաստվում նկարահանել, եւ իրականում նկարահանում ենք մեր ուզածը»: Ջաֆար Փանահիի ֆիլմերը զուրկ են ավելորդ սիմվոլիզմից ու պոետիկ անավարտությունից, դրանք շատ պարզ, գրեթե դոկումենտալ, ասկետիկ լեզու ու բոլորին հասկանալի կոնֆլիկտ ունեն: «Եթե ուզում ես իրական խնդրի մասին խոսել, պետք է ռեալիստ լինես»,- ասել է նա Երեւանում: Ռեալիստներն ազդում են հասարակության վրա, այդ պատճառով էլ նրանց մեկուսացնում են, իսկ նրանց ստեղծած արվեստը դրվում է փակի տակ: Իրանում Փանահիի ֆիլմերը չեն ցուցադրվել: Մեզ մոտ ցուցադրվել են: Միգուցե մենք գոնե մի քիչ ռեալիստ ենք: