Նոր պատվեր ՍԴՀԿ-ին

19/05/2010

Մեր տեղեկություններով՝ ՍԴՀԿ շիրխանյանական թեւի` ՀԱԿ-ին քննադատելու վերջին քայլերը պայմանավորված են իշխանությունների հետ ձեռք բերած համաձայնությամբ, ավելի ճիշտ` իշխանությունների պատվերով: Հիշեցնենք, որ վերջերս այդ կուսակցության մամուլի քարտուղար Նարեկ Գալստյանն արդեն ՀԱԿ-ին բացահայտ մեղադրեց ՍԴՀԿ-ին պառակտելու մեջ: ՍԴՀԿ այդ թեւն ամիսներ առաջ դատական հայց էր ներկայացրել իրենց կուսակցության մյուս հատվածի նկատմամբ, որը ղեկավարում է ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հայտնի է, որ պառակտվելուց հետո կուսակցության կնիքը մնացել է Լ.Սարգսյանի մոտ, եւ հակառակ կողմը հիմա այդ կնիքն է պահանջում: Նշանակված դատական նիստն արդեն մի քանի անգամ հետաձգվել է: Մեր տեղեկություններով՝ դատարանը չի կարողանում որեւէ խելամիտ պատճառ գտնել, որպեսզի կնիքը Լ.Սարգսյանից վերցնելու որոշում կայացնի: Բանն այն է, որ իրավական բոլոր նորմերի համաձայն՝ ՍԴՀԿ ատենապետը Լ.Սարգսյանն է, եւ կնիքն էլ նրան է պատկանում: Եվ այդ պատճառով էլ դատական նիստն անընդհատ հետաձգվում է: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ դեռ չէր պառակտվել այդ կուսակցությունը, հրապարակումներ եղան, որ իշխանություններն ուզում են քանդել ավանդական կուսակցությունը, քանի որ այն սատարում է ՀԱԿ-ին: Իսկ այս անգամ արդեն, մեր տեղեկություններով, ՍԴՀԿ-ից անջատված կառույցն ինքն է դիմել իշխանությունների օգնությանը, որպեսզի դատարանը վճիռն իրենց օգտին կայացնի: Իսկ քանի որ իշխանություններն արդեն հասել են իրենց նպատակին ու պառակտել են այդ կուսակցությունը, օգնելու համար կոնկրետ պահանջներ են ներկայացրել` բացահայտ քննադատել եւ մեղադրել ՀԱԿ-ին: Ինչը եւ արդեն անում են այդ կառույցի անդամները: