Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները. նոր կանխատեսման համաձայն, տնտեսական աճը 2010թ. կկազմի շուրջ 4 տոկոս (նախկինում կանխատեսված 1,8 տոկոսի փոխարեն), իսկ գնաճը կլինի 6 տոկոսի սահմաններում: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: Ըստ նրա, թեեւ տնտեսական պայմանները դեռ ծանր են, Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: «Ակնկալվում է, որ աճը կսկսի վերականգնվել, արտաքին փոխանցումների ծավալը` նույնպես, իսկ պետական ֆինանսների վիճակը կբարելավվի»,- ասել է նա` ավելացնելով, որ Հայաստանում գնաճը դեռեւս բարձր մակարդակի վրա է, բայց այս տարի այն պետք է աստիճանաբար նվազի: