Վերջին շրջանում իշխանության վերնախավում առաջացած խմորումներն ու հակասություններն արդեն ավելի հաճախ են հրապարակային դրսեւորումներ ստանում: Մասնավորապես, երեկ, Ազգային ժողովում «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ քննադատել է կառավարությանը` հրատապ կարգով օրինագծերը խորհրդարան ուղարկելու գործելաոճի համար: Նա ասել է, որ այդ պատճառով խորհրդարանը չի հասցնում օրինագիծը քննարկել ինչպես հարկն է: «Իրավիճակից դուրս գալու համար ես պնդում եմ՝ կազմակերպել լսումներ: Քանի որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել: Իհարկե, այն բոլոր մտահոգությունները, որ ձեւակերպեցին պատգամավորները, հիմնական զեկուցողը կհաղորդի կառավարությանը, եւ փորձեն այդ առաջարկությունները ընդունել: Իսկ որը որ ընդունելի չէ՝ հիմնավորել»,- հայտարարել է Հ.Աբրահամյանը:
Հասկանալի է, որ տյալ դեպքում Հ. Աբրահամյանը նման հայտարարություն արել է ոչ այնքան «Հեռուստատեսության մասին» օրենքի անկատարության մասին մտահոգություններից ելնելով, այլ պարզապես առիթն օգտագործել է կառավարության հասցեին քննադատություն հնչեցնելու համար: Մյուս կողմից, սակայն, այս «միջադեպը» Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հարաբերությունների հարթությունում դիտարկելը չի արտահայտի իրավիճակի ողջ պատկերը: Ակնհայտ է, որ իշխանության համար հեռուստաեթերին վերաբերող նման կարեւորագույն օրինագծի հետ կապված ցանկացած հարց, այդ թվում՝ այն հրատապ կարգով ԱԺ ուղարկելու վերաբերյալ, որոշվում է ոչ Տ. Սարգսյանի կողմից: Այնպես որ` դա ամենեւին կապ չունի օրինաստեղծ աշխատանքի հետ: