«Չեմ պատրաստվում ուսումնասիրել կամ պատասխանել»,- ասում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

19/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Լուծարված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հրապարակեցին իրենց հերթական զեկույցը` մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածության մասին: Զեկույցում ասված էր, որ Ձեզ ուղարկվել են փաստերը, իսկ դուք բավարար ուշադրության չեք արժանացրել դրանք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ դիտարկումը:

– Մեկնաբանելու անհրաժեշտություն եւ ցանկություն չունեմ, որովհետեւ հասկանում եմ, որ դա ընդդիմադիր գործչի քաղաքական գործունեություն է: Ոչ թե իրավական, ոչ թե պարզաբանումների առումով, այլ քաղաքական գործունեություն է, եւ ես չեմ պատրաստվում որեւէ լրջություն տալ, ուսումնասիրել կամ փորձել դրան պատասխանել: Այլապես ամեն 2 ամիսը, 6 ամիսը մեկ կլինեն փաստաթղթեր, որոնց անունը կլինի զեկույց: Եվ դուք՝ լրագրողներդ, ասում եք՝ մեկնաբանի, բացատրի, պարզաբանի: Իրենք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ինչո՞ւ եք ուզում, որ ես մեկնաբանություններ տամ, որ ես արժեւորեմ այդ զեկույցը:

– Ձեր կարծիքով՝ բանակը ներգրավված եղե՞լ է մարտի 1-ի իրադարձություններին: Փաստահավաք խմբի այդ անդամները եզրակացրել են, որ ներգրավված եղել է:

– Թող ասեն: Վաղն էլ կարող է ասեն՝ Մարսից էլ են մարդիկ եղել: Ես ինչի՞ պետք է դա մեկնաբանեմ:

– Նշված է, որ բանակի մասնակցությունը վկայող փաստեր ու նկարներ են Ձեզ փոխանցել, բայց Դուք դրանք անտեսել եք:

– Փաստեր եւ նկարներ մեզ փոխանցված չկա: Եղել է այն, ինչ տպվել են թերթերում, որտեղ եղել է զինվորական համարանիշով մեքենաներ: Այդպիսի նկար, այո, կա, եւ այդ պատասխանն իրեն տրվել է պաշտպանության նախարարի կողմից: Բազմաթիվ անգամ այդ պատասխանը տրվել է, թե ինչու են այդ պետհամարանիշով մեքենաներն այնտեղ եղել: Հիմա եթե նոր փաստեր ունեն, թող ներկայացնեն:

– Այդ զեկույցում եզրակացություն կար, որ դուք միտումնավոր անտեսել եք փաստերը, որպեսզի թաքցնեք ու կոծկեք այդ իրադարձություններին պաշտոնատար անձանց մասնակցությունը:

– Դե, իրենք ամեն ինչ ասել են, ես իմ հնարավորությունները օգտագործել եմ, փաստերը հավաքել եմ, զեկույցը կազմել եմ, եւ վերջ: Հիմա անընդհատ, այսպես ասած, զեկույցներ են լինելու, Անդրանիկ Քոչարյանը կարող է զեկույց կազմել, վաղը՝ մեկ ուրիշը, ի՞նչ եք կարծում, ես բոլորը պետք է ուսումնասիրեմ եւ մեկնաբանություննե՞ր տամ: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեությունը ավարտել է անցած տարի սեպտեմբերի 15-ին: