Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեին: Չնայած Ֆրանսիայի դեսպանատան հերքումներին` «Ռեգնումի» աղբյուրները պնդում են, որ Սմեսոֆը պատրաստվում է միջնորդական առաքելությանը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին հավելյալ ազդակ հաղորդելու համար հարկավոր էր ամբողջությամբ փոխել կամ հակամարտության կողմերի բանակցողներին, կամ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին: Երկրորդն իրագործելը շատ ավելի հեշտ է, այդ պատճառով էլ տեղի ունեցավ միանգամից երկու` ամերիկացի եւ ռուս միջնորդների փոփոխություն: Նոր համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովն արդեն ծանոթացել են հակամարտող կողմերի նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների հետ, ժամանակն է փոխարինել նաեւ վերջին երկարակյացին` ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեին»,- փոխանցել է «Ռեգնումի» աղբյուրը: Ըստ նրա՝ Սերժ Սմեսոֆը բավական հարմար թեկնածու է, քանի որ ծանոթ է բանակցային գործընթացի պատմությանը, հակամարտության էությանը եւ տիրապետում է ռուսերենին: Աղբյուրը նշում է, որ Սմեսոֆի առաքելությունը ՀՀ-ում ավարտվում է, եւ հավանական է, որ նրա նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում տեղի կունենա այս տարվա աշնանը, գուցե եւ ավելի շուտ` ամռանը: Նա հավելել է, որ վերջնական որոշում այս առնչությամբ, այնուամենայնիվ, դեռ չի կայացվել: