Պատռելու է դիմակները

19/05/2010

«ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հայտարարել է, թե իշխանությունները չեն ցանկանում իր հեռուստաընկերությունը տեսնել եթերում: «100 տոկոսով, նրանք ինձ չեն ցանկանում տեսնել եթերում»,- ասել է նա` անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որն էլ Կարապետիչը համարում է «ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ»: Նա խոստացել է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ եւ պատռել շատերի դիմակները. «Կպատռեմ այն հայրենասերների դիմակը, որոնք խոսում են հայրենասիրությունից: Մենք միանում ենք իրենց «ոչ»-ին, իսկ իրենք չեն միանում մեր այսօրվա վիճակին»: Ըստ Կարապետիչի` այդ նախագծի հեղինակները չեն հասկանում, թե ինչ են գրել. «Այսինքն, հում, կարմիր թելով բլանդած նախագիծ են ներկայացրել: Հասկանում ենք, որ աշխարհը գնում է թվայնացման, բայց ի՞նչ է նշանակում, ամեն մի ալիքից դարձնել 3-ը, 60 ալիք դարձնել: Դուք եղածը պահպանեք: Ես ալիք եմ հիմնել, զարգացրել, ինչո՞ւ պետք է մեկը գա եւ այն վերցնի, փակի: Եթե թվայնացման հետ կապված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններն այս տեսքով ընդունվեն, ապա դա կլինի պետական մակարդակով թալան»: Նրա խոսքով` «այդ նախագիծն ինչպես հարկն է չքննադատեց նույնիսկ ԱԺ միակ ընդդիմադիր ուժը` «Ժառանգությունը»: Իրենք ձեռնպահ են մնացել այդ նախագծի նկատմամբ, իսկ ՀՅԴ-ն, ինչպես կար շինծու, այնպես էլ կա»: