Կառավարության դեմ՝ կառավարության շենքում

19/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ներիշխանական հակասություններն իրենց զգացնել տվեցին նաեւ Ազգային ժողովի այս քառօրյա նիստերի ընթացքում:

Շենքի փոփոխությո՞ւնը, թե՞ այդ հակասությունն էր պատճառը, որ այս անգամ նիստերն ընթացան բավականին «անհավես» մթնոլորտում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս անգամ կրկնապատկել էր ջանքերը, որպեսզի նիստերին մասնակցելու համար մի քանի պատգամավորի դահլիճ բերման ենթարկի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախորդի նման այս քառօրյային էլ բավականին անտրամադիր էր: Եվ նիստերի ընթացքում կատակելու նրա սովորությունն այս անգամ էլ ոչ մի կերպ չդրսեւորվեց: ԱԺ շենքի վերանորոգումն ու վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած Կառավարության նիստերի դահլիճում` տնվորի կեցվածքն էր գուցե նաեւ պատճառը, որ ԱԺ նախագահն իրեն բավականին անհարմար էր զգում: Նա նույնպես պատգամավորների նման նիստերին շատ քիչ էր մասնակցում: Նիստեր վարելու հիմնական ծանրությունն ընկել էր ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի վրա: Դահլիճում քիչ էր լինում, լինելուց էլ երբեմն պատգամավորների շարքերում էր նստած ԱԺ մյուս փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Այնպես որ, թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողներն ԱԺ այս քառօրյան նմանեցնում էին «մուլտիկի»:

Այս քառօրյայի միակ «շարժիչ ուժը» թերեւս կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր, որի ժամանակ էլ կրկին նկատելի դարձան ներիշխանական հակասությունները: Ընդ որում, կիսատ-կիսատ, բայց այս օրինագիծը կառավարության նիստերի դահլիճում քննարկվեց երեք օր: Քննարկման ավարտին արտահերթ ելույթ ունեցավ Հ.Աբրահամյանը եւ, ինչպես պատգամավորներն իրենք էին ձեւակերպում, «կպավ կառավարությանը»: Նա ամբիոնից կարդաց իր ելույթը, նշեց, թե հեռուստառադիոհեռարձակման բնագավառում թվայնացման գործընթացի ներդրման քաղաքականության արդյունքում ենթադրվում էր ունենալ իրավական ակտերի փաթեթ եւ օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնցով հստակորեն կսահմանվեին անալոգայինից` թվային հեռարձակմանն անցնելու հարաբերությունները: Մինչդեռ ներկայացված նախագիծը, ԱԺ նախագահի կարծիքով, թեեւ խմբագրել է ամբողջ օրենքը, սակայն չի լուծել թվայնացմանն անցնելու հետ կապված էական խնդիրներ: Հ.Աբրահամյանը «ոչ հստակ» համարեց կարգավորիչ մարմնի դերն ու գործառույթները թե մինչեւ ամբողջական թվայնացումը, եւ թե դրանից հետո: Նրա խոսքերով՝ հստակեցման կարիք ունեն նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Էկոնոմիկայի նախարարության լիազորությունները: Ըստ նախագծի, 2010թ. հուլիսի 20-ից հայտարարվելու են մրցույթներ 18 հաճախությունների համար: «Այսօր գործում է 22-ը, իսկ մարզային հեռարձակման համար նախատեսվում է ընդամենը 1 հաճախություն՝ այն դեպքում, երբ, օրինակ, Լոռիում կա 7 հեռարձակող ընկերություն: Այսքանից հետո բոլոր հեռարձակողները մրցույթից մի քանի օր առաջ են տեղեկացվում, որ պետք է պատրաստ լինեն խիստ սահմանափակ թվով հաճախությունների համար մրցույթի»,- հայտարարեց Հ.Աբրահամյանը:

Կոնկրետ այս նախագիծը քննադատելուց հետո ԱԺ նախագահն անցավ կառավարությանը` հայտարարելով, թե վերջինս արդեն գործելաոճ է դարձրել հրատապ կարգով օրինագծեր ներկայացնելու եւ առանց հանձնաժողովներում համապատասխան քննարկելու՝ պատգամավորներին ներկայացնելու ձեռագիրը: Ընդամենը նախորդ օրն իր ելույթում այս միտքն արտահայտել էր նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Եվ երեկ ԱԺ-ում խոսում էին, որ այս օրինագիծը եւս մի պատրվակ էր, որ ԱԺ-ում Հ.Աբրահամյանի թեւը քննադատի կառավարությանը: Պատգամավորներից ոմանք հիշեցին կառավարության ներկայացրած եւս մեկ` «Տեղական հարկերի» մասին օրինագիծը, որը նույնպես ԱԺ նախագահը սուր քննադատության ենթարկեց: Հիշեցնենք, որ կառավարությունը նախապես առաջարկել էր սահմանել 10 տեսակի հարկեր, սակայն առաջին ընթերցումից հետո դրանք կրճատվեցին եւ դարձան երկուսը: «Վաճառքի հարկը, պարոն Տերտերյան, ընդհանրապես դեմ եմ, դա պիտի հանվի, ըտենց հարկ չի կարող լինել: Ես հիմա ինչ որ առաջարկելու եմ, պարոն Տերտերյան, խնդրում եմ, 15 օր հետո, որ դնելու ենք քվեարկության, այս մոտեցումների պատասխանը հստակ ներկայացնեք մինչեւ քվեարկությունը, որ մեր խմբակցությունները, մեր գործընկերները որոշում կայացնեն` դե՞մ են քվեարկում, թե՞ կողմ: Կառուցապատման նշանակության հողատարածքներ եւ ոչ նպատակային հողատարածքներ… Սա պիտի հանվի, պարոն Տերտերյան: Համայնքի սեփականություն համարվող օբյեկտների գովազդի տեղադրելու հարկը պիտի հանվի: Գյուղատնտեսության նշանակության անմշակության հողերի հարկը պիտի հանվի… Եվ խնդրում եմ, որ բոլորը փոխանցեք պարոն վարչապետին»,- օրինագծի քննարկման ժամանակ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին դիմելով` ասել էր Հ.Աբրահամյանը:

Արդյունքում՝ այդ օրինագծի երկրորդ եւ վերջնական քննարկման ժամանակ կառավարությունը 10-ի փոխարեն ներկայացրել էր 2 հարկատեսակ: Համեմատելով այս օրինագծերը` պատգամավորները երեկ նշում էին, թե Հ.Աբրահամյանի այս սուր քննադատությունը նախապես պայմանավորված է եղել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ: Վերջինս նույնպես համարվում է ԱԺ նախագահի թիմակիցը: Իսկ ԱԺ նախագահը, հիշեցնենք, նախկինում զբաղեցրել էր այդ նույն պաշտոնը: Եվ երեկ «Հարկերի մասին» օրենքի օրինակով Հ.Աբրահամյանը հայտարարեց, թե ԱԺ-ն այսօր կողմ կքվեարկի «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններին՝ պայմանով, որ մինչեւ երկրորդ ընթերցումը` հաջորդ շաբաթ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ խորհրդարանական լսումներ կազմակերպվեն, որպեսզի կառավարության ներկայացրած օրինագիծը խորությամբ քննարկվի: Եվ իր ու պատգամավորների կողմից բարձրացված մի շարք մտահոգիչ հարցերը կառավարության կողմից օրինագծի լրամշակված տարբերակում պատասխան կստանան: Կառավարությունը հավանաբար այս անգամ էլ որոշ զիջումների կգնա: Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թովմասյանը խոստացավ քննարկել պատգամավորների հնչեցրած մտահոգությունները: Իսկ կառավարության` օրինագիծը հրատապ կարգով եւ ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովում առանց քննարկման ընդունելու ցանկությունն այս անգամ չարդարացավ` ԱԺ նախագահի մի ելույթով: