Խայտառակություն, հիմարություն…

19/05/2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի` Հայաստան կատարած այցին, նախօրեին ԱԺ-ում քննադատել էր այն ընդդիմադիրներին, որոնք հանդիպել են թուրք պաշտոնյայի հետ: «Քաղաքական շատ ուժեր` տարբեր բեւեռներից, իշխանությունից, ընդդիմության տարբեր ֆալանգներից, որոշեցին, որ պետք է անպայման հանդիպեն: Ոմանք կատու էին ճղում ուղղակի, թե՝ հիմա կգնանք ու ամեն ինչ կասենք երեսին»,- ասել էր Վ. Հարությունյանը, ապա քննադատելով իշխանության ներկայացուցիչների պահվածքը թուրք պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել էր ընդդիմությանը. «Ի՞նչ արեցին որոշ ընդդիմադիր ուժեր: Նրանք գնացին ու թուրքին սկսեցին գանգատվել Հայաստանի Հանրապետությունից, թուրքին, ով ապացուցեց, որ ինքը մեզ համար Եվրոպայի խորհրդի նախագահ չէ, ինքը մեզ համար հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավար չէ, թուրք է այդ մարդը: Այս պայմաններում, կարծում եմ, մենք պետք է լուրջ հետեւություններ անենք: Խայտառակ ենք եղել ինձ թվում է»: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր ուժերից Չավուշօղլուի հետ հանդիպեցին «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Նրանց խնդրեցինք մեկնաբանել պարոն Հովհաննիսյանի հայտարարությունը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այդ խոսքերը իրենց չեն ուղղված: Իսկ ինչու, դուք ձեզ ընդդիմության ներկայացուցիչներ չե՞ք համարում: Մեր այս հարցին նա պատասխանեց. «Դրանից հետո, Դաշնակցության այլ պատգամավորների հետ զրույցի ժամանակ, հստակեցվեց, որ այդ հայտարարությունը ուղղված չէր «Ժառանգությանը»: Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ մենք ներքաղաքական հարցեր չենք բարձրացրել, մենք խոսել ենք միայն հայ-թուրքական հարաբերություններից եւ ղարաբաղյան հիմնախնդրից»: Մեր հարցին՝ եթե մեկ այլ ընդդիմադիր ուժ այդ խնդիրների մասին խոսել է, արդյո՞ք դա մեզ համար խայտառակ լինել է նշանակում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես կարիք չունեմ պարոն Հովհաննիսյանի ասածները մեկնաբանելու: Բացի այդ, ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգը, թե ինչպիսի հարցեր, եւ ում հետ ինքը կարող է դրանք քննարկել»: Վ. Հովհաննիսյանի տեսակետի վերաբերյալ ՀԱԿ համակարգող Լեւոն Զորաբյանն էլ ասաց. «Այդ հայտարարությունը հիմարություն է: Ես ուրիշ մեկնաբանություն չունեմ»: