Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստերի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Մեծ թվով լրագրողներ, հանձնաժողովի անդամներ, փորձագետներ, ընկերությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ՝ խմբված էին նիստերի փոքրիկ դահլիճում։ Բոլորը փորձում էին իրենց դեմքերին լուրջ արտահայտություն տալ, բայց ոմանց մոտ դա չէր ստացվում եւ նշմարվում էր ժպիտը։
Քննարկվում էր «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության հարցը։ Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11 հոդվածի համաձայն, «Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջեւ կամ վերջիններիս ու սպառողների միջեւ բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները»։
Հոդվածի հաջորդ կետն էլ սահմանում է, որ անբարեխիղճ մրցակցությունը մեր երկրում արգելվում է։ Եվ այսպես, հանձնաժողովը պարզել է, որ «Ալեքս Գրիգը» անբարեխղճորեն է մրցակցել։ Մասնավորապես, այս ընկերության կողմից արտադրվող «Ուկրաինա» անվանումով օղու ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է ուկրաինական «Ալեք-Վինալ» ընկերությանը պատկանող «Ուկրաինկային», «Խլոպցի» անվանումովը` ուկրաինական «Խորտիցային», «Մեդոֆեինը» բրիտանական «Մեդոֆֆ» անվանումով ապրանքային նշանին, «Պրեմիումը»` ուկրաինական «Պրայմին»: Շփոթության մեջ է գցում նաեւ «Խլեբնիյ դար» անվանումով օղին, որի վրա միայն ուկրաիներենով են գրանշումներ կատարված: Հանձնաժողովի մասնագետների գնահատմամբ` «Ալեքս Գրիգի» օղիները սպառողի մոտ կարող են շփոթություն առաջացնել։ Այսինքն՝ սպառողը կարող է խաբվել՝ մտածելով, որ գնում է ուկրաինական օղին։
Փորձենք հասկանալ՝ ինչով է վատ անբարեխիղճ մրցակցությունը տվյալ պարագայում։ Սպառողի տեսանկյունից դա արդեն նշվեց, չնայած՝ հարցի մյուս կողմն էլ կա. սպառողը նմանակված օղու համար մոտ 2 անգամ էժան է վճարում։ Իսկ դա արդեն սպառողի համար լուրջ ահազանգ է, որ մի բան այն չէ։ Պարզ ասած` խաբվելու համար պետք է մեծ ջանքեր գործադրել։
Ինչ վերաբերում է մրցակիցներին՝ ապա նրանց վնասը կոնկրետ թվային արտահայտությամբ հնարավոր է հաշվել։ Եթե նախորդ ամսվա ընթացքում 1000 հոգի գնել են մեկական շիշ «Մեդոֆե»՝ մտածելով, որ այն բրիտանական «Մեդոֆֆն» է, ուրեմն բրիտանական ընկերությունը կորցրել է 1000 շիշ սպառելու հնարավորությունը։ Բացի այդ, այդ 1000 հոգուց, ենթադրենք, 500-ին օղին դուր չի գալիս, նրանք այդպես էլ չեն իմանում, որ իրականում խմել են «Ալեքս Գրիգի» օղին, եւ այլեւս մոտ չեն գնում ո՛չ «Մեդոֆեին», ոչ էլ «Մեդոֆֆին»։ Այսինքն՝ բրիտանական ընկերությունը, բացի այդ 1000 շիշը, կորցրել է նաեւ պոտենցիալ գնորդներ եւ բավականին մեծ գումարներ ու ժամանակ պետք է ծախսի՝ նրանց մոտ վստահությունը վերականգնելու համար։
Թե որքան օղի է վաճառել «Ալեքս Գրիգն» այս ընթացքում՝ դժվար է ասել։ Սակայն նաեւ դժվար է հավատալ, որ ավելի քիչ, քան տուգանքը՝ 500 հազար դրամ։ Հանձնաժողովը յուրաքանչյուր օղու համար ընկերությանը տուգանեց հենց այդքան դրամով՝ գումարած 500 հազար դրամ՝ շաքարավազի եւ ձեթի շուկայում իր գործունեության մասին տեղեկատվություն չտրամադրելու համար։ Հենց այդ որոշման քվեարկության պահին էր, որ շատերը չկարողացան զսպել ժպիտները։
Նիստը լուսաբանող լրագրողները թերեւս հենց այս կտրվածքով կլուսաբանեն գործընթացը. տուգանքը շատ փոքր է, եւ դա չի կարող ստիպել ընկերությանը բարեխիղճ մրցակցել։ Որքան էլ հանձնաժողովը հորդորի դադարեցնել այդ օղիների իրացումը, միեւնույն է՝ խանութներից դրանք չեն վերանալու։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ինքն էլ հասկանալով, որ իրենց արածը ոչ մի էական ազդեցություն չունի՝ փորձեց արդարանալ, նշելով, որ ընկերությունը տուգանվել է օրենքով սահմանվածի առավելագույն չափով: Այսինքն՝ պատճառն օրենսդրությունն է։
Սակայն ամենածիծաղելին այն է, որ անկախ օրենքներից, հանձնաժողովից եւ մնացած ինստիտուտներից՝ այս ամենը պարզապես անիմաստ է։
Նախ՝ «հասարակությանը մոլորության մեջ գցել» արտահայտությունն այնքան էլ ճիշտ չէ։ Օղի գնողների 99%-ն այսօր շատ լավ գիտի՝ որն է կեղծ, որը՝ ոչ։ Հայաստանում դժվար է գտնել որեւէ մեկին, ով չգիտի, որ Հայաստանում վաճառվում է «Զելյոնայա մետկա»՝ «Զելյոնայա մարկայի» նմանությամբ։ Գիտեն նաեւ, որ այն էժան է, գիտեն` ով է արտադրում, ինչ որակ ունի։
ՏՄՊՊՀ նորանշանակ ղեկավարը սրտնեղում է, թե՝ մեր ռեսուրսները բավարար չեն անբարեխիղճ մրցակցության բոլոր դեպքերը բացառելու համար, կոչ է անում օգնել, տեղեկատվություն տրամադրել իրենց։ Սակայն, դրա համար առանձնապես մեծ ռեսուրսներ պետք չեն. բավական է ընդամենը մեկ անգամ մտնել խոշոր սուպերմարկետ եւ տեսնել գեղեցիկ շարված կեղծ ապրանքները։ Այնպես որ, տեղեկատվության պակասը ամենեւին էական չէ. Հայաստանում այս երեւույթի մասին տարիներ շարունակ գրվում եւ խոսվում է։ Ավելին՝ խանութ մտնողը հստակ գիտի, թե ինքը ո՞ր օղին է գնելու։ Կեղծ օղին ունի իր գնորդը, ով հստակ գիտի՝ թե օղու որակը, թե իր գրպանի պարունակությունը։ Սակայն, եթե կեղծ արտադրանքը շուկա մտցնելը կարող է առաջին մի քանի օրերի ընթացքում որոշակի օգուտ տալ, ապա շատ կարճ ժամանակ անց հասարակության մեջ բոլորն այդ մասին իմանում են (բացի պատկան պետական կառույցներից)։ Այնպես որ, զուտ բիզնես տրամաբանության տեսանկյունից, այլեւս անիմաստ է դառնում կեղծ ապրանք վաճառելը։ Ստացվում է՝ «Ալեքս Գրիգն» այսօր արդեն ոչ մի օգուտ չի ստանում պիտակների նմանակումից. մարդիկ պարզապես իներցիայի ուժով գնում են նրա արտադրած օղիները՝ լավ իմանալով, որ դրանք այստեղ են արտադրվում։
Մյուս հետաքրքիր, ավելի ճիշտ՝ զավեշտալի իրողությունն այն է, որ «Ալեքս Գրիգի» օղիները վաճառվում են ոչ թե թաքուն, պատի տակ, այլ լրիվ բացահայտ, եւ դրանց դիմաց սուպերմարկետներում ՀԴՄ կտրոն է տրամադրվում։ Սա մի անեկդոտ է հիշեցնում։ Մեկը այցելում է գյուղում ապրող իր ընկերոջը։ Բակում նարդի խաղալիս հանկարծ տեսնում է, որ մի տղամարդ իր տան տանիքից ցատկում է ընկերոջ տան տանիքի վրա եւ վազում։ Հարցնում է՝ սա ո՞վ է։ «Անորսալի Գրիշն է»,- ասում է ընկերը։ «Չեք կարողանո՞ւմ բռնեք, որ ասում ես՝ անորսալի»։ «Կարող ենք, բայց ո՞ւմ է պետք նրան բռնել։ Թող վազի էլի»։ Նույնը՝ կեղծված օղիների դեպքում։ Բոլորն ամեն ինչ գիտեն եւ գիտեին, սակայն՝ ո՞ւմ էր պետք դրա դեմն առնել։ Ավելին՝ պետությունն այդ օղիների վաճառքից համապատասխան հարկեր էր հավաքում։ Բոլորը գոհ էին եւ երջանիկ։ Դժգոհ էին թերեւս միայն այն գործարարները, ովքեր ներմուծում են նմանակվող (օրիգինալ) օղին։ Բայց Հայաստանի պայմաններում ո՞վ կհամարձակվի այդ մասին բարձրաձայնել։ Ոչ ոք։ Հենց դրա համար էլ «Ալեքս Գրիգի» փաստաբանը դժգոհում է, որ արտադրող ընկերությունը պետք է բողոքով դիմեր համապատասխան ատյաններին, ոչ թե փորձեր կառավարության միջոցով ճնշում գործադրել ընկերության վրա։
Նշենք նաեւ, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում նման պարագայում տուգանքից ավելի մեծ ազդեցություն կունենար ընկերության հեղինակության խնդիրը։ Լուրջ ընկերություններն այսօր ահռելի գումարներ են ծախսում սեփական հեղինակությունը հասարակության աչքին բարձրացնելու, «լավամարդ» երեւալու համար։ Իսկ սեփական ապրանքանիշը մեկ այլ ընկերության ապրանքանիշին դիտավորյալ նմանեցնելով՝ ընկերությունն անուղղակիորեն խոստովանում է, որ իր մտավոր, ֆինանսական, արտադրական, ստեղծագործական պոտենցիալը զգալիորեն զիջում է իր մրցակցին։ Նորմալ երկրում դա բացասաբար կազդեր նրա ընդհանուր իրացումների վրա։ Հայաստանում նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետեւ հասարակությունը պարզապես չի կարող չգնել «Ալեքս Գրիգի» ապրանքները։
Այնպես որ, խնդիրը ոչ թե «Ալեքս Գրիգի» կամ այլ ընկերությունների մեջ է, այլ ողջ համակարգի։ Իսկ համակարգն այնպիսին է, որ խեղաթյուրվում են բոլոր տնտեսական օրենքների տրամաբանությունն ու բիզնես էթիկայի կանոնները։ Իսկ 500 հազար դրամանոց տուգանքների կիրառումը Հայաստանի ամենախոշոր հարկատուի նկատմամբ ընդամենը երեւան է հանում այդ համակարգի զավեշտալի կողմերը։