Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 568.600 ուղեւորություն, որոնցից 280.889-ը կազմել են ժամանումները, իսկ 285.748-ը` մեկնումները: Ըստ նրա, այս թվերը չեն կարող ներկայացնել միգրացիոն ամբողջ պատկերը, քանի որ հիմնված են միայն Ոստիկանության անձնագրային բաժնից ստացված տվյալների վրա: Կույումջյանի խոսքով, ֆինանսական միջոցների առկայության դեպքում միայն իրենք կարող են չափագրել միգրացիոն բոլոր հոսքերը: Հարցին, թե ինչպիսին է արտագաղթի աշխարհագրությունը, այսինքն` ո՞ւր են ավելի շատ մեկնում հայերը, Կ. Կույումջյանը պատասխանել է, որ տարեկան կտրվածքով մեկնողների ավելի քան 50 տոկոսը գնում է Ռուսաստանի Դաշնություն: