«Շինշու գործ էր»,- հայտարարում է քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը

19/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վերջերս հայտարարել էր, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ըստ նրա` բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում եւ մինչ այսօր ազատազրկման մեջ են, դատապարտվել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ քրեորեն պատժելի կոնկրետ արարքների համար: Չբավարարվելով այս ընդհանրական գնահատականով՝ Ա. Հովսեփյանն իր խոսքը փորձել էր հիմնավորել կոնկրետ օրինակներով: «Կոնկրետ մեկը դատապարտվել է պոռնկանոց ստեղծելու համար, պոռնիկներին, մարմնավաճառներին հավաքագրելու եւ շահույթ ստանալու համար, ինչը մենք կոչում ենք թրաֆիքինգ եւ որի դեմ շատ ակտիվ պայքար ենք տանում»,- ասել էր Ա. Հովսեփյանը: Հասկանալի է, որ գլխավոր դատախազը նկատի ուներ Շմավոն Գալստյանին, ով ձերբակալվել է հենց կավատության մեղադրանքով: Ինչպես հայտնի է, Շ. Գալստյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մտերիմ ընկերն է: Հ. Հակոբյանի ղեկավարած «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունն էլ նախագահական ընտրություններից առաջ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալու մասին: Թերեւս հենց սա էլ առիթ դարձավ, որպեսզի հանկարծ մի երիտասարդ դիմում գրի Դատախազությանը, թե ինքը Մալաթիայում գտնվող «Անուշ» հյուրանոցում, որի տնօրենը Շմավոն Գալստյանն էր, վարակվել է սեռական հիվանդությամբ: Հետաքրքիրն այն է, որ երիտասարդը չէր դիմել ո՛չ հյուրանոցի ադմինիստրատորին, ո՛չ էլ տնօրենին. նա ուղղակի գնացել էր Դատախազություն ու հայտարարել, որ ինքը պոռնկանոցի հաճախորդ է եւ փոխհատուցում է պահանջում կրած վնասների համար: Շմավոն Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի պնդմամբ, այդ գործը «շինծու» է, եւ քաղաքական շարժառիթներ ուներ: Ի պատասխան գլխավոր դատախազի հայտարարությունների, մեզ հետ զրույցում Ստեփան Ոսկանյանն ասաց. «Ավելի քան ակնհայտ է, որ Շմավոն Գալստյանի դեմ ներկայացված մեղադրանքը շինծու մեղադրանք էր: Նախաքննության հենց սկզբից մասնակցել եմ պրոցեսին` մինչեւ Վճռաբեկ դատարան: Մեղադրանքի շինծու լինելը հիմնավորվեց դեռեւս նախաքննության ընթացքում գործում եղած ապացույցներով: Գործի քաղաքական բնույթը կայանում է նրանում, որ Շմավոն Գալստյանին այդ մեղադրանքները այլ պայմաններում չէին ներկայացվի, քանի որ չկային ոչ հիմքեր եւ ոչ էլ ապացույցներ: Այդ ամենը տեղի ունեցավ հայտնի քաղաքական զարգացումների ազդեցության տակ: Միանշանակ ասում եմ, որ բոլոր ներկայացված ապացույցներն արհեստական են, դրանք ներկայացվել են միտումնավոր` նրան դատապարտելու համար: Գործը այդքան բարդացնելն ու դատավճռով այդքան խիստ պատիժ նախատեսելն էլ հենց քաղաքական դրդապատճառներով արված դատավարության ակնհայտ ապացույցն է»: Ս. Ոսկանյանը հիշեցնում է նաեւ, որ այն ադմինիստրատորները, որոնք իբրեւ նրա հանցակիցներն են եղել, պատժից ազատվել են պայմանականորեն եւ գտնվում են ազատության մեջ, իսկ Շ. Գալստյանը նույն հոդվածով դատապարտվել է առավելագույն պատժաչափի: Փաստաբանի հավաստմամբ, գործի բարդությունն այն է, որ կարողացել են ճնշումների ազդեցության տակ մեղադրյալներից ցուցմունքներ կորզել` ի վնաս Շ. Գալստյանի: «Եթե նրանք սկզբում ասում էին, որ չեն տեսել Շմավոն Գալստյանին եւ նրանից որեւէ ցուցում չեն ստացել, ապա հետագայում հասկանալի պատճառներով փոխեցին իրենց ցուցմունքները, որով էլ իբրեւ թե հիմնավորեցին մեղադրանքների կազմակերպված լինելու հանգամանքը»: Ս. Ոսկանյանը կարծում է նաեւ, որ գործի քաղաքական ու շինծու լինելու ապացույցներից մեկն էլ 6 ու կես տարվա ազատազրկման պատժաչափն էր: Նրա խոսքով, չնայած տասնյակ մեղմացուցիչ հանգամանքներին, դատարանը որեւէ բան հաշվի չի առել: «Գործին քաջատեղյակ ցանկացած մարդ ակնհայտ պետք է հասկանար, որ այդ մեղադրանքները որեւէ կապ չունեն Շմավոն Գալստյանի հետ: Նա ընդհանրապես այդ օբյեկտում մի անգամ է եղել բացման ժամանակ եւ դրանից հետո այնտեղ չի գնացել, առավել եւս այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկել: Ավելին, կան ապացույցներ, որ նա բազմիցս հրահանգել է իր ադմինիստրատորների միջոցով՝ որեւէ նման արարք, նման քայլ հյուրանոցային տարածքում թույլ չտալ: Այն նախատեսված է եղել Մալաթիայի առեւտրականների հանգստի համար, դա բազմաթիվ ցուցմունքներով հիմնավորվում է: Շուկայում գյուղատնտեսական մթերքների վաճառքով զբաղվող մարդիկ օգտվում էին այնտեղից եւ հարմար էժան գներով գիշերում այնտեղ»: Ըստ փաստաբանի` այս ամենին Գլխավոր դատախազը պետք է որ շատ լավ տեղյակ լինի, իսկ նրա վերջին հայտարարությունների իմաստն էլ` «պարզապես անհասկանալի է»: Մեզ հետ զրույցում Ս. Ոսկանյանը հավաստիացնում էր, որ այս պահի դրությամբ բոլոր հիմքերն առկա են Շմավոն Գալստյանի ազատ արձակման համար. «Նա արդեն կրել է պատժի մեկ երրորդից ավելին, եւ համապատասխան միջնորդության դեպքում հնարավոր է նաեւ լուծել նրան վաղաժամկետ ազատելու խնդիրը, քանի որ, կարծում եմ, այդպիսի լուրջ հիմքեր նրա վերաբերյալ առկա են: Նա ունի 3 անչափահաս երեխա, պատիժը կրելու ընթացքում որեւէ խախտում թույլ չի տվել, ունի լուրջ առողջական խնդիրներ, սուր հգիվանդություններ, որոնք անազատության մեջ ավելի են բարդացել: Այս պահին էլ նա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Հիվանդանոցի ղեկավարությունը, կարծում եմ, պետք է միջնորդությամբ դիմի տվյալ տարածքի դատարան, եւ դատարանը, նշված հանգամանքները հաշվի առնելով, կարող է որոշում կայացնել` պատժից վաղաժամկետ ազատելու համար: Եթե հիվանդանոցի ղեկավարությունը նման ցանկություն ունենա, ապա դրա համար շատ լուրջ հիմքեր կան»: Մեր այն հարցին, թե առանց որեւէ պատճառի այդքան հե՞շտ է մարդու վրա կեղծ «գործ սարքելն» ու առավելագույն պատժի ենթարկելը, Ս. Ոսկանյանը պատասխանեց. «Այն, ինչի մենք ականատես եղանք, ապացուցում է, որ ցանկության դեպքում կարող են բազմաթիվ անձանց արհեստական մեղադրանքներով շատ հեշտ մեղադրել: Հնարավոր չէ, որ մեր օրերում ցանկություն ունենան որեւէ մեկի դեմ գործ հարուցել եւ դրա համար հիմքեր չգտնեն»: