Ընտրություններից առաջ

19/05/2010

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` կապված մայիսի 23-ին կայանալիք ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ: Ըստ Բ. Սահակյանի` ԼՂՀ-ի համար ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են եւ հանդիսանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական հասարակության ամենակարեւոր բաղադրամասերից մեկը: Նաեւ համոզմունք է հայտնել, որ բոլորը քաջ գիտակցում են այս գործընթացի կարեւորությունը ԼՂՀ-ի համար` վստահեցնելով, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կանեն հնարավորը ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: «Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունների ընթացքում մեր քաղաքացիների համար չծագի որեւէ խնդիր` լինի դա իրավական, քաղաքական, տեխնիկական կամ այլ բնույթի, իսկ դրանց առաջացման դեպքում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խնդիրները անհապաղ կարգավորելու ուղղությամբ»,- ասված է ԼՂՀ նախագահականի տարածած մամլո հաղորդագրության մեջ: