Հետաքրքիր է` համաձայնեցրե՞լ է

19/05/2010

«Հանրային խորհուրդը քննարկումների արդյունքում դեմ է արտահայտվել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը եւ կայացրած որոշումն ուղարկել է ՀՀ նախագահին»,- այդ մասին երեկ կայացած ասուլիսում ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ կառավարությանը կոչ անելով հետ կանչել օրինագիծը: «Կրթության նախարարն ասում է` ես չեմ կարող կրթության որակը բարձրացնել, ես դրսից դպրոցներ պետք է բերեմ: Դա ծիծաղելի կարելի էր համարել, եթե ողբերգական չլիներ»,- ասել է նա: Ըստ Մանուկյանի, Հայաստանի համար կրթական համակարգը նույնքան կարեւոր է, որքան բանակը: Եվ կրթական համակարգին հարվածող ցանկացած որոշում առաջին հերթին հարված է հասցնում երկրի ազգային շահին: «Մենք փորձում էինք մի քայլ առաջ գնալ, սակայն այս նախագիծը քայլ է դեպի անդունդ: Բազմաթիվ փիլիսոփաներ եզրակացրել են` շատ կարեւոր է, որպեսզի երեխան բազային կրթությունը ստանա մայրենի լեզվով, հետո նոր սովորի օտար լեզուներ»,- ասել է Մանուկյանը` հիշեցնելով, որ ոչ հեռու անցյալում Հայաստանում գործել են ռուսական դպրոցներ, որտեղ սովորել է հայ երեխաների 25 տոկոսը, եւ այդ դպրոցները, ըստ նրա, թերություններ են ունեցել: «Ռուսական դպրոցն ավարտածների 90 տոկոսը խորությամբ չեն տիրապետում հայ ժողովրդի պատմությանը, հայերեն գրելու խնդիր ունեն, մեր մշակույթի մեջ չեն խորացել, արմատներով խորությամբ կապված չեն հայության հետ: Ռուսական դպրոցն ավարտած հայերի մոտ հոգեկան երկփեղկվածություն է առաջանում: Ես ինքս ավարտել եմ ռուսական դպրոց եւ մինչ հիմա իմ մեջ երկփեղկվածություն եմ կրում, կարծես մեջս երկու մարդ լինի»,- ասել է Վ. Մանուկյանը: Նա նաեւ հիշել է, որ նախկինում ռուսական դպրոցներում սովորում էին իշխանավորների եւ մտավորականների երեխաները, հետեւաբար՝ պետության ուշադրությունը սեւեռված էր ռուսական դպրոցների վրա, անտեսվում էր հայկականը: Ավելին, հայկական դպրոցն ավարտածին «երկրորդ սորտի» մարդ էին դիտում: «Այսինքն` երկփեղկվածություն կար նաեւ հասարակության մեջ: Մենք այդ փորձը տեսել ենք, ինչո՞ւ ենք ուզում նորից մտնել դրա մեջ»,- ասել է նա: Ըստ Վ. Մանուկյանի` Հայաստանը օտար լեզուների մասնագետների պակաս չունի: Ընդհակառակը, լավ գիտելիքներ ունեցող շատ օտարալեզու մասնագետներ չեն կարողանում Հայաստանում աշխատանք գտնել: «Այս ծրագրի մեջ գավառամտություն կա: Դա այն է, երբ դու քեզ համարում ես երկրորդ սորտի մարդ ու գիտես, որ քո լեզվով ոչ մի բանի չես հասնի, պետք է ձեւ անես, թե անգլիացի ես, ռուս ես»,- նկատել է Հանրային խորհրդի նախագահը: Այն, որ Հանրային խորհուրդը դեմ է արտահայտվել այդ նախագծին, իհարկե, դրական է: Այն առումով, որ այս մարմինը որեւէ քայլ չի անում առանց նախագահականի հետ համաձայնեցնելու: Հետեւաբար, Վազգեն Մանուկյանի նման դիրքորոշումից կարելի է նաեւ ենթադրել, որ հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը ռուսական դպրոցներ բացելու նախաձեռնության նկատմամբ, նախագահականում որոշել են գոնե առայժմ հետ կանգնել այդ գաղափարից: Ի դեպ, հարկ է նշել նաեւ, որ Վ. Մանուկյանը նման հայտարարություններ չէր անի նաեւ առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի գիտության` հաշվի առնելով Մանուկյան-Սարգսյան մտերմությունը: