Հիմա բոլորը քափ-քրտինք մտած խոսում են օտարալեզու դպրոցների մասին: ՀՀ կրթության նախարարությունը պատրաստվում է նման դպրոցներ բացել: Համարյա բոլորը դեմ են: Փաստարկները հասկանալի են ու տրամաբանական: Օտար լեզվով մատուցվող կրթությունը դժվար թե բարելավի հանրակրթության որակը: Որակ, որից բոլորն են դժգոհում: Բայց կա մի տեսանկյուն, որի դիրքերից օտարալեզու դպրոցների գոյությունը կարելի է արդարացնել: Եթե դուք ընթերցում եք մեր կառավարման մարմինների տարածած հաղորդագրությունները, կարծում եմ, կհամաձայնեք այն պնդման հետ, որ դրանք, մեղմ ասած, հայերեն չեն: Իսկ կոպիտ ասած` անգրագետ են: Պաշտոնական հայտարարություն-հաղորդագրություններում Հայոց լեզուն խեղաթյուրված է: Նվաստացման աստիճան խեղաթյուրված: Մեր չինովնիկներին ու նրանց մամլո քարտուղարներին հարկավոր է հնարավորություն տալ կրթություն ստանալ որեւէ օտար լեզվով: Այս դեպքում հայերենի նրանց չիմացությունը բացատրություն կստանա: Մարդիկ հնարավորություն կունենան իրենց անգրագիտությունը հիմնավորել օտարալեզու կրթությամբ: Այսօրվա տխուր պատկերը չի լինի: Երեւանի մետրոպոլիտենից օգտվող բոլոր քաղաքացիներն ամեն օր անցնում են ՀՀ փառապանծ ոստիկանության հայտարարության տախտակի կողքով: Այդ տախտակին հանցագործություն կատարելու եւ իրավապահ մարմիններից թաքնվող քաղաքացիների լուսանկարներ են: «Նրանք փնտրվում են մարդասպանություն կատարելու համար»,- այսպիսի բացատրություն է գրված լուսանկարների տակ: Մի կողմ թողնենք իրավագիտական անգրագիտությունը: Ոչինչ, որ Ոստիկանությունում չգիտեն, որ օրենքի ու իրավունքի տեսանկյունից այս քաղաքացիները պաշտպանված են «Անմեղության կանխավարկածով»: Ոչինչ, որ Ոստիկանությունում չգիտեն, որ օրենքի տեսանկյունից այդ մարդիկ ընդամենը կասկածյալներ են: Կասկածյալ-մեղադրվողը միայն դատարանի վճռով կարող է մարդասպան ճանաչվել: Բայց սա էլ ոչինչ: Ոստիկանության հայտարարությունը կարդացող եւ հայերենին դպրոցական տարրական կրթություն ունեցողի մակարդակում ճանաչող անձը սարսափելի եզրակացություններ կարող է կատարել: «Նրանք փնտրվում են մարդասպանություն կատարելու համար» հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ հայրենի Ոստիկանությունը նրանց փնտրում է սպանություն պատվիրելու համար: Եվ ոչ սպանություն կատարած լինելու կասկածանքով: Օրերս պաշտոնական քրեական տեղեկատվության մեջ սահմռկեցուցիչ փաստ կար: Որդին փորձել էր կախել մորը: Պարանի օղակը լայն էր եղել, ինչի պատճառով մայրը փրկվել էր: Բնականաբար, քրեական գործ է հարուցվել: Բայց հաղորդագրության մեջ մեղադրանքը, ոսկեղենիկ մայրենիով ասած` զգլխիչ էր: Ըստ պաշտոնական մեղադրանքի` որդին մորը կախել էր` «Փորձելով ապօրինաբար կյանքից զրկել Ա. Թաթարյանին»: Կարելի է կարծել, որ մայրասպանության կասկածով մեղադրվողը միայն այս անգամ է «ապօրինաբար կյանքից զրկելու փորձ» արել: Նախկինում նա այդ ամենն արել է օրինականության շրջանակներում:
Որքան ինձ հայտնի է` Հայաստանում մահապատիժն արգելված է օրենքով: Այսինքն` մեր երկրում օրինական ճանապարհով սպանողներ (դատարանի վճիռն ի կատար ածող մասնագետներ` դահիճներ) չկան: Ուստի ոստիկանական տեղեկատվությունը կարելի է բացառիկ անգրագիտություն որակել: Ոստիկանական տեղեկատվությունը հարուստ է նաեւ այսպիսի հայալեզու գոհարներով` «արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք»: Վնասվածքները ոչ թե մահվան պատճառ են դարձել, այլ «մահվան ելք ապահովել»: Թե մեր ոստիկանները հայերենի այս մակարդակի իմացությամբ ինչո՞ւ են միայն տեղեկատվություն ու հաշվետվություն գրում` պարզ չէ: Նրանց բառապաշարով կարելի էր աբստրակտ պոեզիայի ու աբսուրդի ժանրի գրականությանը նվիրվել: Օրինակ, մեր խրոխտ Ոստիկանությունը սիրում է նման հայտարարություններ տարածել. «… Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության այսինչ բաժնում հաղորդագրություն էր ստացվել, որ իրենց է ահազանգել 1966թ. ծնված Լիա Մ-ն եւ հայտնել, որ իրենց շենքի մոտ կրակում են»: Հաղորդագրության մյուս նախադասության մեջ գրված է նաեւ շենքի կոնկրետ հասցեն: Նման տեքստի հրապարակումն արդեն սոսկ անգրագիտություն չես համարի: Ավելի շուտ սա գաղտնագիր է: Իհարկե, միանշանակ չի կարելի պնդել, որ գաղտնագիրն ուղղված է քրեական տարրերին: Բայց բացատրել, թե Ոստիկանությունն ինչո՞ւ է նշում ահազանգողի անունն ու ծննդյան թիվը, ամենեւին էլ հեշտ գործ չէ: Այդ շենքում դժվար թե Լիա անունով այդ տարիքի մի քանի կին ապրեն: Ո՞ւմ կարող է հետաքրքրել կրակոցների մասին ահազանգողին նկարագրող այս տեղեկատվությունը, բացի կրակողներից: Եվ կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Ոստիկանությունն ահազանգողին լռեցնելու առաջարկ է անում հենց իրենց` կրակողներին: Եթե ես սխալվում եմ, ուղղեք ու բացատրեք հանրությանը, թե մեկ այլ ի՞նչ իմաստ կարող է ունենալ այս գաղտնագիր հայտարարությունը: Այն քրեական սլենգում կարծեմ «քսիվ» է կոչվում, իսկ գրական հայերենում` «մատնագիր»: Տեսնո՞ւմ եք, որքան բարդ խնդիրների առջեւ են կանգնած հայկական կրթություն ստացած մեր չինովնիկները: Մարդիկ փաստորեն ի վիճակի չեն գրագետ միտք արտահայտել: Եթե նրանք ժամանակին հնարավորություն ունենային օտար լեզվով կրթություն ստանալ, ամեն ինչ այլ ընթացք կունենար: Թոթովենցի` «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպի հերոսների նման բերանները ծռմռելով՝ անգլերեն (կամ ռուսերեն) մի երկու բառ կարտասանեին ու կասեին, որ օտարալեզու կրթության պատճառով չեն կարողանում իրենց մտքերը հայերեն շարադրել: Ոչ թե թերուս լինելու պատճառով: Մենք էլ մեր չինովնիկների կրթական ցենզից այսքան չէինք ամաչի: