Առաջարկում են աջակցել

19/05/2010

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ անդամներ Թիմ Ուալզը եւ Բեթի ՄըքՔոլումը դիմել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, առաջարկելով հիմնադրամ ստեղծել` օգնելու իրաքահայերին Հայաստան տեղափոխվել: Նամակում նշել են, որ իրաքահայերը քրիստոնյա են ու հետապնդումների են ենթարկվում: Ըստ հեղինակների, Հայաստանը նշանակալից քայլեր է կատարել փախստականներին ընդունելու համար, նրանց տրվում է քաղաքացիություն եւ ապրելու տեղ: «ԱՄՆ-ի շահերին համապատասխանում է, որ Իրաքի քրիստոնյա հայ փախստականները խաղաղ եւ անվտանգ նոր կյանք սկսելու հնարավորություն ունենան»,- ասել է ՄըքՔոլումը նախօրեին տարածած հաղորդագրությունում: «Կարծում եմ, ԱՄՆ-ը պետք է հումանիտար աջակցություն ցուցաբերի` ապահովելու համար նրանց հաջող տեղափոխումը ու ինտեգրումը Հայաստանի հասարակությունում»,- ասել է կոնգրեսականը: Մայիսի 14-ին պետքարտուղարին հղված նամակը ստորագրել են հինգ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը: Հանրապետական կուսակցությունից Քոլին Փիթերսոնը, որի ստորագրությունը չկա, եւս աջակցություն է հայտնել ու միացել այս առաջարկին: