– Այս տարվա առաջին եռամսյակում բանկերի օգտին բռնագանձման պահանջով հարուցված ընդհանուր վարույթների 40 տոկոսը կամ 1515 հայտ բաժին է ընկնում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին»: Ո՞ր մասն են կազմում գյուղատնտեսական նշանակության վարկերը, եւ ինչո՞վ եք պայմանավորում նման մեծ քանակի դատական գործերի առկայությունը:
– Կատարողական վարույթների այդ քանակը առաջին հերթին պայմանավորված է մեր կողմից տրամադրված վարկերի մեծ քանակով: Միայն 2009-ի ընթացքում մենք տրամադրել ենք մոտ 120 հազար վարկ, որից 100 հազարից ավելին տեղաբաշխվել են մարզերում: Նշված թվից 72 հազարը եղել են զուտ գյուղատնտեսական նշանակության վարկեր` Հայաստանի 745 համայնքներում: Նախ ասեմ, որ մեր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գյուղատնտեսությունը վարկավորող ամենամեծ բանկն ենք: Այս ոլորտում տրվող վարկերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում մեր բանկին: Իսկ դրանք, ինչպես հայտնի է, ամենառիսկային վարկերն են, հատկապես, եթե հաշվի առնենք գյուղատնտեսական գործունեության համար մեր երկրի բնակլիմայական անբարենպաստ պայմանները, գյուղմթերքների արտահանման դժվարությունները անհատ գյուղացիների համար եւ այս ոլորտում ապահովագրական մեխանիզմների իսպառ բացակայությունը։
– Վերջերս բավականին հաճախակի են դարձել առեւտրային բանկերի եւ վարկային ընկերությունների կողմից վարկերի բռնագանձման պահանջները: Հնչում են կարծիքներ, որ բանկերին ավելի ձեռնտու է բռնագանձել գույքն ու հետագայում ավելի բարձր գնով վաճառել, քան ետ ստանալ իր կողմից տրամադրված վարկը:
– Կարծում եմ՝ դա թյուր կարծիք է: Ցանկացած բանկի համար կարեւորը իր կողմից տրամադրված գումարների ժամանակին եւ անկորուստ վերադարձն է: Ընդհանուր առմամբ դատական ատյաններին դիմելու եւ վարկերի բռնագանձման պահանջների աճը կարող է պայմանավորված լինել տնտեսության ընդհանուր իրավիճակից բխող` վարկերի որակի որոշակի վատթարացմամբ: Սակայն, վստահորեն կարող եմ ասել, որ մեր բանկի համար չափազանց խորթ է ձեր կողմից նշված քաղաքականությունը: Գյուղատնտեսական վարկերի տրամադրման ժամանակ մեր բանկը գրավ է վերցնում գործնականում այն ամենը, ինչ կարող է առաջարկել գյուղացին` շարժական գույք, շինություններ, հող, անասուններ, անձնական երաշխավորություններ, գյուղտեխնիկա. կոնկրետ պահանջ չենք ներկայացնում: Իսկ որոշ դեպքերում` տրամադրվում են առանց գրավի` միայն անձնական երաշխավորությունների հիման վրա: Ընդ որում, հավատացնում եմ ձեզ, որ գյուղացիների կողմից առաջարկվող գրավների իրացվելիությունը մեծ չէ: Մեր նպատակը երբեւիցե չի եղել գյուղացու հողի, տան կամ ունեցվածքի բռնագանձումը, առավել եւս` հավելյալ արժեքով:
– Այնուամենայնիվ, եղե՞լ են նախադեպեր, երբ գյուղացին չի կարողացել վերադարձնել վարկը, եւ նրան վտարել են իր տնից, իսկ վաճառքից ստացված գումարը բռնագանձել հօգուտ բանկի:
– Այս պահի դրությամբ գյուղացիական վարկերի գծով դատական գործերից միայն 18-ի դեպքում է որպես գրավի առարկա հանդիսանում բնակարանը, ընդ որում, նշված բնակարաններից ոչ մեկից վտարման դեպքեր չեն եղել: Անցյալ տարվա ընթացքում դատական գործընթացի արդյունքում բանկը գնել էր աճուրդի միջոցով 3 բնակելի տուն, որոնք հետ ենք վաճառել սեփականատերերին: Մենք աշխատում ենք խուսափել ցավոտ երեւույթներից ու դեպքերից: Բոլոր այն դեպքերում, երբ գյուղացին հնարավորություն չի ունենում մարել վարկը ժամանակին, մենք նրա եւ իր համայնքի հետ միասին գտնում ենք համաձայնության եզր, դատական գործընթացում գտնվող գործի պարագայում` կազմում ենք գրաֆիկ այդ վարկը մարելու համար: Մեզ հետ համագործակցության ընթացքում եղել են նաեւ ոչ պարտաճանաչ ու խաբեբա մարդիկ, բայց նույնիսկ այս պայմաններում մեր գործունեության 15 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ գյուղացուն վտարել ենք իր տնից: Նման գործելաոճը բացասաբար կանդրադառնար մեր հետագա համագործակցության վրա, եւ մենք ուղղակի ի վիճակի չէինք լինի շարունակել մեր համագործակցությունը:
– Այդ դեպքում ինչո՞ւ են այսքան շատ դատական հայցերը: Ներկայումս դատական պրոցեսում գտնվող 1515-ը այն վարկառուներն են, որոնց հետ բանկը չի՞ կարողացել ընդհանուր լեզու գտնել:
– Դրանք այն մարդիկ են, որոնք դժվարացել են իրենց պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու: Իրենց տրված է եղել լրացուցիչ հնարավորություն եւ հիմա էլ է տրված: Թեեւ գործերը գտնվում են դատարանում, բայց մենք շարունակում ենք նրանց հետ ուղիներ փնտրել եւ գտնում ենք լուծման ճանապարհը: Օրինակ, մի դեպք ներկայացնեմ, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում 1998 թվականին վարկ էինք տրամադրել, շատ ջանքեր թափվեց, որ վարկը մարվի, բայց այն չկարողացան մարել: Անգամ այն ժամանակ, երբ բանկը գնեց այդ տունը, ընտանիքը շարունակեց բնակվել այնտեղ: Եվ միայն 12 տարի հետո նրանք կարողացան գումարը մաս-մաս վճարելու միջոցով տունը հետ գնել: Դա մեզ համար մեծ ուրախություն էր: Ասեմ նաեւ, որ ձեր նշած ընթացքի մեջ գտնվող 1515 վարկային գործերից ընդամենը 351-ն է գյուղատնտեսական նշանակության վարկ:
– Այսօր առեւտրային բանկերը գյուղատնտեսական նշանակության վարկերը տրամադրում են գրեթե նույն տոկոսադրույքով, ինչ, ասենք, բիզնես վարկերը` տարեկան 24 տոկոսով: Որքանո՞վ եք սա նորմալ համարում: Բացի այդ, հայտնի է, որ վարկային միջոցները դրսի ֆինանսական կառույցներից ներգրավվում են 5-6 տոկոսով եւ եռակի թանկ տեղաբաշխվում:
– Դուք շեշտեցիք 24 տոկոս տոկոսադրույքը, բայց մեր բանկը տրամադրում է գյուղատնտեսական վարկեր` սկսած 13 տոկոսից, եւ առավելագույնը` 24 տոկոսով: Դա կախված է վարկի ապահովվածությունից, հաճախորդի վարկային պատմությունից, պարտաճանաչությունից եւ այլ գործոններից: Չէի ասի, թե այստեղ այդքան մեծ տոկոսային մարժա է գործում, քանի որ, եթե լիներ այնպես, ինչպես դուք եք ասում, ապա կլինեին էլի բանկեր, որոնք շահագրգռված կլինեին աշխատել այս ոլորտում` ավելի մրցունակ տոկոսներով: Մեկ վարկի վրա կատարվող ծախսերը, դրանց սպասարկելը, մոնիտորինգ անելը, ռիսկայնությունը, կորուստների հավանականությունը բերում են նրան, որ չեմ կարծում, թե այդ վարկերի տոկոսադրույքները բարձր են:
– Բանկի կողմից վերահսկվո՞ւմ է, թե որքանով է վարկը նպատակային օգտագործվում:
– Չեմ բացառում, որ որոշ դեպքերում գումարի որոշակի սահմանաչափ ծախսվում է նաեւ անձնական կարիքների համար, բայց, ամեն դեպքում, հիմնականում վարկը ծառայում է նպատակին: Մենք առաջին իսկ օրից փորձել ենք գյուղերում արմատավորել իրար չխաբելու եւ վստահելու մշակույթ: Պարբերաբար այցելում ենք գյուղեր եւ ստուգում ենք, թե որքանով է մեր տված գումարը օգտագործվում նպատակային: Հիմնականում, եթե մարդիկ նպատակային են օգտագործում վարկը, ապա այն արդյունավետ է լինում: Իհարկե, բացառությունները, կապված բնակլիմայական աղետների կամ անասունների հիվանդությունների հետ, լինում են: Ոլորտը ռիսկային է, այդ պատճառով էլ ՀՀ-ում գործող մյուս առեւտրային բանկերը հիմնականում խուսափում են գյուղատնտեսության ոլորտի վարկավորումից: Ամփոփելով ասեմ, որ բանկը միայն ծայրահեղ դեպքերում է դիմում դատական ատյաններին` վարկերի վերադարձելիությունն օրենքով սահմանված կարգով ապահովելու համար: