Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում սննդային թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացված հիվանդներից, ինչպես նաեւ սննդամթերքից` էկլերից, եւ հրուշակեղենի արտադրամասում օգտագործվող հարիչից վերցված նմուշներում մանրէաբանական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա էնտերիտիդիս տիպի հարուցիչ: Արտադրամասի աշխատակիցներից վերցված նմուշներում հարուցիչներ չեն հայտնաբերվել: Առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ըստ ամենայնի` վարակի փոխանցման գործոն է հանդիսացել պատրաստի արտադրանքը, ինչը ենթարկվել է երկրորդային մանրէային աղտոտվածության` սննդամթերքի արտադրության եւ շրջանառության փուլերում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով: Ներկայումս հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը դադարեցված է, համաճարակային եւ բուժօգնության իրավիճակը գտնվում է Առողջապահության նախարարության անմիջական հսկողության ներքո: Հիշեցնենք, որ էկլերից թունավորվել է 26 հոգի: