Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլութ Չավուշօղլուն անցյալ շաբաթ Երեւան կատարած իր այցի ժամանակ վիրավորեց հյուրընկալողներին` հրաժարվելով ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Երբ հայկական լրատվամիջոցները նրան հարցեր տվեցին ծաղկեպսակ դնելուց հրաժարվելու մասին, Չավուշօղլուն ստեց` ասելով, թե իր նախորդները եւս այդպես են վարվել: Սակայն հայ լրագրողներն ուղղեցին նրան` շեշտելով, որ իրականում ԵԽ ԽՎ այլ նախագահներ այցելել են Ցեղասպանության հուշահամալիր: Սուտասանության մեջ մերկացվելուց հետո նա փոխեց իր տոնն ու խոստովանեց, որ Հուշահամալիր չայցելելն իր անձնական որոշումն է, եւ խնդրեց հայերին հարգել իր ցանկությունը: Իսկ ինչո՞ւ պետք է հայերը հարգեն Ցեղասպանությունը ժխտողին ու ստախոսին: Չավուշօղլուն` Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկն ու թուրքական խորհրդարանի անդամը, Հայաստան էր ժամանել ոչ որպես թուրք պաշտոնյա, այլ՝ որպես ԵԽ ԽՎ նախագահ: Ցավալի է, որ այս տարվա սկզբին ԵԽ ԽՎ-ում հայ պատվիրակներին չհաջողվեց խոչընդոտել նրա ընտրությանն այս ազդեցիկ եվրոպական կառույցի նախագահությունում: Իրական խնդիրը Չավուշօղլուի ազգային ծագումը չէ. ոչ ոք չպետք է զրկվի որեւէ պաշտոնից իր ազգային պատկանելության պատճառով: Առարկությունները հիմնված են հայկական հարցերի նկատմամբ նրա վաղեմի ընդդիմության, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման եւ Արցախյան հակամարտությունում Ադրբեջանի աջակցության վրա: Տեղեկանալով, որ Չավուշօղլուն չի այցելելու Ցեղասպանության հուշահամալիր, որը սահմանված արարողակարգ է Երեւան այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների համար, Հայաստանի կառավարությունը որոշեց նրա այցելության կարգավիճակը «պաշտոնական» մակարդակից իջեցնել «աշխատանքայինի»: Անշուշտ, սա ընդամենը մի թույլ հակազդեցություն էր նրա հասցրած ծանր վիրավորանքի համեմատ: Ցավոք, Հայաստանի իշխանությունները քննադատական կամ դատապարտման որեւէ խոսք չասացին: Նրանք պետք է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկեին Չավուշօղլուի դեմ եւ չեղյալ հայտարարեին նրա այցը Երեւան: Հաստատակամություն չցուցաբերելով երկրում վաղուց հաստատված արարողակարգի պահպանման գործում, Հայաստանի իշխանությունները պարզապես խրախուսում են ապագայում Հայաստան այցելող բարձրաստիճան պաշտոնյաներին` հարգանքի տուրք չմատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մի ցավալի նախադեպ արդեն ունեցել ենք 2008թ. սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահ Գյուլը հրավիրվել էր Երեւան: Այն ժամանակ մի հոդվածում ես կոչ արեցի Հայաստանի իշխանություններին Թուրքիայի նախագահից պահանջել ծաղկեպսակ դնել Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Ցավոք, Գյուլին նման պահանջով չդիմեցին, եւ նա շատ ուրախ էր, որ այդպիսի հարց չբարձրացվեց: Պետք է դրվատանքի խոսքեր ասել Հայ Հեղափոխական Դաշնակցության հասցեին` Երեւան կատարած այցի ժամանակ Չավուշօղլուի հետ հանդիպումից հրաժարվելու համար` Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ վերջինիս անհարգալից վերաբերմունքի պատճառով: Նրա այցը դատապարտեց նաեւ Հնչակյան կուսակցության ուսանողական միությունը:
Ցավոք, ընդդիմադիր կուսակցություններից մեկի պաշտոնատար անձինք հանդիպեցին Չավուշօղլուի հետ իրենց սեփական օրակարգով, խնդրելով նրան` թուրքին, դատապարտել Հայաստանի Կառավարությանը մարդու իրավունքների խախտման համար: Միեւնույն ժամանակ, իշխանամետ կուսակցությունները հանդիպեցին Չավուշօղլուի հետ` ծանոթացնելով նրան տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին, կարծելով, թե նա պատրաստ է փոխել իր տեսակետները Հայոց ցեղասպանության, Արցախի կամ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Անկախ Չավուշօղլուի եւ նրա կառավարության` Հայոց ցեղասպանության հանդեպ ունեցած ժխտողական դիրքորոշումից, նրան չպետք է ներել Ցեղասպանության հուշահամալիր չայցելելու համար: Նույնիսկ այն երկրների դեսպանները, որոնք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մասնակցում են Ապրիլի 24-ի սգո արարողությանը եւ ծաղկեպսակ դնում Ցեղասպանության հուշարձանին:
Հրաժարվելով հետեւել արարողակարգին, Չավուշօղլուն ոչ միայն վիրավորեց հայ ժողովրդին, այլ միաժամանակ խախտեց վաղուց Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությունը:
Ի վերջո, թուրք դիվանագետն իր խոսքով ու գործով ծանր դրության մեջ դրեց ինքն իրեն ու գցեց իր վարկը՝ որպես քաղաքական գործիչ, եւ արժանի ներկայացուցիչ՝ այս հանրահայտ եվրոպական կառույցի եւ նրա արժեքների:
Ապագայում նման սկանդալներից խուսափելու համար Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին`մինչեւ նրանց այցը, եւ հասու դարձնեն Հայաստանում սահմանված արարողակարգի` Ցեղասպանության հուշարձանին ծաղկեպսակ դնելու կարեւորությանը: Հրաժարվելու դեպքում նրանց այցերը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն: Կարո՞ղ եք պատկերացնել մի որեւէ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի, որն այցելի Երուսաղեմ ու հրաժարվի ծաղկեպսակ դնել Յադ Վաշեմի` Հոլոքոստի զոհերի հուշարձանին: Նրան հետագայում երբեք թույլ չեն տա ոտք դնել Իսրայել: Հայաստանի Կառավարությունը նույնպիսի դիրքորոշում պետք է որդեգրի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ:
Հայաստան կատարած իր այցելության վերջում Չավուշօղլուն հայտարարեց, որ այս տարվա հոկտեմբերին կրկին այցելելու է Հայաստան: Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նրա մուտքը երկիր, մինչեւ որ նա չհարգի օտարերկրյա բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների համար Հայաստանում սահմանված արարողակարգը:
Եթե հայ պաշտոնյաները հաստատակամ չլինեն հենց իրենց երկրի կանոնակարգի կատարման հանդեպ, ապա օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները դրանց ենթարկվելու ոչ մի պատճառ չեն ունենա:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր