Վճիռը կա, բայց կատարումը «քնացնում» են

19/05/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւանի Աղայան 12ա հասցեի բնակչուհի Նինել Մկրտումյանը դիմել է խմբագրություն` ներկայացնելով փաստաթղթերի մի տրցակ, որտեղ 2005-ից մինչ օրս շարունակվող ժառանգություն ստացած բնակարանի դատական արձանագրություններն ու որոշումներն են:

Ըստ այդ փաստաթղթերի` թեեւ բոլոր ատյաններով վիճարկված բնակարանի հարցի վերաբերյալ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Ն. Մկրտումյանի, այդուհանդերձ, գործնականում դատարանի վճիռների կատարումը միտումնավոր ձգձգվում է: Բանն այն է, որ 1986թ. Ն. Մկրտումյանն իր եղբոր երկու երեխաների հետ հավասարապես դարձել է հոր բնակարանի ժառանգորդը: Այնուհետեւ, ընտանեկան կոնֆլիկտների արդյունքում, այնպես է ստացվել, որ ստիպված են եղել դիմել դատարանի միջամտությանը` օրենքի սահմաններում նրանցից յուրաքանչյուրին հասանելիք բաժնեմասը բաշխելու համար: Ինչպես Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները վճիռ են արձակել, ըստ որի` «Նինել Մկրտումյանին, Կարինե եւ Գարիկ Մկրտումյաններին (եղբոր երեխաները) ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող Աղայան 12ա հասցեում գտնվող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել եւ ստացված գումարը բաժանել սեփականատերերի միջեւ նրանց բաժիններին համաչափ»: Ասել է թե` դատարանները ճանաչել են Աղայան 12ա բնակարանի Ն. Մկրտումյանին պատկանող բաժնեմասի իրավունքը, սակայն… «Ախր ինչքա՞ն կարելի է՝ էս դատարանից էն դատարան, էն դատարանից էս դատարան: Հոգնել եմ արդեն: Տարիներն անցնում են, իսկ գործը դատարանում է: Իսկ ինչո՞ւ է դատարանում, որովհետեւ մյուս բաժնեմասերի սեփականատերերը դիմել են նախագահի ապարատի իրենց մտերիմներին, եւ հրահանգ է իջեցվել՝ նրանց խնդրանքը բավարարել: Ճիշտ է` դատավորները մարդկային եւ օրենքի սահմաններում վճիռներ են արձակել, բայց նրանց այդ քայլը ոսկորի նման կանգնել է նրանց կոկորդին»,- ասում է Ն. Մկրտումյանը` վստահեցնելով, որ անգամ դատավորներն են «զզված» հայտարարել, որ այս գործով «վերեւից» իրենց ճնշում են: Ըստ նրա` իր քրոջ աղջիկն ամուր կապեր ունի ՀՀ նախագահականի որոշ մարդկանց հետ, հետեւաբար այս գործին միջամտելու նրա խնդրանքի հետեւանքն այն է, որ դատավորները ոչ այն է՝ մերժեն, ոչ այն է` հինգ տարի անգիր արած այս գործով նույնաբովանդակ վճիռ արձակեն եւ կրկին կատարման պահանջ ներկայացնեն:

Ինչեւէ, 2008թ. երեք ատյանների, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի վճռի պահանջով ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) Աղայան 12ա հասցեի գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու համար այն ներկայացրել է գնահատման: Հրավիրվել է գնահատման գործակալության ներկայացուցիչ` բնակարանը վաճառքի դնելու համար, սակայն մյուս բաժնեմասի սեփականատեր՝ Ն. Մկրտումյանի եղբոր աղջիկը եւ տղան` Կարինե եւ Գարիկ Մկրտումյանները, շարունակել են տարբեր պահանջներով հայց ներկայացնել դատարան: Բացի դա, նաեւ պահանջել են Ն. Մկրտումյանի` բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնել: Դատարաններում վիճարկվող անշարժ գույքի վերաբերյալ Կ. Մկրտումյանի ներկայացրած բոլոր հայցերը մերժվել են, իսկ «փաստարկները» համարվել են ոչ իրավաչափ: Մի խոսքով` դատարանի վճիռներում յուրաքանչյուրի բաժնեմասը համաչափ տրամադրելու պահանջ է իջեցվել: «Բայց նա չի համակերպվում էդ մտքի հետ: Նրան իր ծանոթներն ուղղություն են ցույց տալիս, ասում են` էս հայցով ներկայացի դատարան, սա արա, նա արա: Նա անընդհատ պահանջներ է ներկայացնում դատարան եւ փորձում է ձգձգել իմ բաժնեմասը հրապարակային սակարկության միջոցով ինձ տրամադրելու գործընթացը: Հասկանո՞ւմ եք, այս ամենը տարիներ է խլում մեզնից: Արդեն հոգնել ենք դատարաններից եւ նաեւ հասկանում ենք գործը դանդաղ ընթացքով տանող դատավորներին: Նրանք արձակել են այնպիսի վճիռներ, որոնք օրենքն է թելադրել, եւ հիմա ենթարկվելով ճնշումներին` չեն կարողանում լուծում գտնել: Դանդաղում են: Ինչքան մեր գործը մնա դատարաններում, այնքան իրենք այս հարցն իրենց ուզածով լուծելու ճանապարհներ կգտնեն»,- ասում է Ն. Մկրտումյանը` «խղճալով» նույնիսկ այն դատավորներին, ովքեր արդար վճիռ կայացնելու դեպքում «վերեւներից» ճնշումների են ենթարկվում եւ հայտնվում են անելանելի վիճակում: Այնուամենայնիվ, ԴԱՀԿ ծառայությունը, տեւական ժամանակ է, կասեցրել է գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու եւ Ն. Մկրտումյանի բաժնեմասը փոխհատուցելու հետ կապված գործողությունները` պատճառաբանությամբ, թե մյուս կողմերը նոր հայցով դիմել են դատարան: «Ուժի մեջ մտած դատարանի վճիռը, փաստորեն, չի կատարվում միայն մեկ պատճառով` սպասում են վերեւների այնպիսի մի միջամտության, որով դատարանին կկարողանան պարտավորեցնել իրենց օգտին քայլ անել: Ժամանակ են շահում, որ ինչ-որ ձեւով իրենց խնդիրը լուծվի»,- ասում է Ն. Մկրտումյանը` վստահեցնելով, որ դատարանում տարիներ շարունակ այս գործը «քնացնելու» այլ բացատրություն գոյություն չունի: