Կանաչ հովտի ջրափոսերի մեջ արագիլն այնպիսի խրոխտ կեցվածքով էր շրջում, ասես, կարմիր ուղեգորգով քայլելիս լիներ: Մաշված ճանապարհաեզրերին կանգնած հեռագրասյուների վրա գտնվող արագիլները եւս հետեւում էին «թափառող» արագիլի շարժին: Ավելին` արագիլների լուռ հաղորդակցությունը ֆանտաստիկ մոնոներկայացման վերածվեց: Ու թվում էր, թե գտնվում ես Արագիլների Մեմանդարի թատրոնում:
Մեմանդարի բժիշկ «մոլլան»
Մեմանդարն Արարատի մարզի Հովտաշատ գյուղի նախկին անվանումն է, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է՝ հյուրասիրության վայր: Գյուղի բնակիչներն առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում արագիլների նկատմամբ, ու դեռեւս ամիսներ առաջ նրանք տոնեցին արագիլների 50-ամյակը: Ասում են` նույնիսկ հեռագրասյուներն են համարակալած: «Բոլոր արագիլներին դեմքով ճանաչում ենք»,- կատակում են հովտաշատցիները, ովքեր անծանոթներին իրենց գյուղը ներկայացնելիս նախեւառաջ պատմում են գյուղի զորեղ «մոլլայի» մասին, ով, թեեւ արդեն 40 տարի է` ինչ չկա, բայց դեռ շարունակում են նրանով հպարտանալ: «Էդ մարդն աստվածատուր բժիշկ էր: Իր մոտ մտնելու համար պիտի 3 օր հերթ կանգնեիր, դե էդ էլ դեռ հարց ա` կկարողանայի՞ր մտնել, թե՞ ոչ»,- ասում են բնակիչները, ովքեր Փառնակ Շիշիկյանին կնքել էին «մոլլա» անվամբ: Ըստ գյուղացիների` ժողովրդական բժշկի համբավ ունեցող մարդը բուժում էր ընկնավորությունը, չբերությունը, վախը, ամուսնալուծվածներին միացնում էր, սիրո մեջ մարդկանց դարձնում էր հաջողակ… Ու հետաքրքիրն այն է, որ նա այս ամենն անում էր առանց վարձատրվելու ակնկալիքի: Այն սենյակը, որտեղ նա ընդունում էր մարդկանց, այսօր վերածվել է մատուռի. սրբերի լուսանկարների, խաչերի եւ այլ պարագաների շարքում պահպանվել է նաեւ «մոլլայի» հագուստը: «Մի բանում կարող ենք վստահ ասել` այս մատուռում աղոթքները լսելի են դառնում»,- ասում են տան բնակիչները` առաջարկելով մոմ վառել: Եվ իսկապես, այս սենյակը գերհզոր էներգետիկ դաշտ ունի, որտեղ ակամայից սկսում ես հուզվել: Փառնակ Շիշիկյանը ծնվել է Զեյթուն քաղաքում: «1915թ. զեյթունցիներին եւս քշել են Դեր Զորի անապատներ: Մինչ այդ` թուրքերն աղաներից հավաքեցին ամբողջ զինամթերքը, եւ զեյթունցիները 39 անգամ կռվել են թուրքերի հետ` հաղթող դուրս գալով, բայց 40-րդ կռվի ժամանակ հաղթել են»,- պատմում է Փառնակ Շիշիկյանի փեսան` Սարգիս Մարտիրոսյանը: Իսկ աղջիկը` տիկին Խաթունը, գաթան ու մյուս քաղցրավենիքները սեղանին անշտապ շարելով՝ նախ խնդրեց հյուրասիրվել, հետո նստեց սեղանի շուրջ: «Ինքը մեզ չէր պատմում իր կյանքի մասին: Մենք ավելի շատ ուրիշներից էինք լսում»,- ասում է տիկին Խաթունը: «Հայրս պատմում էր, թե հայերին ինչպես էին մի տան մեջ լցնում, հետո այն հրդեհում,- թաց կոպերով նշում է տիկին Խաթունը,- Ընդհանրապես հայրս այդ մասին մեզ հետ շատ քիչ է խոսել: Մի անգամ պատմեց, թե թուրքերն իրենց ոնց էին մի սենյակի մեջ 7 օր պահել: Առանց ջրի ու հացի պահելով` հայերը հող էին ուտում: Ու ստիպված են եղել մի անբուժելի հիվանդ կնոջ մորթել ու միսն ուտել: Հայրս այս մասին առանց հուզմունքի չէր կարողանում պատմել»: «Այնուհետ թուրքերը Փառնակ Շիշիկյանին ու նրա 4 եղբայրներին իրար ետեւից կանգնեցրել էին, որպեսզի հինգին մեկ փամփուշտով սպանեին: Այդպիսով` նրանք փորձում էին խնայել փամփուշտները: Ափսոսում էին փամփուշտները: Թուրքը 5 անգամ կրակելուց հետո չէր կարողացել սպանել եղբայրներին: Պատմում են, որ դրանից հետո թուրքն ասել էր` «գյավուրօղլու» (հայի ձագեր), եւ եղբայրներին նետել էին ջուրը: Թուրքը վախեցել էր ու ասել, որ եղբայրների մեջ սատանա կա, քանի որ զարմացել էր, թե ոնց կարող էր 5 փամփուշտից գոնե մեկը նրանց չդիպչել»,- պատմում են զրուցակիցներս: «Ջուրը նրան ափ էր հանել: Մերկ վիճակով նա ափին քնած է եղել, եւ անցորդ ձիավորներից մեկը նրան տեսնելով, մոտեցել էր, յափնջին գցել վրան ու իր հետ տարել: Հետո արաբի մոտ հովվություն էր արել»,- պատմում էր աղջիկը` տիկին Խաթունը` հավելելով, թե հովվություն անելու տարիներին հայրն օգնել է անգլիացիներին ու ֆրանսիացիներին հայերի հավաքագրման գործում: «Նա գիտեր, թե որ տանն էր հայ ապրում: Եվրոպացիներին տեղեկացնում էր, ու վերջիններս էլ գալիս էին հայերին ազատում: Մոտ 2000 հայ նա կարողացավ գտնել ու ազատել տալ»: Հովվության տարիներին էլ արաբ ընտանիքի հայրը որոշում է, որ Փառնակ Շիշիկյանը պետք է ամուսնանա իր աղջկա հետ: Եվ քանի որ աղջկա կամքը կամ ցանկությունը որեւիցե մեկը հաշվի չէր առնում, նրանք ամուսնացան, չնայած Փ. Շիշիկյանը դեմ էր այդ կապին: «Մի օր էլ աղջկա մայրը հարցնում է, թե ինչո՞ւ երեխա չեն ունենում: Աղջիկը պատասխանում է, որ իրենք քույր-եղբայր են: Հայրս ասել էր, որ իրենք մի ընտանիքից են, քույր-եղբայր, ու նույնիսկ մի սուր էր դրել անկողնու մեջ: Հետո, բնականաբար, բաժանվում են»,- պատմում են զրուցակիցներս: Ըստ նրանց` որոշ ժամանակ անց Փառնակ Շիշիկյանը, ով արդեն զբաղվում էր առեւտրով, դառնում է տեղի մեծահարուստներից մեկը: Հենց այդ ժամանակ էլ նա հանդիպում է գառնարած կնոջը` Մարիցային, ում հետ ամուսնանում է ու անունն էլ փոխում, դարձնում է Սիրանույշ: Հետաքրքիր է, որ արաբ ընտանիքում մեծացած հայ աղջիկը` Սիրանույշը, չգիտեր իր արմատների մասին: Նա չի ցանկացել ամուսնանալ հայ Փառնակ Շիշիկյանի հետ, քանի որ մտածել է, թե ինքն արաբ է: Այնինչ պարզվում է, որ աղջկան փրկել էր արաբ ընտանիքի տղաներից մեկը: Վերջինս տեսել էր, թե արաբները 1 տարեկան 8 ամսական երեխայով ոնց էին ֆուտբոլ խաղում: «Զզվելի-զզվելի է, տար էդ հային: Այսպես է արձագանքել ընտանիքի մայրը` տեսնելով երեխային, ում ամբողջ երեսը արյունլվիկ էր: Բայց տղան շատ համառն էր: Մորն ասաց, որ իրենք քույր չունեն եւ պետք է պահեն երեխային»,- իր մոր մասին պատմում էր տիկին Խաթունը` մատնացույց անելով նաեւ լուսանկարը, որտեղ կնոջ դեմքին գեղեցիկ դաջվածքներ կային: Ի դեպ, արաբական այդ ցեղերի մոտ ընդունված էր դեմքին դաջվածքներ անելը: Արաբների մոտ դա համարվում է հավատքի նշան: «Պատրվակ բռնելով, թե իբր գնացել էին գառներին նայելու, հայրս տեսնում է մորս ու հավանում: Հետո գնում է մորս ծնողների մոտ ու խնդրում աղջկա ձեռքը: Քանի որ արաբների մոտ ընդունված է աղջիկներին վաճառելը, ուստի նրանք էլ ասացին` այսքան ուղտ, ոսկի, խուրջին եւ այլ բաներ պետք է բերեք, որ աղջկան տանեք: Բայց աղջիկը չէր ուզում` ասելով, որ ինքը «արաբացված» հայի հետ չի ուզում ամուսնանալ: Ու հենց այդ ժամանակ էլ մորս ասում են, որ ինքը ոչ թե արաբ է, այլ հայ»,- պատմում է տիկին Խաթունը: Նրա հիշողություններում մինչ օրս պահպանվել են նաեւ Թելբրաք քաղաքում իրենց ունեցած մեծ կալվածքներն ու տունը, որտեղ ունեին նաեւ ծառաներ: Բայց այդ ամենը հայրը` Փառնակ Շիշիկյանը, մի օր թողնում է արաբներին ու վերադառնում Հայաստան: Դա 1947 թվականն էր: Տիկին Խաթունը պատմում է նաեւ, որ հայրն իր հետ բերել էր 3 նժույգ, մեկը՝ Մարշալ Բաղրամյանի, մյուսը` Անաստաս Միկոյանի, իսկ երրորդն էլ՝ իր համար: Ու ցավալին այն է, որ Հայաստան վերադառնալուց տարիներ անց նա, այսպես ասած, փոշմանել էր իր որոշման համար: «Ասաց` ճամփեն բացվի, չմնաք հոս»,- հավելեց աղջիկը, ով, այնուամենայնիվ, դժվարացավ ասել, թե Փառնակ Շիշիկյանի շնորհն իր շառավիղներից ում է փոխանցվել: Թեեւ գյուղում խոսում են, որ տիկին Խաթունը նույնպես օժտված է այդ շնորհով, բայց ոչ այնքան, որքան Փառնակ Շիշիկյանը: Հետաքրքիրն այն է, որ Դեր Զորից փրկված, արաբ միջավայրում ապրած մարդը Հայաստանում հաստատվելուց հետո էլ շարունակել էր կրել արաբներին հատուկ զգեստն ու գլխաշորը: Ավելին` նրա մատուռում նույնիսկ պահպանվել է փոքրիկ գորգը, որի վրա նա աղոթքներ էր անում: Գյուղացիները պատմում են, որ նա բոլոր հիվանդներին օգնում էր աղոթքներով, ընդ որում` դա արտասանում էր արաբերեն: Ազդեցիկ է նաեւ այս մարդու կյանքի ավարտը: Ըստ զրուցակիցներիս` ժողովրդական բժիշկը (այդպես են նրան անվանում ու ներկայացնում գրքերում) գիտեր անգամ իր մահվան օրը: «35 տարի միայն բժշկությամբ էր զբաղվել: Ասում էր, որ 35-րդ տարում ինքը կմեռնի: Այդպես էլ եղավ: Հիվանդանոցից նա ինձ ուղարկեց տուն եւ ասաց, որ թաղման պատրաստությունը տեսնեմ»,- հուզմունքով վերհիշում է տիկին Խաթունը` Փառնակ Շիշիկյանի 10 զավակներից մեկը: «Ու նախքան ինձ տուն ուղարկելն ասաց, թե ոնց կազմակերպենք իր թաղումը: Նա խնդրեց, որ իր գերեզմանի մոտ աղբյուր կառուցենք»,- պատմում է տիկին Խաթունը: Զավակներն այդպես էլ վարվեցին` Փառնակ եւ Սիրանույշ Շիշիկյանների շիրմաքարերի կողքին երկու ցայտաղբյուր դրեցին: «Այս աղբյուրներից ջուր խմելիս մուրազ կպահես..»,- գերեզմանոցի ետդարձի ճանապարհին ինձ հորդորում է նրա փեսան` Սարգիս Մարտիրոսյանը, ով խոր ակնածանքով է խոսում Փառնակ Շիշիկյան մարդու մասին: