Լիբանանահայ երիտասարդներ Մարալին ու Խաչիկին հանդիպեցի պատահաբար: Մարալը 2001թվից Հայաստան չէր եկել: Ըստ նրա` Հայաստանը փոքր-ինչ փոխվել է` փողոցները գեղեցկացել են, պայծառացել: Իսկ Խաչիկը, ով գրեթե ամեն տարի գալիս է Հայաստան, այս ամենից զատ՝ նկատեց, որ չնայած արտաքին փոփոխություններին, հասարակության տնտեսական վիճակը մնացել է նույնը:
Ընդ որում` քիչ չեն նաեւ փոփոխությունները լիբանանահայ համայնքում: Ըստ լիբանանահայ երիտասարդների` Սփյուռքում խնդիրները շատացել են: «Կյանքը լիբանանահայ երիտասարդի համար տարբեր շերտավորումներ ունի: Այսօր լիբանանահայ երիտասարդների բավական մեծ հոսք կա դեպի Արաբական ծոցի երկրներ: Իսկ ինչ վերաբերում է ազգային կյանքին, ցավոք, այդ իմաստով ես այդքան էլ լավատես չեմ: Լիբանանահայ երիտասարդին այնքան էլ չեն հետաքրքրում ազգային, քաղաքական խնդիրները: Այսօր նրանցից շատերը կլանված են տնտեսական ոլորտի մեջ, եւ նրանց համար ավելի շատ կարեւոր է իրենց տնտեսական վիճակի բարելավումը»,- ասաց Խաչիկը, ով զբաղվում է համակարգչային ծրագրավորման աշխատանքներով: Նրա կարծիքով, Լիբանանում ապրող ներկա սերնդի համար միակ ճիգը դարձել է տնտեսական վիճակի բարելավումը, մինչդեռ երբեմն դա լուրջ պատճառ է դառնում ազգային արմատները մոռանալու համար: «Որքան էլ ցավալի է ասելը, բայց այլ երկրում ապրելով, շփվելով տվյալ երկրի մշակույթի, ավանդույթների, սովորույթների հետ, վերջին հաշվով փոխվում ես, դա չի կարող չայլասերել, եւ մի օր ակամայից դառնում ես այդ երկրի լիիրավ քաղաքացի: Դժբախտաբար, ավանդական կուսակցությունները, որոնք պետք է դեմ կանգնեն այս հոսանքին, բավարար լրջությամբ չեն մոտենում այս հարցին կամ էլ մոտենում են պատեհապաշտությամբ: Այսօր հստակ ռազմավարություն չկա` Սփյուռքը հայ պահելու համար»,- նշեց լիբանանահայ երիտասարդը` նկատելով, որ ռազմավարության բացակայության պատճառով էլ Սփյուռքին չի տրվում ինքնություն: «Հստակ չէ, թե այսօր Սփյուռքն ինչո՞ւ կամ ի՞նչ նպատակով պետք է գոյատեւի»,- հավալեց զրուցակիցս, ըստ որի` Սփյուռքում օրեցօր փակվում են հայկական դպրոցները, իսկ հայերի թիվն էլ տարեցտարի պակասում է: Ավելին` նույնիսկ Սփյուռքի «սիրտ» համարվող Լիբանանում հայ երեխաների ստվար մասը հաճախում է արաբական դպրոցներ: «Նախորդ տարիների համեմատ հայապահպանման մարտահրավերներն ավելի շատ են, եւ ավելի լուրջ աշխատանքի կարոտ են: Այսօր ձուլման վտանգն ավելի լուրջ է, քան կարելի է ենթադրել: Այդ պատճառով էլ պետք է շատ աշխատանք տարվի, հատկապես, երբ այս հարցում գիտակից երիտասարդներն են պակասել»,- ընդգծեց մասնագիտությամբ լրագրող Մարալը` նկատելով, որ կատարվող աշխատանքներն էլ մեծամասամբ վերաբերում են Հայ Դատին: «Իսկ այդ խնդրի մասին մանավանդ լիբանանահայ համայնքը քաջատեղյակ է: Կարծում եմ` պետք է նախեւառաջ քարոզչական աշխատանքներ տանել, այսինքն` ասելիք ունենալ, որը կներկայացվի ԶԼՄ-ներով»,- ասաց Մարալը: Իսկ արդյոք Լիբանանի Կառավարության կողմից խտրականություն դրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Զրուցակիցներս նշեցին, որ նման խնդիր միշտ էլ եղել է: «Հայերին` իբրեւ երկրորդ քաղաքացի դիտելը, սկզբից էլ եղել է: Այս երեւույթը մինչ օրս էլ գոյություն ունի, եւ, իհարկե, սխալ կլինի ասելը, թե խտրականություն չկա»,- շեշտեց Խաչիկը: Ըստ նրա` թեեւ այսօր «Երկքաղաքացիության մասին» օրենք կա, բայց Սփյուռքում դեռ սակավաթիվ են այդ օրենքից օգտվողները, այլ կերպ ասած` ՀՀ քաղաքացիություն ունեցող սփյուռքահայերը: Լիբանանահայ համայնքում հայերը ընդգրկված լինելով փոքրամասնությունների մեջ՝ մեծ հարգանք ունեն: Այս մասին լիբանանահայ երիտասարդները խոսում էին անթաքույց հպարտությամբ` միաժամանակ շեշտելով, որ քաղաքական միջոցառումներին հայերն ունեն կազմակերպված համայնքի համբավ: Փոխարենը՝ երիտասարդները վիրավորված են հայաստանյան իշխանություններից, որոնց կողմից քաջալերանքն ու ուշադրությունը Սփյուռքը, մեղմ ասած` չի զգում: «Լիբանանում կատարեցինք Ապրիլի 24-ի ոգեկոչումը: Հատկանշականն այն էր, որ այս անգամ Հայաստանից իշխանական ներկայացուցչություն չկար: Միգուցե դա պայմանավորված էր արտաքին եւ ներքին խնդիրներով… Բայց ամեն դեպքում հատկապես այս Ապրիլի 24-ին մեզ համար շատ կարեւոր էր նրանց ներկայացուցչությունը, որովհետեւ արդեն ծայր է առել համայնքների չեզոքացման գործընթացը, որը տարիներ առաջ դարձավ քաղաքացիական պատերազմի պատճառ»,- ասաց Խաչիկը: «Այո՛, եւ վիրավորված ես քեզ զգում..»,- հավելեց Մարալը: Իսկ հարցին, թե սփյուռքահայ երիտասարդն այսօր կցանկանա՞ ապրել Հայաստանում, Խաչիկը պատասխանեց. «Այն, որ աշխարհասփյուռ հայերի համար հայրենադարձությունն անխուսափելի հրամայական է, կասկած չկա: Դեռ ավելին` հայրենադարձությունը միակ եւ առաջնային այլընտրանքն է ուծացումից փրկվելու համար: Մյուս կողմից` սփյուռքահայի համար բավական դժվար է Հայաստանում մշտական բնակություն հաստատել: Սփյուռքահայ երիտասարդը, ծնված լինելով օտար միջավայրում, հարմարված լինելով տեղի ավանդույթներին, ունենալով իր շրջապատը, տվյալ պարագայում հայրենադարձությունը ենթադրում է կտրվել անմիջական շրջապատից: Ցավոք, այսօր կա նաեւ հայերի մի հատված, ովքեր Հայաստան գալու իմաստ այլեւս չեն տեսնում, բայց կա նաեւ մեկ այլ հատված, որոնք դեռ պահպանել են ազգային արժեքները»։ Խաչիկը` հայրենադարձությունը համարում է ՀՀ իշխանությունների կարեւորագույն խնդիրը, իսկ ավելի ճիշտ` հայերին ձուլման վտանգից փրկելու միջոցը: