Գիրքը տպագրել է «Նաիրի» հրատարակչությունը, Հրաչ Թամրազյանի հոգատար վերաբերմունքը զգացվում է գրքի ամեն էջում: Այն, ինչ չհասցրեց անել Այդին Մորիկյանը, ամբողջացրել է Անահիտ Ադամյանը: Գրքի հրատարակման ծախսերը հոգացել է Այդինի ընկեր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Պարզապես պետք է կարդալ գիրքը: Ընթերցողը կկարդա, կխորհի եւ կփորձի հասկանալ, թե ինչ ժամանակներում է ինքն ապրում եւ ինչպես է ապրում: Իսկ եթե դժվար կլինի ընկալել իրականությունն իր ամբողջության մեջ, ուշադիր ընթերցողը նորից կկարդա եւ կշարունակի խորհել: Լրագրողը ոչ միայն փաստերն արձանագրողն է, լրագրողը նաեւ իրականության հայելին է: Ճիշտ լրագրողը՝ ճիշտ հայելին է, առանց ավելորդաբանությունների, չափազանցությունների եւ առանց խաբեության: Այդին Մորիկյանը հենց այդպիսի լրագրող է: Նա երբեք չի խաբել իր ընթերցողին: Եղել է նախանձելի ազնիվ եւ ճշմարտախոս, հարգել է իր ընթերցողին եւ սովորեցրել է իրականությանը նայել բաց աչքերով: Մի փոքրիկ մեջբերում գրքի «Ամենադժվարը լրագրողի գործն է: Հայ լրագրողի» հոդվածից, որը տպագրվել է 2002-ին, «Օրրանի» սեպտեմբերի 5-ի համարում:
Ամենադժվարը՝ լրագրողի գործն ա։ Հայ լրագրողի
Մանավանդ՝ հիմա: Ու էս վերջին մի քանի տարիներին: Թեփ է, ամսագիր է, հեռուստատեսություն է, թե տեղեկությունների զանգվածային տարածման մեկ այլ միջոց, մեկ է՝ հայելի է: Հասարակության, նրա շուրջ եւ ներսում կատարվող երեւույթների: Զարգացումների, բանավեճերի, գաղափարական հակասությունների ու բախումների:
Ու եթե ընդունում ես «հայելու» այդ գաղափարը (չընդունել չես կարող պարզապես), շարժվում ու գործում այդ տրամաբանությամբ, ապա պետք է ընդունես նաեւ, որ քեզ վրա «ծախսված» ամալգամը իզուր տեղն էլ ծախսվել է: Դու ոչ մի հետաքրքիր, ուշագրավ, միտք շարժող բան էլ չես ցուցնում:
Որովհետեւ՝ պարզապես չկա:
Ու իզուր ու անիմաստ են նաեւ գնահատականներն ու կարծիքները. «թույլ էր…», «ուժեղ էր…»:
Հասկացեք, վերջապես, որ այս երկրում, ու արդեն վաղուց, որեւէ, ոչ միայն շինիչ, այլեւ ընդհանրապես նոր բան չի կատարվում: Իսկ հնի ու կատարվածի գնահատականներն էլ վաղուց ու բազմիցս տրվել են: Հնարավոր բոլոր ձեւերով ու ոճերով:
Այնպես որ, չեղած բանի «ուժեղ»-ը կամ «թույլ»-ը ո՞րն է:
Նույն բանը մեկ անգամ եւս՝ 333-րդ կամ 777-րդ անգամ ասելու համար ստիպված նոր ձեւ ես հորինում, անսովոր մի բան, ու արժանանում «թույլ էր» գնահատականին: Հաջորդն ավելի դժվար է մոգոնվում ու լինում է «ավելի թույլ»: Վերջին փրկությունը մնում է հումորը կամ երգիծանքը, բայց դա էլ արդեն քանիցս օգտագործած ես լինում:
Դառնանք վերլուծություններին:
Ցանկացած վերլուծության իմաստն ու նպատակը օբյեկտիվությունն է եւ դրա վրա հիմնված զարգացումների կանխատեսման ստույգությունը:
Ի՞նչը վերլուծես եւ ինչպես:
Իշխանափոխությո՞ւնը:
Կոնյակի գործարա՞նը:
«ԱրմենՏե՞լը»:
Օդանավակայա՞նը:
ԲԷՑ-ե՞րը:
Հարկային արտոնություննե՞րը, որոնք տրվում են ըստ «արտոնյալի» անձնական նվիրվածության «քյաշ» չափի՞…
Քոչարյան-Ալիեւ հանդիպումնե՞րը, որոնցից երեւի թե իրենք էլ մի կարգին բան չեն հասկանում, ուղղակի «քար ա, մանդրից գլորում են»…
Քաղաքական դաշտն ու նրա հեռանկարնե՞րը…
Թե՞…
Ինչին էլ ձեռք ես զարկում, մի երեք-չորս տողից օբյեկտիվորեն, կրկնում ենք՝ օբյեկտիվորեն, հանգում ես այնպիսի «հետեւությունների», որոնք… չես կարող հրապարակավ արտահայտել. դրանք գրելու բաներ չեն, եթե գոնե ինքդ քեզ ու քո ներկայացրած տեղեկատվամիջոցը մի քիչ հարգում ես: Համ էլ օրենքով էլ է արգելված՝ նաղդ նստող ես:
Դե, էս պայմաններում` վերլուծիր, դրա վրա էլ հիմնված` կանխատեսումներ արա զարգացումների շուրջ:
«Համախոհ» լինում են ոչ թե գաղափարակիցները, այլ նրանք, ում դա հանձնարարվում է: «Սատարում են» նրանք, ովքեր ոչ թե համոզված են սատարվողի ճշմարտացիության կամ առաքինությունների մեջ, այլ նրանք, ում առնում են: Կամ վախեցնում:
«Ընտրվում են» նրանք, ում նշանակում են:
«Հարստանում են» նրանք, ովքեր ոչ թե խորամիտ գործարարներ են, այլ` մուծվող:
«Հանցագործ են» նրանք, ովքեր զրկվել են «տերերի» բարեհաճությունից:
«Քաղաքական լուրջ գործիչներ»-ը նրանք են, ովքեր ոչ թե միտք, այլ կապեր ունեն: Ու իրենքական են: Նաեւ՝ պարբերաբար գովերգող:
«Մոսկաները»…
Դե, դա բոլորդ էլ գիտեք:
Դե, հիմի, խեղճ լրագրող կամ վերլուծաբան, փորձիր այս ամենի մեջ թեկուզեւ որեւէ տրամաբանություն գտնել:
Չես գտնի: Ու գլուխ էլ չես հանի այս ամենից:
Ո՞վ կիմանա, թե ով ում երբ է առնելու կամ ծախելու: Ով ում եւ ինչպես է «սիրելու»: Ով ում երբ եւ ինչ կհանձնարարի: Ով ում եւ ինչու է սատարելու: Ով եւ երբ է լուրջ քաղաքական գործիչ դառնալու եւ ինչպես: Ով ում երբ եւ ինչպես է հանցագործ նշանակելու: Ով ու ինչպես է ընտրվելու: Կամ ով է նոր հարուստը դառնալու: Միակ բանը, որ պարզ է, «մոսկաների» հարցն է: Թեեւ դա էլ միանշանակ չէ: «Էսօր` այստեղ, վաղը` այնտեղ»:
Էնպես որ, չնայած մեր մասնագիտությանը, ասում են, ժամանակագրությամբ երկրորդն է, բայց ծանրությամբ` հաստատ առաջինն է:
Այնպես որ, «անմեղադիր լերուք»:
«Օրրան»
5.09.2002