«Ամենամեծ ռեւոլյուցիան տիեզերքի գոյությունն է»,- ասում է նկարիչ-քանդակագործ Գեւորգ Ջորջ Քասաբյանը

19/05/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կանադահայ նկարիչ-քանդակագործ Գ. Ջ. Քասաբյանի մոլորակագիտական բազան հիմնված է ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկների վրա: Տիեզերքի վերաբերյալ նրա տրամաբանական բացատրություններն այնքան հիմնավորված են, որ թվում է` նա տիեզերագիտական թեզերի հեղինակ է: «Ամենամեծ ռեւոլյուցիան տիեզերքի գոյությունն է»,- ասում է Գ. Ջ. Քասաբյանը, ում շփումը տիեզերքի հետ արտացոլված է կտավների ու քանդակների` ձեւի եւ բովանդակության մեջ: Իսկ բծախնդիր` առաջին հայացքից կոսմոպոլիտ որոնումներն իրականում խորիմաստ ու պատճառաբանված են: Անգամ անգույն, թափանցիկ օդի մեջ «լողացող» էկլեկտիկ փոշեհատիկի գոյությունը նա պատահական չի համարում, քանի որ տիեզերքի արարիչն ամեն ինչ հաշվարկել է անթերի ճշգրտությամբ: Մեր հայրենակցի ձեռքերի շարժումը կարծես մոլորակացույց լինի, որի սլաքին հետեւելով՝ մեր միտքն ուղղվում է դեպի արեգակ: Իսկ արեգակի ներուժն ու խորհուրդը գիտակցելուն պես մենք հաճախ գալիս ենք այն եզրահանգման, որ մարդկությունը, մխրճվելով մատերիայի մեջ, «զոմբիանում» ու հրաժարվում է արարչագործության արժեքը գնահատելուց: Առհասարակ Գ. Ջ. Քասաբյանի մինիմալիստական գործերը վերացական արվեստի ընկալումից դուրս են, քանի որ դրանց մեջ ճշմարտության փնտրտուքը եւ գտած լինելու գաղափարն ակնհայտ է: Գ. Ջ. Քասաբյանի աչքը խորաթափանց է. նրա գործերը երբեմն վիզուալ մեզ մատուցում են այն, ինչը թերեւս մենք գիտենք, զգում ենք, բայց բառերով վերարտադրելու համար անբացատրելի է: «Կոսմիկ իրականությունը հզոր ուժ է: Արեւն ու մոլորակներն այնքան ֆունկցիոնալ ու իրար շաղկապված են, որ ամեն ինչ ստեղծվել է շշմելու ճշգրիտ հաշվարկով»,- ասում է նկարիչ-քանդակագործը: Իսկ ընդհանրապես Գ. Ջ. Քասաբյանի անհատական գործերի ամբողջական գաղափարը նման է այն պլանետարիումին, որն էներգետիկ դաշտով մեր հայացքները ձգում է դեպի երկինք: Ողորկ մակերեսների վրա դրված գծի, գույնի մաքրությունը, գործիքի վարպետությունը զգայուն ու հարմոնիկ են: Քանդակ-ֆիգուրների մեջ դեպի երկինք թռիչքի պատրաստ, բայց հողին կպած պլաստիկ շոյանքը մեր մեջ բնություն, ներդաշնակություն է ներարկում: Ասում է` «Երբ արվեստագետը` երաժիշտն իր գործիքի հետ, նկարիչը, քանդակագործն իր կտավի, նյութի հետ հաշտ է լինում, ուրեմն` համոզված եղեք, որ ստեղծագործությունը ստացվել է»: Իր նյութի հետ համերաշխ ապրող արվեստագետը նաեւ Հայաստանի խորհուրդը տիեզերքի մեջ պատահական չի համարում: Լեռնոտ ու քարքարոտ մեր երկիրը ստեղծագործողի համար վերաիմաստավորվելու ու ինքնարտահայտվելու իսկական դարբնոց է: «Էս քարերը, լեռները իրենց մեջ գենետիկա, պատմություն, հիշողություն ու մարդկային կյանքեր են պահում: Քարերի մեջ պատմություններ կան ու հաճախ արվեստի գործ դարձնելուց հետո իրենք իրենց պատմությունները պատմում են մարդկանց: Երբ մարդը մահանում է, եւ դիակը թաղում են հողի տակ` տարիների, դարերի ընթացքում դրանք ձուլվում են հողի մեջ, այնուհետեւ դառնում են քարեր: Դրանք երկրաբանական նրբություններ են: Այսինքն` էդ դիակներն իրենց ապրած կյանքով, հիշողությամբ դառնում են քար, իսկ մարդու հոգին թափանցում է տիեզերք ու միանում է մյուս հոգիներին: Ուզում եմ ասել, որ Հայաստանի քարերն իսկական հանրագիտարան են: Քանդակագործի համար մեր քարերն արարելու անգնահատելի նյութ են: Ձեւը տալուց հետո իրենք դիտողին անվերջ պատմելու, խոսելու հատկություն ունեն: Քարերը քանդակ դառնալուց հետո մի տեսակ կենդանանում են: Երբ քարին սիրում ես` ինքն էլ քեզ է սեր տալիս: Պոզիտիվ էներգիա կա դրանց մեջ»,- ասում է Գ. Ջ. Քասաբյանը, ով Հայաստանի տուֆի սպեցիֆիկան համարում է քանդակագործի հաջողության նյութը: Արեգակից սնուցվող երկնային մարմինների ու յուրաքանչյուր անհատի հոգեկան կապը տիեզերքի հետ Գ. Ջ. Քասաբյանը դիտարկում է` հիմնվելով միստիկ վերլուծությունների վրա:

Կանադայում Գ. Ջ. Քասաբյանը դեռեւս 1999-1993թթ. հիմնել է «Արեւային եւ պոլիուրեթանային հետազոտությունների» կենտրոնը («Oxer, Ceoo, Canadian Polyurethane & Solar research center): Հեղինակավոր բարձրագույն կրթական հաստատություններում ստացել է ճարտարագիտական, գեղարվեստական, ինչպես նաեւ` համակարգչային ծրագրավորման կրթություն, որի արդյունքում այս գիտություններն ու արվեստը համադրելով` կարողանում է թե՛ ուսումնասիրել եւ թե՛ բացահայտումները պատկերի միջոցով վերարտադրել: Պատահական չէ, որ Կանադայի «St-Joseph» հիվանդանոցում տեղադրված է նրա քանդակը, քանի որ նույնիսկ բժշկական գիտությունն ընդունում է նրա գործերի տիեզերական էներգիան:

Ասում է` շատ կարեւոր է, որ մարդիկ արթնանան առավոտյան ժամը 6-ին` արեւածագին, քանի որ արեւը պոզիտիվ էներգիա արձակող է: Ծագող արեւից կոսմիկ էներգիա է գալիս մարդու մեջ, որը մեզ դարձնում է առողջ, առանց նախապաշարմունքների, կենսուրախ ու հաշտարար մարդ:

Գ. Ջ. Քասաբյանն ապրելով Կանադայում՝ ամեն տարի վերադառնում է Հայաստան. «Հայաստանը նման է արեգակին, որի էներգիայից սնվում են մոլորակները: Սփյուռքը լինելով Հայաստանի մոլորակները՝ նրանից ուժ է ստանում: Ամեն տարի գալիս, չորս ամիս այստեղ եմ ապրում, մարտկոցի նման լիցքավորվում եմ ու գնում եմ Կանադա: Այսինքն` արեգակն առանց մոլորակների գոյություն չունի, իսկ մոլորակներն` առանց արեգակի: Իրարից ուժ են ստանում: 1999թ. կնոջս եւ երեխաներիս հետ եկա Հայաստանում ապրելու, որպեսզի երեխաներս այստեղ կրթություն ստանան: Արեւմուտքում ամեն ինչ կա ու էդ ամեն ինչը ջահելներին քամու նման սրբում-տանում է: Երկուսն էլ այստեղ ուսում ստացան, եւ 2006թ. կրկին վերադարձանք Կանադա: Հայաստանը մաքուր երկիր է, որը մարդուն պինդ, լեռնեցու, դժվարություններին դիմադրելու ուժ տվող հատկություն ունի: Մենք ընտանիքով շուտով կտեղափոխվենք Հայաստան»: Գ. Ջ. Քասաբյանի գործում առկա մետաղական կոնստրուկցիաներից ստացված ստեղծագործությունները, որոնք առաջին հայացքից ձեռնաշղթայի` բռնության խորհուրդ ունեն, իրականում հավաքականության խորհրդանիշ են: Այսինքն` շղթայի մի օղակը մի բան է, իսկ շղթան՝ բոլորովին այլ բան: Այնպես, ինչպես մենակ մարդն է` անպաշտպան ու խոցելի, մինչդեռ հավաքական իմաստով` համախմբված մարդիկ հզոր են: Ընդհանրապես Սփյուռքի եւ Հայաստանի հավաքականության բալանսը նրա գործերում գերիշխող է: Նա գենետիկան համարում է ամենապինդ օրգանիզմը, այսինքն` կրակը, որը մեր մեջ դրված է բեղմնավորման պահից սկսած, ու գենետիկ ծրագիրը կրելով` մենք այն փոխանցում ենք մեր սերունդներին: «Մարդու նայվածքից, ձեռքի շարժումից, գանգային կառուցվածքից, ստամոքսահյութից սկսած` մինչեւ մյուս օրգանների աշխատանքով վերջացրած, գենետիկ համակարգը դրված ծրագիր է, իսկ ուղեղի ծրագրավորումը կախված է միջավայրից եւ աշխարհագրական դիրքի մեջ գտնվելուց, որը երբեմն փոփոխության է ենթարկվում»,- ասում է Գ. Ջ. Քասաբյանը` վստահեցնելով, որ մարդը չի մահանում, որովհետեւ նրա գենետիկ էներգիան անմահ է: Մեր ազգային առանձնահատկությունը Գ. Ջ. Քասաբյանը համարում է լեռնեցու տոկուն, պինդ ու կոփված լինելու տեսակը, որը պատրաստ է դիմադրել կյանքի դաժան երեւույթներին ու գոյատեւել: Իսկ ընդհանրապես, լինելով ազգային գենի կրողը, նկարիչ-քանդակագործն իրեն համարում է պինդ մարդ, որին հիասթափեցնելն ու կոտրելը գրեթե անհնար է: Կյանքի արատավոր երեւույթներն, ինչպես ինքն է ասում` «Գալիս-կպնում են ինձ, բայց հետ են գնում: Ինձ ոչինչ չի կարող հիասթափեցնել, որովհետեւ կյանքում շատ բաների միջով եմ անցել ու շատ բաների եմ հասել: Ես ծնվել եմ Սիրիայում, որտեղ 1967թ. սկսվեց Սիրիա-Իսրայել պատերազմը, այնուհետեւ առանց ոչնչի, մեն-մենակ տեղափոխվել եմ Կանադա: Ամեն գործ արել եմ, բանվորությունից սկսած` մինչեւ անգամ` բուժեղբայր: Հիվանդանոցում աշխատելու տարիներին հիվանդներին լողացրել եմ, տակն եմ փոխել, կեղտոտ հագուստներն եմ լվացել: Մի խոսքով` ամենածանր ու ամենացածր աշխատանքը կատարելով գումար եմ վաստակել, որ ուսում ստանամ: Բարձրագույն ուսում ստանալու համար սովորել եմ համալսարանում, ինստիտուտում, ընդ որում` աշխատելուն զուգահեռ եմ սովորել: Հետո իմ գիտական եւ գեղարվեստական պաշարն օգտագործելով` կամաց-կամաց նվաճումներ եմ ունեցել այնքան, մինչեւ ստեղծել եմ սեփական ինժեներական ընկերությունը: Ուզում եմ ասել, որ կոփված, ամեն ինչ տեսած, բայց չիմացածի համար դեռեւս սովորելուն պատրաստ մարդ եմ: Հայաստանում, անշուշտ, արատավոր երեւույթները շատ են, բայց դրանք չեն կարող ինձ հիասթափեցնել, որովհետեւ ես այս երկրում եմ լիցքավորվում»: Հայաստանում, օրինակ` բաներ կան, որոնք նա չի հասկանում, բայց նաեւ դրանցից չի հիասթափվում: Մասնավորապես չի հասկանում այն մեծահարուստներին, որոնք տասնյակ շքեղ մեքենաներ, տներ են գնում, փող են կուտակում, բայց երբեք ոտք չեն դնում մշակութային կենտրոններ: «Էստեղ մշտապես գնում եմ Օպերա, թատրոններ, ցուցասրահներ ու երբեք չեմ տեսել, որ էդ հարուստները կամ պաշտոնյաներն էնտեղ լինեն: Կամ` Մշակույթի նախարարության ներկայացուցիչներին չեմ տեսնում մշակութային կենտրոններում: Մինչդեռ իրենք, լինելով առաջին դեմքերը, պիտի ժողովրդի համար օրինակ լինեն: Օրինակ` Կանադայում օպերայի տոմսն արժե մոտ 65 դոլար: Մենք` ընտանիքով, ամիսը մեկ անգամ կարողանում ենք գնալ, բայց հետո գումար պիտի խնայենք, որ հաջորդ ներկայացմանն էլ մասնակցենք: Այսինքն` մեր ծախսերի մեջ առաջնահերթություն է արվեստ տեսնելու համար մեծ գումար տալը: Մենք աշխատում ենք, որպեսզի արվեստի հետ շփվելու համար գումար ունենանք: Այստեղ այդպես չէ: Տոմսերը բավականին էժան են, բայց փող ունեցող մարդիկ չեն գնում»,- զարմանալով ասում է Գ. Ջ. Քասաբյանը` նույն պատկերը տեսնելով գալերեաների գործունեության մեջ:

Հայաստանում գալերեաների գործունեությունը նա համեմատում է բենզալցակայանների հետ, քանի որ, նրա խոսքով` «գալերեյշչիկները» նկարչի գործերը տեղադրելու համար գին են «կրակում»: Օրինակ` երեւանյան գալերեաներից մեկում իր ցուցահանդեսը կազմակերպելու համար Գ. Ջ. Քասաբյանից պահանջել են 1500 դոլար, ճիշտ նույն արժեքը, ինչը կպահանջվեր Կանադայի հեղինակավոր գալերեայում ցուցահանդես ունենալու համար: Այն դեպքում, երբ այդ երկրում ցուցահանդես հաճախելու կուլտուրան առաջնահերթություն է, իսկ նկարները վաճառելն ու բարեկեցիկ կյանքով ապրելը նկարչի համար երազանք չէ: «Պետական ֆինանսավորմամբ գոյատեւող ցուցասրահները ղեկավարում են մաֆիոզները, որոնք հետո իշխանության էստաֆետը ժառանգաբար հանձնում են իրենց ընտանիքի անդամներին: Իրենց լավ նկարիչ, լավ գործ պետք չի, իրենց փող ու ճորտություն է պետք, որպեսզի ինչ պահանջ դնեն` նկարիչը հնազանդվի: Էս տաղանդավոր աբստրակցիոնիստ երեխեքն ինքնարտահայտվելու տեղ չունեն, դրա համար էլ դրսի ճամփան են բռնում: Իրենք ըմբոստ են, չեն ընդունում էդ կոմունիստական, բռնատիրական պահանջները, դրա համար էլ` գալերեաների մաֆիոզները սրանց առաջ դռները փակում են: Նկարիչների միության նախագահը էս տասը տարի է նախագահ է, բայց ո՞նց` թագավորությո՞ւն է, միշտ իրե՞ն են ընտրում, անփոխարինելի՞ է, չընտրողներ կամ նոր մարդիկ չկա՞ն: Ում գործերը մի քիչ չեն համապատասխանում կոմունիզմից մնացած փտած գաղափարներին, շարժման էլեմենտներ են պարունակում իրենց մեջ, Նկարիչների միությունը լիկվիդացնում է: Ազգային պատկերասրահի ղեկավարությանը մի անգամ դիմեցի, հունվար ամսից նամակ էի գրել, մեկ էլ պատասխան եկավ, թե` մեկ տարի առաջ պիտի դիմեիք, էսպես, էնպես… Այդ տարածք ներխուժելու համար նկարիչը մի 800 դոլար գոնե պիտի ունենա: Ես փող ունեցող մարդ եմ, ուզածս տեղում կարող եմ ցուցահանդես անել, բայց էս ջահելները տաղանդավոր են, չի կարելի նրանց հետ էսպես վարվել: Ես դրամս կտամ ու սկզբունքորեն Կանադայում կանեմ ցուցահանդես, որովհետեւ իրենք ճիշտ ձեւի մեջ չեն, ինձ դուր չի գալիս իրենց կայսերական տիրակալի կեցվածքը, ծանոթ-բարեկամ-խնամիական կապերով առաջնորդվելու քաղաքականությունը»,- ասում է նա:

Հայաստանում մշտապես փակ դռներին բախվող մեր աբստրակցիոնիստներին համախմբելու Գ. Ջ. Քասաբյանի նախաձեռնությունն այսօր հայ ժամանակակից նկարիչների մեջ մեծ ոգեւորություն է առաջացրել: Նա ստեղծել է «Հայ աբստրակտ արտիստների» ասոցիացիա, որը շուտով Հայաստանում մեծ շարժում կառաջացնի: Ճիշտ այնպես, ինչպես` 1980-ականներին Խորհրդային Կայսրության փլուզումից հետո հայ աբստրակցիոնիստները ջարդելով ժանգոտ կոմունիզմի պատերը՝ սկսեցին նոր շունչ ու ճաշակ թելադրել: Ասոցիացիայում արդեն մեծ թվով աբստրակցիոնիստներ են անդամագրվել եւ նորաստեղծ կառույցի վեբ-կայքում (www.armenianabstractartists.am) առայժմ իրենց գործերի փոքրիկ ցուցադրությունն են գտել: Ի դեպ, «Հայ աբստրակտ արտիստների» ասոցիացիան ինտերնետային կայքէջով գտել ու իր շարքերում համալրել է աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայ արտիստներին, որոնք այսօր ուղիղ կապ են հաստատել նկարիչների այս խմբի հետ: Գ. Ջ. Քասաբյանը Հայաստանում աբստրակտ արտիստների հետ կապված մեծ ծրագրեր ունի, որոնք շուտով կիրականացնի եւ կոմունիզմի «ախտից» չձերբազատված արվեստի «կենտրոնների» իշխողներին կապացուցի, որ արվեստ ցուցադրելը բենզին լիցքավորելու տրամաբանությամբ չպետք է «իրացնել»: