Պարող նկարիչ Օնիկ Սահակյանը, ով շուրջ 20 տարի եղել է Դալիի ընկերը: Նա
ինքնատիպ ու տաղանդավոր մարդ է՝ արտահայտիչ աչքերով եւ ճկուն, պլաստիկ
կառուցվածքով: Օնիկ Սահակյանը ծնվել է Թեհրանում, հաճախել է հայտնի
բալետմայստեր Ելենա Ավետիսյանի պարային դպրոցը, որն ավարտելուց հետո պարել
է Նյու Յորքում եւ Փարիզում բեմադրած բալետային ներկայացումներում:
Սովորել է Մոսկվայում: Ամենատպավորիչը կատարել է հնդկական եւ պարսկական
պարերը, նկարահանվել է մի քանի ֆիլմերում: Ճամփորդելով Հնդկաստանում,
ուսումնասիրել է ոչ միայն հնդկական պարը, այլեւ՝ տարազները: Ձեւավորել է
բեմական զգեստները եւ պատրաստել արեւելյան ոճի նրբագեղ զարդեր: ԱՄՆ
նախագահ Նիքսոնի կինը կրում է Օնիկ Սահակյանի պատրաստած մանյակը: «Ես միշտ
ցանկացել եմ ինքնարտահայտվել: Սկզբում` բալետի միջոցով, հետո`
նկարչության»,- ասում է Օնիկ Սահակյանը, ում 16 կտավները սեպտեմբերի
վերջին կցուցադրվեն «Գեւորգյան» ցուցասրահում: Օնիկ Սահակյանն իսկական
արվեստի մարդ է, «արվեստի գուրման», շրջապատում է իրեն գեղեցիկ իրերով եւ
գեղեցիկ հուշերով: Գտնում է, որ յուրաքանչյուր աշխատանքում արվեստի տարր
կա: Սիրում է խոհարարությունը եւ համոզված է, որ երբ տղամարդը հաճույքով
նոր ճաշատեսակներ է մոգոնում, չի կորցնում երիտասարդական ավյունը: Օնիկ
Սահակյանն առաջին անգամ է իր պատմական հայրենիք ժամանել:
– Շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ծանոթացաք Դալիի հետ:
– Դեռ չճանաչելով Դալիին, ես նրան շատ եմ սիրել: Ամսագրերից նրա նկարներն
էի կտրում ու տանս պատին փակցնում: 1958 թվականին Դալին Նյու Յորքում էր,
ես էլ իմ վարսավիր ընկերոջը խնդրեցի ծանոթացնել ինձ նրա հետ: Դալին ասաց
նրան. «Եթե քո ընկերն ուզում է ծանոթանալ ինձ հետ, ուրեմն խենթ է»: Ես
առաջին անգամ տեսա Դալիին, երբ նա վարսավիրանոցի սրահում մազերն էր կտրում
եւ վաքս էր քսում իր հայտնի բեղերին: Ընդ որում, նա իր բեղերին մեծ
ուշադրություն էր դարձնում, քանի որ ուզում էր նմանվել Վելասկեսին: Ամեն
ինչով էր ուզում նմանվել այդ հայտնի իսպանացի նկարչին: Երբ ես
վարսավիրանոցի դռնից ներս մտա, միանգամից գրավեցի Դալիի ուշադրությունը,
քանի որ մեկ բարդ բալետային պիրուետ արեցի՝ գլխիվայր պտույտ: Դալիի աչքերը
լայն բացվեցին. նա չէր սպասում նման խենթ մուտքի:
– Դուք ցանկացաք Դալիի ոճի էքստրավագանտ քա՞յլ անել:
– Այո, նա վեր կացավ աթոռից եւ շատ թատերականորեն օրհնեց ինձ: Եվ այդպես
միանգամից սկսվեց մեր ընկերությունը: Նրան դուր եկավ իմ խառնվածքը, ոճը:
Հետո սկսեցի այցելել նրան հյուրանոց: Թույլ էր տալիս, որ ես նայեմ, թե
ինչպես է ինքը նկարում: Ուրիշ ոչ մեկին նա չէր թողնում նկարելու պրոցեսին
ներկա գտնվել: Դա անկարելի բան էր: Բայց ինձ նույնիսկ պարտադրում էր իր
կողքին լինել: Ասում էր. «Ուզում եմ, որ ներկապնակը քո ձեռքում լինի,
որպեսզի ներկը քո ձեռքից վերցնեմ»: Շատ տարօրինակություններ ուներ,
ներկերը սրվակից սեղմում-հանում էր, թողնում էր, որ իրեն անհրաժեշտ
երկարության հասնեն, հանկարծ կարճ կամ երկար չլինեն, նոր սկսում էր
նկարել: Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի, եւ ինձ համար ծիծաղելի էր, որ
նկարելու համար դա կարեւոր է: Ես եւ Դալին շատ մտերմացանք 70-ական
թվականներին: Նա ամեն տարի երեք ամսով գալիս էր Նյու Յորք, եւ մենք միշտ
հանդիպում էինք: Նա, որպես կանոն, ամեն օր երկու ժամ հյուրանոցի
հյուրասրահում հանդիպում էր իր գրքերի գնորդների հետ եւ ստորագրություններ
էր բաժանում: Եթե մարդուն հավանում էր, կարող էր նաեւ մի քիչ նկարչություն
անել գրքի էջերում: Այնքան շատ մարդ էր գալիս, որ Դալին գժվում էր: Երբ
շատ էր հոգնում, բարձրանում էր իր սենյակն ու ասում ինձ. «Ասա բոլորին, որ
չքվեն այստեղից: Իսկ դու արի զրուցենք: Դու ամենադալիական մարդն ես:
Հետեւաբար, առանց ինձ հարցնելու պետք է իմանաս՝ ինչ եմ ես ուզում»:
– Դալիի էպատաժային կերպարը միայն դիմա՞կ էր, թե՞ նա կյանքում էլ էր սիրում տարօրինակ լինել:
– Նա իրականում այդպիսին էր: Նույնիսկ չեք կարող պատկերացնել, որքան
տարօրինակ էր: Օրինակ, մի օր մենք պատրաստվում էինք համերգ գնալ, եւ նա,
տեսնելով, որ կինը՝ Գալան, ուշանում է, այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ
բոլորը վախեցան: Նա գոռում էր եւ իրական խենթի տպավորություն թողնում:
Դալին շատ տաղանդավոր էր, բայց բարդ եւ անկանխատեսելի խառնվածք ուներ:
Մենք թողեցինք Գալային եւ առանց նրա գնացինք համերգ լսելու: Մի անգամ էլ,
երբ Դալին Փարիզից եկավ Նյու Յորք, հենց առաջին օրը սենյակում երեք ճանճ
տեսավ եւ ասաց. «Տես, Օնիկ, այս երեք ճանճերն ամեն տարի գալիս են ինձ
այցելության, այս նույն ճանճերն անցյալ տարի էլ էին եկել»: Ես մտքում
ծիծաղում էի իր ասածների վրա, բայց, իհարկե, շատ էի սիրում Դալիին: Եվ շատ
զարդեր էի սարքում նրա համար: Իսկ գիտե՞ք, որն էր Դալիի եւ Գալայի
ամենասիրած ուտեստը: Խորովածը: Ես Նյու Յորքի իմ տան պատշգամբում կրակ էի
վառում եւ խորոված անում: Դալին ասում էր. «Ես պատրաստ եմ ամեն օր խորոված
ուտել»:
– Դալիի հետ ծանոթանալուց հետո՞ սկսեցիք նկարել:
– Մինչեւ ծանոթությունը ես նկարում էի, բայց ոչ պրոֆեսիոնալ: Զարդեր
պատրաստելուց միշտ նկարում էի: Իսկ Դալիի մահից հետո արդեն սկսեցի
պրոֆեսիոնալ նկարել:
– Ձեր նկարելու ոճը միաժամանակ եւ դալիական է, եւ շատ տարբեր է, ավելի մեղմ է:
– Մեր ոճերը տարբեր են, Դալին ավելի ագրեսիվ է, իսկ ես միստիկ եմ: Եվ իմ
ոճը միստիկական սյուրռեալիզմն է: Դալին միշտ ցանկանում էր շոկի ենթարկել,
ապշեցնել մարդկանց: Ես բոլորովին դեմ չեմ այդ ցանկությանը, բայց ինքս
այդպես նկարել չեմ ուզել: Կարծում եմ, աշխարհում արդեն իսկ ամեն վայրկյան
կատարվում են այնպիսի բաներ, որոնք շոկ են մարդու համար: Եվ իմ նկարներով
չեմ ուզում ավելացնել դրանք: Ես նեգատիվ մոտեցման կողմնակիցը չեմ: Չեմ
հավատում նեգատիվ գույների:
– Դուք ունե՞ք Դալիի նկարներից:
– Առաջ Դալիի մոտ 40 նկար ունեի: Ամեն տեսակի գործեր էին՝ մատիտ,
յուղաներկ, ջրաներկ, քանդակներ: Շատերը ես գնել էի: Դալին ինձ շատ
մատիտանկարներ է նվիրել, ամենը պատին կախել չեմ կարող, միայն մի քանի
յուղաներկ գործեր են կախված իմ հյուրասենյակում: Ես կոլեկցիոներ եմ եւ շատ
հարուստ հավաքածու ունեմ: Ամենից շատ սիրում եմ կլասիկ իտալական արվեստը:
Ռուբենսի, Գոյայի, Գուարդիի նկարներն են իմ տանը կախված: Նկարներն
աճուրդներից եմ գնում: Նույնիսկ Ռեմբրանդտի մի նկար ունեի, բայց որոշեցի
վաճառել, այնքան փոքր նկար էր, որ վախենում էի` գողանան: Հիմա ափսոսում
եմ. շատ գեղեցիկ նկար էր: Պիտի զգաս, որ նկարը քոնն է, իսկ պարզապես լավ
նկարը պատին կախելն անիմաստ է:
– Հայաստանում լավ նկարիչներ շատ կան, բայց աշխարհին ներկայանալու հնարավորություն հաճախ չեն ունենում: Ինչպե՞ս պետք է արվի:
– Մարդն առաջին հերթին մտածում է ուտելու, հագնվելու, վարձեր վճարելու,
հետո նոր միայն նկար գնելու մասին: Լավ կլինի, որ Հայաստանում մարդիկ
մտածեին ոչ թե դրամը հավաքելու, այլ այդ դրամով նկար գնելու մասին: Դրամը
կարող է արժեզրկվել, իսկ լավ նկարը՝ ոչ: Պետք է հասկանալ՝ ո՞վ է լավ
նկարիչը: Ես ծանոթ չեմ Հայաստանի կառավարության մոտեցմանը, բայց ողջ
աշխարհում գոյություն ունեն արվեստի բորսաներ, մարդիկ կարող են տեսնել՝ որ
նկարիչն է շատ ցուցադրվում, ով է լավ վաճառվում: Թերթերում խորհուրդներ են
տպվում, կարող ես կարդալ եւ իմանալ, որ, ասենք, այս նկարչի գործերը գնելու
լավ ժամանակ է, որ նրա նկարները մի քանի տարի հետո անպայման կթանկանան:
Որքան շատ տներում լինեն նկարները, այնքան շատ կխոսեն այդ նկարչի մասին,
եւ նա անուն ձեռք կբերի: Կարծում եմ, Հայաստանում ժողովուրդը պետք է սկսի
նկարներ գնել:
– Դալին ամեն ինչ անում էր, որպեսզի իր մասին խոսեն: Նրա ընկերը լինելու փաստը օգնե՞ց ձեզ ձեր սեփական կարիերան անել:
– Դալին ինձ շատ է օգնել: Մարդիկ միշտ մեզ միասին էին տեսնում եւ,
բնականաբար, շատերն ինձ ճանաչում էին: Իմ նկարները հիմա մեծ հաջողություն
ունեն, շատ ցուցասրահներ ինձ հրավիրում են, իմ նկարների մի քանի գիրք է
տպագրվել: Դալին միշտ իմ թիկունքում է, ես հարցազրույցներ եմ տալիս,
պատմում եմ Դալիի մասին: Մեկը մի տեղ մի բան է ասում, հետո խոսքերն իրար
են գումարվում: Մեկ ամիս առաջ Դալիի նկարների մեծ ցուցահանդես էր բացվել
Պորտուգալիայում: Ես էլ ցուցադրեցի իմ նկարներից մի քանիսը: Եվ քանի որ
չէի ուզում վաճառել, շատ մեծ գումարով էի գնահատել, որպեսզի գնորդները
նույնիսկ մոտ չգային դրանց: Բայց պատկերացրեք, նրանք շատ արագ վաճառվեցին:
Ես, իրոք, չէի ուզում վաճառել: Երբեք չես կարող հաստատ իմանալ, թե ինչպես
է հաջողությունը գալիս:
– Որտե՞ղ եք հիմա ապրում:
– Ես հիմա ապրում եմ եւ Նյու Յորքում, եւ Լիսաբոնում: Երկվորյակ
աշտարակների պայթյունից հետո աշխատում եմ շատ չճամփորդել՝ տխրությունը
շատացել է: Իմ կյանքն առանց Նյու Յորքի պատկերացնել չեմ կարող: Ես
սիրահարված եմ այդ քաղաքին: Նյու Յորքն Ամերիկա չէ, Ամերիկան չեմ սիրում:
Նյու Յորքն առանձին երկիր է, որը հրեաներն են կառուցել: Արվեստը,
երաժշտությունը, թատրոնը, մոդան՝ ամենն այդտեղ է կենտրոնացված: Եվ ամեն
ինչի ետեւում հրեաների լոբբին է երեւում: Ողջ մամուլն էլ է հրեաների
ձեռքում, ամերիկացիներն ի՞նչ են հասկանում, որ ամսագրերում գրեն: Ես
տեղափոխվեցի Ամերիկա, քանի որ այդ երկիրը լայն հնարավորություններ է
տալիս: Եթե տաղանդ ունես, անպայման հաջողության կհասնես: Ամերիկայում ամեն
ինչ կարող ես անել: Իսկ Նյու Յորքում շատ ավելին կանես: Եթե նկարիչ ես կամ
երգիչ, չես գնում Կալիֆոռնիա կամ Տեխաս, միտք չունի, պետք է Նյու Յորք
գնաս: Նյու Յորքն անտարբեր չի թողնում. կամ պիտի սիրես այդ քաղաքը, կամ
պիտի ատես:
– Առաջին անգամ եք Հայաստան եկել: Մինչ «Գեւորգյան» ցուցասրահի հրավերը գալու ցանկություն չունեի՞ք:
– Շատ մեծ ցանկություն ունեի, ժամանակ չունեի: Գլուխս շատ խառն է:
Հայաստան գալուց այնքան գործեր եմ կիսատ թողել: Չեք պատկերացնի, որքան եմ
ուզում մեկ ամիս այստեղ գտնվելու ընթացքում ամեն ինչ հասցնել տեսնել եւ
զգալ: Ես երկու զարմուհի ունեմ այստեղ, որոնց վաղուց չեմ տեսել: Ուրախ էի
հանդիպել: Երեւանը ինձ մի քիչ վախեցրել է, սարսափով եմ փողոցն անցնում:
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ մարդիկ չեն հետեւում կանոններին: Դա պատիվ չի
բերում հայերին: Ասացեք, ինչո՞ւ կառավարությունը չի կարգավորում
երթեւեկությունը:
– Ես չգիտեմ: Երեւի սովորել ենք, եւ անկարգապահությունը նշանակություն չունի:
– Բայց դա մեծ նշանակություն ունի: Միշտ պետք է դեպի լավը ձգտել:
– Արվեստի գործը կարո՞ղ է փոխել մարդու կյանքը:
– Իհարկե: Ես, օրինակ, հույս ունեմ, որ իմ նկարները կհավանեն Հայաստանում:
Ես բերել եմ շատ պոզիտիվ նկարներ, որոնք կյանքի ընկալումը դրական են
դարձնում: Նրանք առաջարկում են սուզվել մեկ այլ տարածության մեջ, խառնում
են մտքերը եւ նոր հոգեվիճակ ծնում: Ինչ պրոբլեմ էլ որ ունենաք, նկարներին
նայելիս դրանք պետք է անհետանան: Համենայնդեպս, այդպես պիտի լինի: Մարդն
այս կյանքում շատ բան ունի անելու: Ես դա երբեք չեմ մոռանում: Բալետն
ավարտվեց, հիմա ես նկարիչ եմ: Միշտ այդպես է. մի փուլն ավարտվում է,
սկսվում է նորը: