Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը

19/05/2010

Մարդու ամբողջ մարմինը պատված է անհամար արյունատար անոթներով: Առավել խոշոր արյունատար անոթները, որոնց միջոցով արյունը սրտից հոսում է դեպի մարմնի զանազան մասերը, կոչվում են զարկերակներ, իսկ դեպի սիրտն արյուն մղող անոթները` երակներ: Ամենանուրբ արյունատար անոթները կոչվում են մազանոթներ: Ամեն մի արյունահոսություն արդյունք է արյունատար անոթների վնասվածքի: Ամենից հաճախ վնասվում են մազանոթները: Նման արյունահոսությունը սովորաբար մակարդվում է ինքն իրեն` առաջացած թանձրուկն ինքն է փակում վիրավոր անոթը: Այս դեպքում կարելի է սահմանափակվել վերքի շուրջը յոդ քսելով: Զարկերակը վնասելու դեպքում վերքից ընդհատվող շիթի ձեւով խփում է բաց կարմիր արյուն, իսկ երբ վնասվում է երակը, ապա արյունը լինում է մուգ կարմիր գույնի եւ արտահոսում է միահավասար շիթով, ավելի փոքր ճնշման տակ: Ամենավտանգավորը զարկերակային արյունահոսությունն է, երբ առաջին օգնություն ցույց տալու արագությունից է կախված մարդու կյանքը: Այս դեպքում պետք է ձգտել կանգնեցնել արյունահոսությունը: Դա արվում է հետեւյալ կերպ. վերքն ուժեղ կապում են ախտահանված վիրակապային նյութով (թանզիֆ) եւ ամուր սեղմում են: Այդպիսի վիրակապ չի կարելի դնել, եթե վերքի մեջ կա սուր առարկա` ապակու կամ մետաղի կտոր, կամ, եթե վերքը գտնվում է ջարդված ոսկորի վրա: Ուժեղ արյունահոսությունը կարելի է ժամանակավորապես դադարեցնել համապատասխան արյունատար անոթը ձեռքով ոսկորի վրա սեղմելով` զարկերակը պետք է սեղմել վերքի վերեւից, այսինքն` բնին մոտ, իսկ երակը` ներքեւից: Իհարկե, այս միջոցին կարելի է դիմել միայն առաջին օգնության սկզբի մի քանի րոպեների ընթացքում: Ձեռքի կամ ոտքի զարկերակի ուժեղ արյունահոսությունը կանգնեցնելու համար հարկավոր է վերքից մի քիչ վերեւ պինդ կապել ոտքը կամ ձեռքը: Այս դեպքում կապելու համար օգտագործվում է ռետինե լարան, իսկ եթե չկա, ապա երկար սրբիչ կամ նման ինչ-որ մի բան: Լարանը չի կարելի կապել մերկ մարմնի վրա, պետք է դրա տակ դնել մի շոր կամ թաշկինակ: Ձեռքը լարանով կապած չի կարելի թողնել 2 ժամից ավելի, քանի որ դա կարող է պատճառ դառնալ հյուսվածքների մահացմանը եւ նույնիսկ պարալիզ առաջացնել: Կարող է պատահել նաեւ ներքին արյունահոսություն: Ներքին արյունահոսությանը բնորոշ հատկանիշներն են դեմքի գունատությունը (առաջին հերթին՝ շրթունքների), սառը քրտինքը, հեւոցը, վերջավորությունների սառելը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, ուշագնաց վիճակը: Այս դեպքում շտապ պետք է դիմել բժշկի: