Խուան Խոսե Արեոլա «Սլաքավարը»

19/05/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Մի մարդ, ակնհայտորեն ոչ տեղացի, դժվարությամբ հասավ ամայի կայարանին: Նա լրիվ ուժասպառվել էր` չկար մեկը, որ տաներ իր վիթխարի ճամպրուկը: Օտարականը դեմքը թաշկինակով սրբեց եւ ափի տակից սկսեց նայել երկաթգծին, որ կորչում էր հորիզոնից անդին: Շունչ քաշելով, նա ուշադիր նայեց ժամացույցին` հիմա-հիմա գնացքի մեկնելու ժամն էր:

Ահա այդտեղ ինչ-որ մեկը, չգիտես որտեղից ծլած, թեթեւակի խփեց նրա ուսին: Օտարականը շրջվեց, եւ աչքերը դեմ առան ծերունուն, որ հեռվանց երկաթուղային էր հիշեցնում: Նրա ձեռքում կարմիր լապտեր էր, լրիվ պուճուր, հանց խաղալիք: Ծերուկը ժպտաց Օտարականին, եւ նա տագնապած հարցրեց.

– Կներեք, մի՞թե գնացքն արդեն մեկնել է:

– Միանգամից երեւում է, որ դուք վերջերս եք մեր երկրում:

– Ինձ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ մեկնել: Ես պետք է Ն.-ում լինեմ, վաղվանից ոչ ուշ:

– Հա, ուրեմն, դուք մեր գործերից գաղափար չունեք: Հիմա ձեզ համար ամենակարեւորը` մերձկայարանային հյուրանոցում սենյակ գտնելն է:

Ծերուկը գլխով ցույց տվեց հողա-մոխրավուն շինության կողմը, որն ավելի շատ բանտի էր նման:

– Բայց ինձ գնացք է հարկավոր, եւ ոչ թե հյուրանոց:

– Իմ խուրհուրդը ձեզ` սենյակ ճարեք: Եվ մի ամսով վարձեք այն: Դա ավելի էժան կնստի, եւ ավելի լավ կսպասարկեն:

– Դուք գժվել եք: Ես պետք է լինեմ Ն.-ում, վաղվանից ոչ ուշ:

– Անկեղծ ասած, ես կարող էի ձեզ թողնել բախտի քմահաճույքին… Բայց ես համենայն դեպս ուզում եմ ձեզ մի քանի խորհուրդ տալ:

– Խնդրեմ:

– Ձեզ երեւի թե հայտնի է, որ մեր երկիրը հայտնի է իր երկաթուղիներով: Դեռեւս, իհարկե, ամեն ինչ չէ պատշաճ մակարդակի վրա, բայց արդեն շատ բան է արված տոմսեր վաճառելու եւ չվացուցակներ կազմելու գծով: Տեղեկատուներում նշված են բոլոր երկաթուղային գծերը, որոնք միմյանց են կապում մեր երկրի բնակեցված կետերը: Տոմսեր են վաճառվում մինչեւ մեր ամենափոքր, ամենահեռավոր գյուղերը: Միայն բանն այն է, որ գնացքները գնան ճշտորեն այն ուղղությամբ, որը նշված է տեղեկատուում, եւ չշրջանցեն երկաթուղային կայարանները: Մեր ժողովուրդը դրա վրա ամենախնդուն հույսերն է դրել եւ հաշտվում է որոշ թերությունների հետ` բարձր հայրենասիրության զգացողությունը թույլ չի տալիս նրան որեւէ դժգոհություն արտահայտել:

– Բայց, ասեք, այստեղ գնացքները կանգնո՞ւմ են:

– «Այո» ասելով, ես ակնհայտ անճշտություն թույլ կտայի: Դուք, հավանաբար, նկատեցիք, որ եկկաթգծեր կան: Ճիշտ է, որոշ տեղերում դրանք վնասված են: Իսկ ահա որոշ բնակեցված կետեր տանում են հողի վրա գծագրված խորը ժապավենները: Այդպիսի հանգամանքներում չի կարելի համոզված լինել, որ այստեղ, մեզ մոտ, գնացք կանցնի: Թեպետ այդպիսի հնարավրրությունը չի բացառվում: Ես իմ կյանքում քիչ չեմ գնացքներ տեսել եւ ծանոթ եմ եղել ուղեւորների, որոնց հաջողվել է վագոններում հայտնվել: Եթե դուք համբերատար լինեք, ապա, կարող է պատահի, որ ես օգնեմ ձեզ որեւէ հիասքանչ վագոն ընկնել` բոլոր հարմարություններով հանդերձ:

Եվ այդ գնացքն ինձ Ն. կհասցնի՞:

– Դե ինչո՞ւ եք դուք այդքան համառորեն ուզում Ն. հասնել: Կարեւորը գնացք նստելն է: Դա արդեն մեծ հաջողություն է: Եթե դուք գնացքում հայտնվեք, ձեր կյանքը որոշակի ուղղություն ձեռք կբերի: Եվ ի՞նչ, եթե այն Ն. չուղեւորվի:

– Եթե ես տոմս եմ վերցրել մինչեւ Ն., ուրեմն, ինձ պետք է հենց այնտեղ: Այդպե՞ս է, թե՞ ոչ:

– Այդպես է, հարց չկա: Մերձկայարանային հյուրանոցում ձեզ կպատահեն ուղեւորներ, ովքեր կանխատեսորեն մեծաթիվ տարբեր տոմսեր են գնել: Փորձառու մարդիկ տոմսեր են առնում դեպի աշխարհի տարբեր ծագերը: Ոմանք տոմսերի վրա են ծախսել ողջ իրենց կարողությունը…

– Ես ենթադրում էի, որ Ն. հասնելու համար միայն մեկ տոմս է պետք: Ահա նայեք…

– Շատ մոտ ապագայում նոր երկաթուղիներ կգցեն մի մարդու միջոցներով, ով վիթխարի կապիտալ է ծախսել «այստեղ» ու «այնտեղ» տանող տոմսերի վրա մի երթուղիով, որը դեռ Ձեռնարկության մասնագետների հավանությանը չի արժանացել:

– Բայց գնացքը, որ անցնում է Ն.-ով, արդեն կա՞ չվացուցակում:

– Ոչ միայն այդ գնացքը: Երկրում, ըստ էության, կան արդեն շատ գնացքներ, եւ ուղեւորները կարող են դրանցից օգտվել համեմատաբար հաճախ: Սակայն նկատի ունեցեք, որ ճանապարհային ծառայության կազմակերպումը դեռ ամենեւին էլ անթերի չէ: Այլ կերպ ասած, նա, ով գնացք է նստել, չի կարող համոզված լինել, որ կընկնի այնտեղ, ուր իրեն պետք է:

– Այսինքն ինչպե՞ս:

– Ձեռնարկությունը ձգտում է անմնացորդ ծառայել իր համաքաղաքացիներին եւ այդ պատճառով ստիպված է դիմելու բավական համարձակ միջոցների: Դե, ասենք, գնացքներն ուղարկել անանցանելի տեղերով: Երբեմն գնացք-առաջնեկները ճանապարհի վրա մի քանի տարի են անցկացնում, եւ ուղեւորների կյանքում շատ բան փոխվում է: Պատահում է, որ ոմանք ճամփին մահանում են, բայց ձեռնարկությունը ամեն ինչ կանխատեսել է, եւ գնացքներին կպցված են վագոն-դիակիզարաններ: Գնացքը սպասարկող բրիգադի համար ավելի պատվավոր բան չկա, քան թողնել ուղեւորի դիակը, գիտության բոլոր օրենքներով զմռսած, այն կայարանի կառամատույցում, որը նշված է նրա տոմսում: Լինում են լրիվ ծանր դեպքեր, երրբ գնացքները պիտի անցնեն այնպիսի հատվածներ, որտեղ միայն մի գիծ է: Վագոնները մի կողմից անընդհատ փայտակոճերին բախվելով ցնցվում են: Ճիշտ է, առաջին կարգի ուղեւորները, ձեռնարկությունը դա էլ է նախատեսել, առաջին կարգի ուղեւորները տեղեր են ստանում վագոնի այն մասում, որտեղով անցնում է երկաթգիծը: Իսկ երկրորդ կարգի ուղեւորներին այլ բան չի մնում, քան համբերատար տանել այդ հարվածները: Դե, նաեւ լինում են այնպիսի ուղիներ, ուր ընդհանրապես երկաթգիծ չկա: Այնտեղ բոլոր ուղեւորները, առանց բացառության, տառապում են: Տառապում են մինչեւ գնացքի քարուքանդ լինելը:

– Ողորմած Աստված:

– Այո: Հենց այդպես ծնվեց Տ. քաղաքը: Գնացքը հասել էր մի այնպիսի տեղ, ուր ոչ կանցնես, ոչ ետ կդառնաս: Ատամնանիվները քար ու ավազից մինչեւ սռնին մաշվել էին: Իսկ ուղեւորները միասին այնքան ժամանակ անցկացրին, որ իրենց ճանապարհային, ոչ մի բանի չպարտավորեցնող զրույցները վերածվեցին ամուր ընկերության: Ոմանք ընկերությունից անցան սիրո, իսկական հովվերգության, եւ արդյունքում հայտնվեց Տ.-ն, այժմ ծաղկող քաղաքը, ուր մանչուկները խաղում են գնացքի մամռապատ մնացուկներով:

– Տեր իմ, այդպիսի արկածներն ամենեւին էլ ինձ համար չեն:

– Եվ այդուհանդերձ, դուք պետք է ամրապնդեք ձեր հոգին, ինչ իմանաս, գուցե ձեզ էլ է վիճակված հերոս դառնալ: Չէ՞ որ երբեմն այնպիսի իրավիճակներ են ծագում, երբ ուղեւորները ոչ միայն պետք է խիզախություն ցուցաբերեն, այլ նաեւ ինքնազոհաբերման ունակություն: Բոլորովին վերջերս երկու հարյուր անհայտ ուղեւորներ ամենափառավոր էջերից մեկը լրացրեցին մեր ուղու տարեգրության մեջ… մի անգամ փորձնական երթում մեքենավարը ժամանակին նկատեց ճանապարհաշինարարների լուրջ թերացումը: Այնպես էր պատահել, որ անդունդի վրա կամուրջ չկար: Բայց մեքենավարը, ընկրկելու փոխարեն, կանգնեցրեց գնացքը, կրակոտ խոսքերով դիմեց ուղեւորներին եւ նրանց ոգեւորեց այնպիսի մի սխրագործության, որը թույլ տվեց ճանապարհը շարունակել: Նրա հստակ ղեկավարությամբ գնացքը մասնատեցին եւ ուսերի վրա անց կացրին վիհի վրայով, իջնում էին անդունդի հատակը, ուր ի հավելումն ամենի՝ հոսում էր առատահոս գետը: Այդպիսի անօրինակ սխրանքն այնքան հիացրեց Ձեռնարկությանը, որ այն ընդհանրապես հրաժարվեց կամուրջ կառուցելու մտքից եւ սահմանափակվեց այն բանով, որ բավական նկատելի զեղչ արեց այն ուղեւորներին, որոնց չի սարսափեցնի այդչափ լուրջ փորձությունը:

– Այո, բայց ես պետք է Ն. ընկնեմ ոչ ավելի ուշ, քան վաղը:

– Հիանալի է: Ձեր համառությունը սրտովս է: Երեւում է, որ դուք հաստատակամ համոզմունքների տեր եք: Սակայն փութով սենյակ ճարեք մերձկայարանային հյուրանոցում եւ ջանացեք հասնել այստեղ ժամանած առաջին գնացքին: Միայն թե ավելի ճարպիկ եղեք, մի վրիպեք: Ամեն անգամ, երբ կառամատույցին է մոտենում գնացքը, սկսվում է սարսափելի իրարանցումը: Երկար սպասումից չարացած, մարդկանց ամբոխը ճչալով դուրս է թռչում հյուրանոցից եւ գլխապատառ նետվում է դեպի վագոնները, վայրենի հրմշտոց սարքելով: Դուք չեք պատկերացնում, թե ինչ դժբախտ պատահարներ են այստեղ լինում, աներեւակայելի կոպտության եւ մարդկանց անողջախոհության պատճառով: Հերթով վագոն բարձրանալու փոխարեն, նրանք հրմշտում են միմյանց, գլխապատառ խցկվում են, եւ, ի վերջո, ոչ մեկին չի հաջողվում նույնիսկ ոտնակի վրա կանգնել: Գնացքը գնում է, իսկ անբախտ ուղեւորները, ուժասպառ, կատաղած, նզովում են համընդհանուր անդաստիարակությունը եւ դեռ երկար հայհոյում են միմյանց:

– Իսկ ո՞ւր է նայում Ոստիկանությունը:

– Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր կայարանում փորձում էին ոստիկանական բաժանմունքներ կազմակերպել, բայց քանի որ գնացքները ժամանում են ամենաանսպասելի ժամին, ոչ ըստ չվացուցակի, այդպիսի մտադրությունը անօգուտ էր եւ, ընդ որում, թանկ արժեր: Դե, օրինապահներն էլ այն չէին, ընչասիրություն ցուցաբերեցին: Նրանք օգնում էին միայն ունեւոր քաղաքացիներին եւ իրենց ծառայությունների համար վերցնում էին ողջ կանխիկ դրամը: Այն ժամանակ հատուկ կուրսեր կազմակերպեցին, որոնցում ապագա ուղեւորներն ուսումնասիրում էին վարքի կանոնները եւ ֆիզիկական պատրաստվածություն էին անցնում: Մասնավորապես, նրանց ցույց էին տալիս, թե ինչպես պետք է գնացքի մեջ ցատկել, նույնիսկ, եթե այն ողջ թափով սլանում է: Բացի այդ ամենից, կուրսի ունկնդիրներին ինչ-որ զենք ու զրահի պես բան էին տալիս, որպեսզի անվարժ ուղեւորների կողերը չջարդեին:

– Բայց եթե դու գնացքում ես, կարելի է համարել, որ բոլոր դժվարություններն անցե՞լ են:

– Մի ասեք: Կյանքում ամեն ինչ հարաբերական է: Անձամբ ես ձեզ առաջարկում եմ ուշադիր զննել կայարանները: Դուք, օրինակ, կարող եք մտածել, որ ժամանել եք Ն., իսկ իրականում ձեզ պարզապես խաբել են: Որպեսզի քչից-շատից տանելի պայմաններ ստեղծեն լեփ-լեցուն վագոններում, Ձեռնարկությունը ստիպված է դիմելու տարբեր միջոցների: Որոշ կայարաններ սոսկ պատրանք են: Դրանք կառուցված են անմարդաբնակ վայրերում եւ խոշոր քաղաքների անուններ են կրում: Եթե զննես` խաբեությունն ակնհայտ է: Ամեն ինչ, հանց թատրոնի դեկորացիա, իսկ մարդիկ, որոնց դուք տեսնում եք պատուհանից` մարդիկ չեն, դրանք հարդով են լեցուն: Գեշ եղանակը, անձրեւները, իհարկե, իրենց կնիքն են թողնում այդ տիկնիկների վրա, բայց երբեմն ողջ մարդկանցից չես տարբերի, նրանք անվերջորեն խոնջացած դեմքեր ունեն:

– Փառք Աստծո, Ն.-ն այստեղից հեռու չէ:

– Բայց այնտեղի հետ ուղղակի կապ չկա: Սակայն, բացառված չէ, որ դուք կընկնեք ձեր Ն.-ն հենց վաղը, ինչպես որոշել եք, նույնիսկ այն դեպքում, եթե ուղիների ծառայության կազմակերպումը այդքան հեռու է կատարելությունից: Այո, այո: Դուք առանց տեղափոխի ուղեւորություն հուսալու իրավունք ունեք: Բայց մարդիկ հաճախ չեն նկատում, թե իրենց հետ ինչ է կատարվում: Ենթադրենք, թե նրանք նստել են ժամանած գնացքը, եւ նրանք Ն.-ի տոմս ունեն, նրանք կրակ կտրած, առանց որեւէ զգուշավորության, վագոնից դուրս են թռչում, եւ… բախտները բանել է` բարեբախտաբար դա իրոք Ն.-ն է:

– Իսկ ես կարո՞ղ եմ ինչ-որ բան ձեռնարկել, որ իմ բախտն էլ բանի:

– Անշուշտ, այո: Բայց չգիտեմ, արդյո՞ք բախտը ձեզ կժպտա: Փորձը փորձանք չէ… Գնացք նստեք հաստատուն հավատով, որ այն Ն. կհասնի: Վագոնում ոչ մի դեպքում ուղեւորների հետ մի շփվեք:

– Բայց ես ոչ մի ծանոթ չունեմ:

– Այդ դեպքում առանձնապես զգոն եղեք: Դուք կարող եք տարբեր գայթակղությունների տրվել, օրինակ, պատուհանից նայել եւ պատրանքն իրականության տեղ դնել: Պատուհանների մեջ, գիտցեք, հնարամիտ սարքեր են հարմարեցված, որոնք զանազան տեսողական խաբկանքներ են ծնում: Եվ միայն պարզամիտները չէ, որ թակարդն են ընկնում: Այդ սարքերն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե գնացքը ողջ թափով սուրում է, ուղեւորները հիանում են բնության տեսարաններով, իսկ իրականում գնացքը շաբաթներով տեղում կեցած է…

Իսկ հետո, ինչ-որ ժամանակ, սարսափելի շվարածության մեջ, տեղից տեղ են դեգերում, այնուհետեւ գաղութով մի տեղ բնավորվում են: Այդ անսովոր կանգառները, որպես կանոն, արվում են ամենայն քաղաքակրթությունից դուրս, բայց այնտեղ, ուր կան բնական հարստություններ: Ընդ որում, վագոններից որոշակի հասարակություն են դուրս բերում` երիտասարդների եւ բազում կանանց: Ահա դուք, օրինակ, չէի՞ք կամենա ձեր օրերն անցկացնել որեւէ գեղատեսիլ վայրում, հիասքանչ մի աղջկա ընկերակցությամբ:

Ծերուկն աչքով արեց եւ նենգադավ ժպիտով նայեց օտարականին: Այդ պահին հնչեց հեռավոր սուլոցը: Սլաքավարը վեր թռավ, իրար խառնվեց եւ սկսեց զավեշտալի ու անկարգ թափահարել կարմիր լապտերը:

– Դա գնա՞ցք է,- հարցրեց օտարականը:

Ծերուկը ողջ թափով վազեց փայտակոճերի վրայով: Բավական հեռու վազելով, նա շրջվեց ու գոռաց.

– Ձեր բախտը բերեց: Վաղը դուք տեղում կլինեք: Կներեք, դուք ո՞ւր եք գնում:

– Դե, ուր պատահի,- պատասխանեց Օտարականը:

Ծերուկը տեղնուտեղը հալվեց վաղորդյան լույսում: Բայց կարմիր կրակը դեռ երկար վազում ու թռչկոտում էր գնացքին հանդիման:

Իսկ խորքից գալիս էր գնացքը, որպես դղրդալից գալուստ:

ՀՐԱՇՔ-ՄԻԼԻԳՐԱՄԸ

Մի առավոտ ոմն ցրված մրջյուն, ում բոլորը նախատում էին թեթեւամտության ու ցրվածության համար, դարձյալ ճամփից շեղվեց եւ դեմ առավ հրաշք-միլիգրամին:

Ամենեւին չմտորելով հետեւանքների մասին, նա մեջքին բարձեց այդ միլիգրամն ու ցնծության մեջ ընկավ` բեռը բնավ նրան չէր նեղում: Գտածոյի քաշն իդեալական էր եւ մրջյունին ինչ-որ էներգիայի հոսք էր հարուցում, ինչպես, ասենք, թեւերի քաշը` թռչունին: Չէ՞ որ, ըստ էության, մրջյունները ժամանակից շուտ են կորչում այն պատճառով, որ ինքնավստահորեն գերագնահատում են իրենց ուժերը: Վերցնենք, օրինակ, մրջյունին, որ սողացել է ողջ մի կիլոմետր, որպեսզի պահոց հասցնի մի գրամանոց եգիպտացորենի հատիկը: Դե իսկ հետո նրա ուժը հազիվ է պատում, որ գերեզման հասնի ու անկենդան փռվի այնտեղ:

Հրաշք-միլիգրամը գտած մրջյունը մեծ պտույտ արեց, իսկ հետո միացավ իր ընկերներին, որոնք, այն օրվա հանձնարարության համաձայն, սալաթի թփերի կրծոտած կտորտանքներով տուն էին դառնում: Մրջյունների ուղիղ շղթան նմանվում էր կանաչ գույնի ատամնավոր պատի, եւ անբասիր գունային միասնության ֆոնի վրա միլիգրամը մեկից աչքի էր ընկնում: Այդտեղ արդեն ոչ ոքի չես խաբի:

Հենց մրջնանոցում լուրջ դժվարություններ ծագեցին: Հսկիչներն ու տեսուչները, որ կեցած էին ամեն քայլափոխին, ավելի ու ավելի դժկամությամբ էին ներս թողնում այդպիսի տարօրինակ բեռով մրջյունին: Մեկ այստեղ, մեկ այնտեղ այդ լուսավորյալ մրջյունների շուրթերից դուրս էին թռչում «միլիգրամ» եւ «հրաշք» բառերը, մինչեւ որ հերթը հասավ երկար սեղանի շուրջ բազմած գլխավոր տեսուչին, ով խիզախորեն միավորեց երկու խոսքը եւ չարախինդ քմծիծաղով ասաց. «Լիովին հնարավոր է, որ դուք մեզ եք բերել հրաշք-միլիգրամը: Ես ամբողջ հոգով շնորհավորում եմ ձեզ, սակայն պարտքս ստիպում է ինձ իրազեկել ոստիկանությանը»:

Հասարակական կարգուկանոնի պահապաններն ամենից քիչ են ունակ գլուխ հանելու հրաշքներից ու միլիգրամներից: Բախվելով մի դեպքի, որ քննչական կոդեքսով չէր նախատեսվել, նրանք ընդունեցին ամենաթեթեւ ու սովորական որոշումը` մրջյունին ուղարկել բանտախուց: Քանի որ մրջյունը շատ գեշ համբավ ուներ, գործը ձեռքեձեռք անցավ, եւ նրան հանձնեցին հեղինակավոր անձանց:

Դատական քաշքշուկը անհամբեր մրջյունին հունից հանում էր, իսկ նրա դյուրագրգռվածությունը տարակուսեցնում էր նույնիսկ փաստաբանին: Իր ճշմարտության մեջ համոզված, մրջյունը բոլոր հարցերին պատասխանում էր ահագնացող մեծամտությամբ: Նա նույնիսկ լուր տարածեց, որ իր դեպքում տեղի է ունենում մեղադրյալի իրավունքների կոպիտ խախտում: Եվ նա նաեւ ասաց, որ մոտ ապագայում իր թշնամիները ստիպված կլինեն ընդունելու հրաշք-միլիգրամի պատմական նշանակալիությունը: Մրջյունի վրդովեցուցիչ վարքը հարուցեց բոլոր դատական ծառայողների զայրույթը: Սակայն ամբարտավանությամբ փոթորկված իրեն թույլ տվեց հայտարարել, որ ինքը չափազանց ավաղում է իր հաղորդակցության համար այդպիսի եղկելի մրջնանոցին: Այդ խոսքերից հետո դատախազը մահապատիժ պահանջեց:

Մրջյունին հաջողվեց մահից փրկվել միայն հանրահայտ հոգեբույժի եզրակացության շնորհիվ, ով հաստատեց, որ ակնհայտ է հոգեկան խանգարման դեպքը: Գիշերները կալանավորը կոկում էր հրաշք-միլիգրամը, մի կողմից մյուսը շրջելով, եւ ժամերով դրանից աչքը չկտրելով: Կեսօրին նա միլիգրամը քարշ էր տալիս մեջքի վրա, նեղ ու մութ խցի պատերին բախվելով: Մի խոսքով, դժբախտ մրջյունը մոտենում էր իր կյանքի ավարտին ծայրահեղ գրգռված վիճակում: Նա բացարձակ անհաղորդ էր դատարկապորտ ամբոխին, որ ուշադիր հետեւում էր այդքան արտասովոր հոգեվարքին:

Բանտային բժշկի պնդմամբ` հիվանդ մրջյունին երեք անգամ խցից խուց տարան: Բայց որքան խուցն ընդարձակ էր լինում, այնքան շատ էր մրջյունն անհանգստանում: Նա հացադուլ հայտարարեց, ոչ մի լրագրողի չէր ընդունում եւ համառորեն լռում էր:

Վերին ատյանները որոշեցին խենթացած մրջյունին հիվանդանոց ուղարկել: Բայց մի՞թե որեւէ տեղ փութում են կյանքի կոչել կառավարական որոշումները:

Ժամանակն անցնում էր, եւ մի անգամ լուսադեմին վերակացուն տեսավ, որ խցում հանգստություն է տիրում, եւ որ այն ամբողջովին ինչ-որ շողանքով է լուսավորված: Հատակին փայլում էր հրաշք-միլիգրամը, լույս ճառագելով, հանց թրաշած ալմաստ: Իսկ կողքը տոտիկները վեր պարզած պառկած էր հերոսական մրջյունը` անկերպարան ու թափանցիկ:

Լուրը մրջյունի վախճանի եւ հրաշք-միլիգրամի զարմանալի հատկությունների մասին կայծակնային արագությամբ տարածվեց մրջնանոցի բոլոր սրահներում: Մրջյունների ամբոխները շարժվեցին դեպի խուցը, որը սկսել էր երկնագույն հրով պատված ժամատան նմանվել: Մրջյունները հուսաբեկ գլուխները գետնով էին տալիս: Նրանց վառ լույսից կուրացած աչքերից տեղատարափ արցունքներ էին հոսում: Թաղման կազմակերպումը բարդացավ դրենաժի խնդրի պատճառով։ Մրջնանոցում ծաղկեպսակները չէին բավականացնում, եւ մրջյունները սկսեցին առեւանգել պահոցը, որպեսզի մարտիրոսի դիակի վրա ուտելիքի պաշարները փռեն:

Խոսքերով անհնար է հաղորդել, թե ինչի էր վերածվել մրջնանոցի կյանքը` հպարտության, հիացմունքի եւ վշտի ինչ-որ խառնուրդ: Ճոխ ու հանդիսավոր թաղմանը հետեւեցին պարահանդեսներն ու ճաշկերույթները: Տեղնուտեղը սկսեցին հրաշք-միլիգրամի համար սրբարան կառուցել: Իսկ կործանված, կյանքի օրոք չհասկացված մրջնին ամենայն պատվով տեղափոխեցին դամբարան:

Իշխանություններն իրենց լիովին անգործունության պատճառով խառնվել էին: Մեծ դժվարությամբ եւ ամենեւին էլ ոչ միանգամից գործի անցավ ավագանին, որը վերջ դրեց ձգձգվող հուղարկավորման գինարբուքներին: Բազմաթիվ գնդակահարություններից հետո կյանքը սկսեց իր հունով ընթանալ: Ամենահեռատես երեցներն ավելի ու ավելի վստահ էին մրջյունների պաղատական երկրպագությունն առ հրաշք-միլիգրամը վերածում պաշտոնական կրոնի: Մոգերի ու պահապանների պաշտոններ կարգվեցին: Սրբավայրի առջեւ հայտնվեցին մեծ շինություններ, որոնք խիստ համապատասխան սոցիալական հիերարխիային փութանակի լցվեցին չինովնիկներով: Դեռեւս ոչ վաղուց ծաղկունք ապրող մրջնանոցի տնտեսական վիճակը խարխլվեց:

Ամենավատն այն էր, որ անկարգությունը, որ տեսանելի չէր մրջնանոցի մակերեսին, ուժգնանում էր մրջյունների շարքում` անմիաբանության պատճառով: Առաջին հայացքից ամեն ինչ առաջվա պես էր, մրջյունները երկրպագում էին միլիգրամին եւ բոլոր իրենց ուժերը վատնում էին ազնիվ աշխատանքում, չնայած այն բանին, որ օրեցօր զբաղվում էին ավելի ու ավելի պարապ բաներով: Անհնար է ասել, թե ում մտքում առաջինը ծագեց կործանարար միտքը: Ավելի ճիշտ, շատ մրջյուններ միաժամանակ մտածեցին միեւնույն բանի մասին:

Խոսքն այն փառասեր եւ գլխակորույս մրջյունների մասին է, որոնք սկսեցին մտածել մրջյուն-առաջնեկի մասին: Այդ մրջյունները` ինչ սրբապղծություն` որոշեցին, որ հարկ է կենաց օրոք հասնել այնպիսի մեծարանքների, որոնց արժանացել է դամբարանում հանգչող մրջյունը: Շատ մրջյուններ սկսեցին իրենց չափազանց կասկածելի պահել: Ցրված, խուճապահար, նրանք ավելի հաճախ էին ճամփից շեղվում եւ դատարկաձեռն սողում էին մրջնանոց: Տեսուչների հարցերին պատասխանում էին բացահայտ մարտահրավերով, հաճախ հիվանդանում էին եւ բոլորին հավատացնում էին, որ ամենամոտ ապագայում ինչ-որ շշմեցուցիչ բան կբերեն: Իշխանություններն արդեն չէին կարողանում կարգի հրավիրել այդ լուսնոտներին, որ մոլեգին երազում էին իրենց թույլ մեջքերի վրա ինչ-որ հրաշք բերել:

Մոլագար մրջյունները գործում էին գաղտուկ եւ, կարելի է ասել, հույսներն իրենց վրա դրած: Եթե իշխանություններն ունակ լինեին համաժողովրդական ռեֆերենդում անցկացնելու, ապա պարզ կդառնար, որ մրջյունների ուղիղ կեսը, ինչ-որ խղճուկ հատիկներ եւ թփիկներ հայթայթելու փոխարեն, ապրում էր անփուտ միլիգրամի մասին անրջելով:

Եվ ահա մի անգամ պատահեց այն, ինչը որ պիտի պատահեր: Ասես խոսքները մեկ արած, վեց մրջյուններ, արտաքուստ միանգամայն նորմալ, հայտնվեցին մրջնանոցում տարօրինակ բեռներով եւ սկսեցին տեսուչներին համոզել, որ դրանք հրաշքներ գործող միլիգրամներ են: Այդ մրջյունները չհասան այն մեծարանքներին, որոնց հավակնում էին, բայց նրանց տեղնուտեղն ազատեցին նախկին պարտավորություններից: Հանդիսավոր արարողակարգում, որը կիսապաշտոնական բնույթ էր կրում, նրանց ցմահ ռենտա նշանակեցին:

Անկարելի էր որեւէ կոնկրետ բան ասել այդ վեց միլիգրամների մասին: Սակայն իշխանությունները, հիշելով նախկին սխալների մասին, հրաժարվեցին դատաքննությունից: Իսկ ավագանին ձեռքերը լվաց, առաջարկելով հարցը ընդարձակ համաժողովրդական քննարկման դնել: Այսպես կոչված, միլիգրամները ցուցադրվեցին մի համեստ շինության ցուցափեղկերում, եւ ցանկացած մրջյուն կարող էր իր հարգանքի տուրքը մատուցել եւ գնահատել դրանք՝ ըստ իր ճաշակի եւ պատկերացման:

Իշխանությունների այդ թուլակամությունը, ի հավելումն մամուլի լռության, կանխորոշեց մրջնանոցի կործանումը: Այսուհետ ցանկացած մրջյուն, ծուլացած կամ աշխատանքից խոնջացած, կարող էր փառքի մասին իր երազանքները հանգեցնել ցմահ ռենտային եւ լիակատար անբանությանը: Եվ բնական է, որ շատ շուտով մրջնանոցը լցվեց կեղծ միլիգրամներով:

Զուր էին ավագանու որոշ հեռատես ներկայացուցիչներ նախազգուշական միջոցների կոչ անում, զուր էին խուրհուրդ տալիս կշռել միլիգրամները եւ դրանք համեմատել հրաշք-միլիգրամների հետ: Նրանց կոչերն անպատասխան էին մնում, եւ հարցը նույնիսկ չէր քննվում ընդհանուր ժողովում:

Ավարտվեց այն բանով, որ մի վտիտ ու դժգույն մրջյուն վստահաբար հայտարարեց, որ հանրահայտ հրաշք-միլիգրամը չի կարող եւ չպետք է չափանմուշ լինի նոր ձեռքբերումների համար, եւ որ հրաշքներ գործելու ընդունակությունը բնավ էլ պարտադիր պայման չէ նոր միլիգրամների ընդունման համար:

Ողջախոհության այն խղճուկ մնացուկները, որոնք դեռ ունեին մրջյունները, ակնթարթաբար հօդս ցնդեցին: Իշխանություններն արդեն չէին կարողանում նվազեցնել միլիգրամների քանակը կամ թեկուզ դրանց վրա խելքին մոտ քվոտա նշանակել: Վետոյի իրավունքը վերացվեց, եւ ոչ ոք չէր կարողանում մրջյուններից պահանջել պարտավորությունների բարեխիղճ կատարում: Բոլոր մրջյուններն, այսպես թե այնպես, խույս էին տալիս աշխատանքից եւ թրեւ էին գալիս միլիգրամների փնտրտուքում:

Նոր միլիգրամները գրավեցին պահոցը, չհաշված մասնավոր հավաքածուները, որտեղ շատ արժեքավոր նմուշօրինակներ կային: Ինչ վերաբերում է սովորական միլիգրամներին, ապա մեծ հոսքի օրերին դրանց գներն այնքան էին ընկնում, որ դրանք կարելի էր ձեռք բերել ուզածդ անպետք բանի հետ փոխելով: Չի կարելի ժխտել, որ երբեմն մրջնանոց էին ընկնում հիանալի նմուշներ: Բայց դրանց ճակատագիրը նույնն էր, ինչ որ այն միլիգրամներինը, որոնք գրոշի արժեք չունեին: Դիլետանտների լեգեոնները երկինք էին հանում ամենաանորակ միլիգրամների հատկությունները, դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով խառնակության ու քաոսի համար:

Շատ մրջյուններ, միլիգրամ գտնելու հույսը կորցրած, ինչ ասես մրջնանոց էին քարշ տալիս` ամենայն աղտեղություն: Հակասանիտարական պայմանների պատճառով հարկ եղավ ողջ սրահներ փակել: Ինչ-որ մրջնի օրինակը հընթացս որսում էին բազում ընդօրինակողները: Ավագանին դեռեւս ջանում էր բարձրագույն օրգանի դեր խաղալ եւ ինչ-որ մշուշոտ, անէական միջոցներ էր ձեռք առնում:

Աստիճանավորներն ու պաշտամունքի սպասավորները, չգոհանալով իրենց ցոփ կյանքից, լքեցին տաճարներն ու հաստատությունները եւ ճամփա ելան միլիգրամներ որոնելու` հանուն նոր արտոնությունների եւ փողային վարձատրությունների: Ոստիկանությունը գործնականորեն դադարեց գոյություն ունենալ, եւ օր չկար առանց հեղաշրջումների եւ խռովությունների: Պրոֆեսիոնալ առեւանգիչների խմբերը թաքնվում էին մրջնանոցի մատույցներում, որպեսզի որեւէ բախտավորից խլեն իսկական միլիգրամը: Ամենաեռանդուն կոլեկցիոներները, նախանձից դրդված, ելնում էին իրենց ախոյանների դեմ եւ նրանց դեմ դատաքննություններ էին սկսում, պահանջելով խուզարկություն եւ բռնագրավում: Վեճերը համարյա միշտ վերածվում էին ծեծկռտուքի եւ ավարտվում էին սպանություններով: Մահացությունը սպառնալի չափերի հասավ, իսկ ծնելիությունը անհավատալի ցածր դարձավ: Պատշաճ խնամքից զուրկ երեխաները հարյուրներով մահանում էին:

Սրբավայրը, ուր պահպանվում էր հրաշք-միլիգրամը, նմանվել էր բարձիթողի գերեզմանի: Մրջյունները, ամենասկանդալային գյուտերի առթիվ բանավեճերով տարված, պարզապես մոռացել էին այնտեղ տանող ճանապարհը: Երբեմն մի աստվածավախ մրջյուն փորձում էր իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ սրբավայրը լիակատար անխնամության մեջ է: Նրա ահազանգից հետո, այնտեղ ինչ-որ կարգուկանոնի պատրանք էին ստեղծում: Մի վեց անտարբեր հավաքարար շուտափույթ ավլում էին աղբը, իսկ այդ ընթացքում անկար ծերուկներն ընդարձակ ելույթներ էին ունենում եւ ծաղիկների փոխարեն սրբազան գերեզմանի վրա էին դնում կեղտաջրից հանված մնացուկները:

Անկարգության ու փոշու կուտակ ամպերի տակ թաղված, շողում էր ամենքի կողմից մոռացված հրաշք-միլիգրամը: Ժամանակի ընթացքում սկանդալային լուրեր տարածվեցին, որ իսկական միլիգրամը վաղուց առեւանգել են ինչ-որ չարագործներ, եւ որ վատ պատճենը փոխարինել է բնօրինակը, որը դարձել է մի հանցագործի սեփականությունը, որ հարստացել էր միլիգրամներ վաճառելով: Լուրերն անհիմն էին, բայց ոչ ոք չանհագստացավ եւ որեւէ միջոց ձեռք չառավ, որպեսզի իմանա ճշմարտությունը: Ավագանին, ավելի ու ավելի թույլ ու տկար, ձեռքերը ծալած նստած էր, չիմանալով՝ ինչպես կանխի մոտալուտ արհավիրքը:

Ձմեռը մոտենում էր, եւ սովամահ լինելու սպառնալիքը ստիպեց տխմարացած մրջյուններին մտածել: Պարենային ճգնաժամից դուրս գալու համար, որոշեցին միլիգրամների մի մեծ պարտիա վաճառել հարեւան համայնքին, ուր բավական բարեկեցիկ մրջյուններ էին ապրում: Ամենաարժեքավոր նմուշների դիմաց ահաբեկված մրջյունները ստացան մի բուռ հատիկ եւ մի քիչ էլ կանաչի: Ճիշտ է, հարեւան մրջնանոցը խեղճերին առաջարկեց հրաշք-միլիգրամը փոխանակել իրենց անհրաժեշտ սննդամթերքի հետ: Սակայն մրջյուն-սնանկները կպան իրենց միլիգրամից, ինչպես փրկօղակից: Միայն անվերջանալի վեճերից ու վիճաբանություններից հետո, երբ սովը հնձեց մրջյունների նշանակալից մասը, հարուստ հարեւանները բացեցին իրենց տուն-մրջնանոցի դուռը ողջ մնացած մրջյունների առաջ եւ նրանց հետ պայմանագիր կնքեցին, որի համաձայն՝ վերջին եկվորի մահվանից հետո հրաշք-միլիգրամը կդառնա իրենց սեփականությունը: Բայց դրա համար նրանք պարտավորվեցին կերակրել սնանկներին մինչեւ իրենց օրերի վերջը, ազատելով ամենայն աշխատանքից:

Ասե՞նք ձեզ, թե ինչ տեղի ունեցավ որոշ ժամանակ անց: Ձրիակերները իրենց փրկիչներին վարակեցին պաշտամունքի համաճարակով:

Այժմ մրջյունները համաշխարհային մասշտաբի ճգնաժամ էին ապրում: Մոռանալով իրենց գործերի եւ դարավոր ավանդույթներով ողջախոհ սովորույթների մասին, երկրի երեսին եղած բոլոր գոյություն ունեցող մրջնանոցներում ելան նոր միլիգրամների որոնումների: Բոլորը մեկի պես, մրջնանոցներ էին քարշ տալիս մանրիկ փայլփլուն առարկաներ, բայց սնվում էին տան սահմաններից դուրս:

Գուցե շուտով մրջյուններն իսպառ վերանան երկրի երեսից՝ որպես կենդանաբանական տեսակ, եւ միայն երկու-երեք միջակ հեքիաթներում հուշեր կմնան նրանց վաղեմի արժանիքների մասին: