Կիրակի օրը Արարատի մարզի 10 գյուղերում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` 9 գյուղերում թեկնածուներ առաջադրած իշխող Հանրապետական կուսակցությունից գյուղապետ են դարձել 6-ը, առավել թվով ձայներ հավաքած թեկնածուներից 3-ը անկուսակցական են, իսկ 1-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված արդյունքների, 2 գյուղերում` Հայանիստում եւ Սիսում, անկուսակցական թեկնածուները հաղթել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: Սայաթ-Նովա գյուղում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը Հանրապետական կուսակցության ներկայացուցչից 90 ձայնով ավելի արդյունքով է դարձել գյուղապետ: 10 գյուղերից 3-ում էր առաջադրվել մեկական թեկնածու, նրանցից 2-ը` Հանրապետական կուսակցությունից, 1-ը` անկուսակցական: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ ընտրախախտումների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն ստացվել: Հայանիստում անկուսակցական Բալաբեկ Սարկիսյանը 146-ով ավելի քվեներ է ստացել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, 22 տարվա գյուղապետ Գուրգեն Մարտիրոսյանից: