Չի բացառել

17/05/2010

Երեկ սկսվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Ուկրաինա: Այցի նախօրեին Մեդվեդեւը հարցազրույց է տվել ուկրաինական լրատվամիջոցներին: Նա առաջին անգամ իր գնահատականն է տվել «Գազպրոմի» եւ «Նաֆտոգազի» հնարավոր միավորմանը: Ըստ Մեդվեդեւի, խոսքը չի վերաբերում այդ երկու ընկերությունների ամբողջական միաձուլմանը: Նա ակնարկել է, որ դա չի բխում Ռուսաստանի շահերից, միաժամանակ, չի բացառել համատեղ ձեռնարկության ստեղծումը, կամ էլ «Գազպրոմի» եւ «Նաֆտոգազի» ակտիվների մի մասի միավորումը` նշելով, որ «Գազպրոմը» նման պրակտիկա կիրառում է ոչ միայն «մտերիմ հարեւանների կամ բարեկամների, ինչպիսին, օրինակ, Բելառուսն է», այլեւ եվրոպական ընկերությունների հետ: Հիշեցնենք, որ երկու ընկերությունների միավորման առաջարկով ապրիլի 30-ին հանդես էր եկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ Ուկրաինան կհամաձայնի միայն «Գազպրոմի» եւ «Նաֆտոգազի» միավորմանը 50/50 հարաբերակցությամբ: