Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնել է Բաքու, որտեղ, ըստ թուրքական մամուլի տեղեկությունների` Ադրբեջանի իշխանություններին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ծրագիր: Մասնավորապես, ըստ թուրքական «Hurriyet» թերթի, Էրդողանը Իլհամ Ալիեւին է ներկայացրել մի ծրագիր, որի համաձայն՝ Հայաստանն ազատելու է ազատագրված 7 շրջաններից 2-ը` Քելբաջարը եւ Ֆիզուլին, ինչի դիմաց Ադրբեջանը բացելու է Հայաստանի հետ սահմանը: Թուրքական աղբյուրների համաձայն, այդ ծրագիրը մշակվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ Վաշինգտոնում ու Ռուսաստանի նախագահի հետ Անկարայում Ռեջեփ Էրդողանի ունեցած հանդիպումների արդյունքում: Արդյոք իրականում Էրդողանը նման ծրագիր ներկայացրե՞լ է Ալիեւին, թե՞ ոչ. երեկվա դրությամբ պաշտոնապես չէր հայտարարվում: Ալիեւի հետ հանդիպումից հետո նշվում էր միայն, որ «գոհունակություն են արտահայտվել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների բարեհաջող զարգացման կապակցությամբ»: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում խոսքը վերջին շրջանում քննարկվող` ազատագրված շրջանների վերադարձման «3+2+2» կամ «2+3+2» տարբերակների մասին է: Այսինքն` ստացվում է, որ Հայաստանը համաձայնել է առնվազն երկու շրջանների վերադարձին, եւ Էրդողանը Բաքու է մեկնել Ալիեւին դրանում համոզելու համար: Հետաքրքիր է, որ պաշտոնապես երեկ Հայաստանը որեւէ կերպ չհերքեց այդ տեղեկատվությունը եւ նման ծրագրի առկայության փաստը: Մինչդեռ դրա գոյության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ ընդամենն անցած շաբաթ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, թե Ռուսաստանը շարունակելու է «առաջ մղել» ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը եւ այդ հարցում այսուհետ խորհրդակցելու է Թուրքիայի հետ: Այսինքն` բացառված չէ, որ Էրդողանի` Բաքու տարած ծրագիրը հենց առաջին նման խորհրդակցության արդյունքն է: