Նախորդ տարեվերջից Սոցիալ-Դեմոկրատ հնչակյան կուսակցության ներսում սկսված խառնաշփոթը շարունակվում է առ այսօր:
Երկու թեւի բաժանված կուսակցությունն այս օրերին դատական պրոցեսի մեջ է: ՍԴՀԿ-ից բաժանված մասը` ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպեկյանի գլխավորությամբ, փորձում է դատարանի միջոցով կուսակցության մյուս թեւի ատենապետից` Լյուդմիլա Սարգսյանից, վերցնել կնիքը: Այլ կերպ ասած` այս պահին 2 մասի բաժանված ՍԴՀԿ-ներից յուրաքանչյուրը պայքարում է կուսակցության «բրենդի» համար: Հայտնի է, որ ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ի անդամ է: ՍԴՀԿ պառակտման վերաբերյալ ՀԱԿ-ն արդեն հայտնել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀԱԿ-ը որպես իր գործընկեր՝ շարունակում է պաշտոնապես ճանաչել Լ. Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ն: Թերեւս ՀԱԿ-ի այս դիրքորոշումն էլ պատճառ դարձավ, որ ՍԴՀԿ-ի պերկուպեկյանական թեւը ոչ այնքան բարեհաճ վերաբերմունք ունենա ՀԱԿ-ի հանդեպ: Թեեւ վերջիններս պաշտոնապես չեն հայտարարել ՀԱԿ-ից դուրս գալու մասին, բայց նրանց դժգոհությունն այնքան ակնհայտ է, որ կարելի է ենթադրել, որ եթե նրանց հաջողվի Լ. Սարգսյանից ստանալ ՍԴՀԿ կնիքը, ապա դրանից հետո նրանք կդիմեն այդ քայլին: Իսկ առայժմ Գ. Պերկուպեկյանն ու իր թիմակիցները կամ կուսակիցները բավարարվում են ՀԱԿ-ին մեղադրանքներ ներկայացնելով: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամ, ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը, ով սատարում է Գ. Պերկուպեկյանին, մեզ հետ զրույցում խիստ քննադատաբար խոսեց ՀԱԿ-ի գործունեության մասին: Նա ՍԴՀԿ պառակտման մեջ մեղադրում է նաեւ ՀԱԿ-ին: «Բարեբախտաբար, ՍԴՀԿ-ում տեղի ունեցավ ինքնամաքրման գործընթաց: Վտարվեցին մի քանի անձինք, որոնց հետ առկա խնդիրները մինչեւ հիմա շարունակվում են: Այդ գործընթացի մեջ ՀԱԿ-ի որոշ ղեկավարներ հսկայական քարոզչամեքենան մոբիլիզացրին եւ մեր դեմ սկսեցին մի շատ տգեղ արշավ` հիմնված բամբասանքների, չճշտված տեղեկությունների եւ ենթադրությունների վրա: Այսինքն, սկսեցին մի գործընթաց, որի մեջ նրանք արդեն փորձ ունեին` նկատի ունեմ «Ժառանգության» վրա սկսված արշավը: Հենց այդ փորձն էլ տեղափոխեցին ՍԴՀԿ-ի վրա»,- ասում է Ն. Գալստյանը: Նրա ներկայացմամբ, ՀԱԿ-ը գաղափարական ճնշումների է ենթարկում իր կազմում գտնվող կուսակցություններին. «ՀԱԿ-ը փորձում է գտնել մի կառույց, որն առանց որեւէ խնդրի միշտ պատրաստ կլինի բոլոր դեպքերում իրենց ասածները ներկայացնել ու առաջ տանել որպես բացարձակ ճշմարտություն: Բայց այդպես չի կարող լինել: Վերջիվերջո, ՀԱԿ-ը կուսակցություն չէ եւ չի էլ կարող լինել, այնտեղ կան կուսակցություններ, որոնք եղել են, երբ չի եղել ՀԱԿ-ը, եւ կլինեն, երբ արդեն չի լինի ՀԱԿ-ը: Ինչ վերաբերում է գաղափարական ճնշումներին, ապա, ասեմ, որ վերջին 1 տարում նրանցից միայն տեսել ենք բամբասանք, անհիմն ու չճշտված տեղեկություններ»: ՀԱԿ-ի կողմից անձնական վիրավորանքներ են հնչում այնպիսի մարդկանց նկատմամբ, որոնք, ըստ Ն. Գալստյանի, մեր երկրի համար ավելի մեծ վաստակ ունեն, քան խոսողներից շատերը: Երբ նրան խնդրեցինք հիմնավորել, թե կոնկրետ ով ում է վիրավորել եւ ինչ կերպ, նա ասաց. «Սարգիս Տխրունի» ուսանողական միության հասցեին հնչել են «կոոպերատիվ», «տխրահռչակ» որակումները, իսկ մեր ավագ կուսակից ընկերներին անվանել են՝ ծախված, իշխանությունների հետ համագործակցողներ, վտարվածներ, մոլորյալներ, էլի ինչ-որ վիրավորական համեմատություններ, ծաղրանկարներ` մեր ատենապետին ուղղված: Դրանք տպված են Կոնգրեսին սպասարկող յուրաքանչյուր թերթում»: Մեր հիշեցմանը, որ իրենք նախագահական ընտրություններում սատարել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչից էլ կարելի է ենթադրել, որ առանցքային շատ հարցերում եղել են նրա գաղափարակիցը, Ն. Գալստյանը պատասխանեց. «Ոչ, ամենեւին, մենք չենք կիսել նրա մոտեցումները ո՛չ հայ-թուրքականի, ո՛չ ԼՂՀ-ի, ո՛չ էլ բազմաթիվ այլ հարցերում: Աննորմալ կլիներ, եթե մենք կիսեինք այդ տեսակետները: Մենք ունենք մեր ուրույն տեսակետները: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի գաղափարախոսությանը, որ որպես այդպիսին կա, ընտրությունները ցույց կտան, թե մարդիկ որքանով են համաձայն դրանց հետ»: Այսքանից հետո ինչո՞ւ ՍԴՀԿ-ի պերկուպեկյանական թեւը չի հայտարարում ՀԱԿ-ից դուրս գալու մասին: «Այսօր մեր առջեւ դրված թիվ մեկ խնդիրը մեր իրավունքների վերադարձն է, որի համար մենք պայքարում ենք: Իսկ ՀԱԿ-ի վերաբերմունքը ոչ միայն ոչ ադեկվատ է ստեղծված իրավիճակում, այլ նաեւ առավել վիրավորական: Բայց այստեղ իրենք շատ լուրջ խնդիր ունեն մտածելու, մենք ոչ մի խնդիր չունենք: Եթե խոսենք վերջերս շատ տարածում գտած ֆուտբոլային տերմինոլոգիայով, ապա գնդակը ՀԱԿ-ի դաշտում է: Մենք հստակ ասում ենք. մեկ տարի նրանց ոչ մի ասածին չենք պատասխանել, բայց արդեն չենք պատրաստվում լռել: Մեր խնդիրը իրավական առումով մեր նախկին կուսակցական ընկերների հետ է, բայց քաղաքական առումով` ՀԱԿ-ի հետ է»,- ասում է Ն. Գալստյանը: Պաշտոնապես ՍԴՀԿ ատենապետ համարվող Լ. Սարգսյանն էլ Նարեկին խորհուրդ է տալիս ՀԱԿ-ի եւ այնտեղ ներգրավված կուսակցությունների մասին դատողություններ անելիս` 2 տարվա մեջ գոնե մի անգամ ՀԱԿ գրասենյակ այցելել: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի եւ իր ղեկավարած ՍԴՀԿ-ի փոխհարաբերություններին, ապա Լ. Սարգսյանն ասաց. «Բոլորն ունեն ազատ գործելու հնարավորություն: Առ այսօր ՀԱԿ-ում որեւէ կուսակցություն չի եղել, որ կաղապարված լինի, հակառակը` ՀԱԿ-ում դեմոկրատիան չափից շատ է, որը, երեւի, ինչ-որ տեղ այնքան էլ ճիշտ չէ: Որեւիցե մեկը, որեւէ կուսակցության, հատկապես՝ գաղափարական մասով, չի կարող ճնշել: Յուրաքանչյուրն ազատ է իր արտահայտչաձեւում, միաժամանակ մշտապես շահագրգիռ է՝ պահելու իր կուսակցության բռնած ուղին ու գաղափարախոսությունը, այդ թվում` նաեւ մենք: Եթե մենք համակարծիք չենք ՀԱԿ-ի հետ, ապա հանդես ենք գալիս առանձին հայտարարությամբ: Օրինակ, հայ-թուրքականի մասով մենք ՀԱԿ-ի ընդհանուր մոտեցմանը համամիտ չէինք, հանդես եկանք առանձին հայտարարությամբ: Ընդհանրապես ՀԱԿ-ում այնպիսի անհատներ կան, որոնց ենթարկել ու պարտադրել անհնար է»: Լ. Սարգսյանը նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ը շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի, քան ներկուսակցական հարցերին միջամտելը: ՀԱԿ-ին ներկայացված մեղադրանքների առնչությամբ զրուցեցինք նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: «Գաղափարական որեւէ ճնշման կամ անձնական հերյուրանքի փաստ ՀԱԿ-ի ներսում հայտնի չէ: Եթե կան կոնկրետ փաստեր, թող դրանք նշվեն: Թող որեւէ մեկը վկայի, որ ՀԱԿ-ի կոնկրետ պաշտոնյան մեղադրանք կամ հերյուրանք է ներկայացրել իրենց հասցեին»,- ասաց Զուրաբյանը: Ըստ նրա` ՀԱԿ-ի քննարկումների ժամանակ երբեւէ նման դեպք չի եղել, որ մեկն անհամաձայնություն հայտնի ընդունած հայտարարությունների վերաբերյալ. «Եթե լիներ, ապա այն անպայման կքննարկեինք: Այս կամ այն կուսակցության ներսում կարող են լինել տարաբնույթ կարծիքներ, բայց քաղխորհրդին ներկայացվում է մեկ կարծիք, այսինքն` տվյալ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը: Այն, ինչ արտահայտվում է մեր հայտարարությունների մեջ, դա բոլորի համաձայնությունն է»: Նա հիշեցրեց նաեւ, որ իրենք արդեն հայտնել են, թե ՍԴՀԿ-ից ում հետ են աշխատելու, մինչեւ կլուծվեն նրանց ներկուսակցական տարաձայնությունները: «Պերկուպեկյանը կամ հազար այլ մարդիկ կարող են հազար կարծիք ունենալ, նրանց խոսքը պետք է ստատուս ունենա, այսինքն՝ պետք է այդ անձը քաղխորհրդում ներկայացված լինի»,- ասաց ՀԱԿ համակարգողը: