Լուծարված Փաստահավաք խմբի ընդդիմադիր` ՀԱԿ անդամ Անդրանիկ Քոչարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Սեդա Սաֆարյանը պատրաստել են իրենց հերթական զեկույցը, որն այս անգամ վերաբերում է 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ու հետընտրական գործողություններին բանակի ներգրավման ու մասնակցության հանգամանքներին:
Զեկույցի հենց սկզբում նրանք նախ նշում են, թե մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր եզրակացության մեջ լիովին անտեսել է այդ իրադարձություններին բանակի ու զինված ուժերի այլ ստորաբաժանումների ներգրավման օրինականության ու հիմնավորվածության, նրանց ունեցած դերի, իրականացրած գործողությունների իրավաչափության հարցը: Այն դեպքում, երբ այդ մասին հաստատող բազմաթիվ փաստեր` լուսանկարներ եւ տեսանյութեր կան: Ավելին, պետական պաշտոնյաներն իրենց ելույթներում ու Փաստահավաք խմբի անդամների հարցերին պատասխանելիս երբեմն խոստովանել են այդ փաստը: Եվ Փաստահավաք խմբի անդամներն այս հանգամանքները նկատի ունենալով` քաղաքական գործընթացներում բանակի ներգրավման կարեւորագույն խնդրին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անտարբեր ու անհասկանալի վերաբերմունքը գնահատել են որպես մարտի 1-2-ի իրադարձությունների իրական հանգամանքներն ու դրանցում պետական մարմինների եւ առանձին պաշտոնատար անձանց ունեցած դերն ու մասնակցությունը թաքցնելու, կոծկելու փորձ:
Զեկույցում նախ նշված է, թե ՀՀ Սահմանադրությամբ «Զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Իսկ պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը համակարգում է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը` ՀՀ նախագահը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը սահմանում է, որ ՀՀ նախագահն իրավունք ունի զինված ուժերի գործադրման որոշում ընդունել միայն երեք` հանրապետության վրա զինված հարձակման ժամանակ, զինված հարձակման անմիջական վտանգի եւ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Ուրեմն բոլոր մյուս` այդ թվում եւ ներքին իրավիճակներում բանակի գործադրումն ապօրինի է: Ավելին, զեկույցում Ա.Քոչարյանն ու Ս.Սաֆարյանը նշում են, թե իրենց տրամադրության տակ բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ եւ այլ ապացույցներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու, թե մինչ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Ռ.Քոչարյանի հրամանագիրը, «ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիններն ու ստորաբաժանումներն արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաեւ մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին»: Եվ այսպես` 2008թ. փետրվարի 23-ին «Հաղթանակ» զբոսայգում Անհայտ զինվորի հիշատակի հուշակոթողին ծաղիկներ դնելիս ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ասել է. «Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ եւ կատարում է իր առջեւ դրված խնդիրներն ու առաջադրանքները»: Սակայն Փաստահավաք խումբը բացահայտել էր, որ Մ.Հարությունյանը հենց այդ նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը, որի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի: ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով:
«Երեւանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յ.Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ: Յ.Խաչատուրովի տեղակալներ են նշանակվել ՀՀ զինվորական կոմիսարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ Հետախուզության վարչության պետը, Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ Թիկունքի վարչության պետը, ՀՀ ՊՆ Սպառազինության վարչության պետը: Կայազորի պետի օգնականներ են նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության Ռեժիմի վարչության պետի տեղակալը, իրավական աշխատանքների գծով ՀՀ ՊՆ վարչական ապարատի Իրավաբանական վարչության պետը: Կայազորի կապի պետ է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի եւ ԱԿՆ-ի վարչության պետի տեղակալը, կայազորի բժշկական ծառայության պետ` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետը: Երեւանի կայազորի պետի աշխատավայրը սահմանվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մասնաշենքում»,- նշված է փաստահավաք խմբի նախկին անդամների զեկույցում: Մինչեւ լուծարվելը Փաստահավաք խումբը հարցաքննել է Մ.Հարությունյանին: Վերջինս նախ հերքել է 0038 հրամանի գոյությունը եւ պնդել, թե մինչեւ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները որեւէ գործողության չեն մասնակցել: «Սահմանադրությամբ բանակի օգտագործումը ներքին կյանքին` կարելի՞ է, թե՞ ոչ» հարցին էլ պատասխանել է. «Իհարկե, կարելի է»: Երբ նրան հակադարձել են, որ Սահմանադրությունը նման իրավունք չի նախատեսում, Մ.Հարությունյանը արդարացել է, թե ստորագրվել էր «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը, եւ ինքը ղեկավարվել է այդ հրամանագրով: Այսինքն՝ այդ պահին Ռ.Քոչարյանի հրամանը ՀՀ Սահմանադրությունից գերակա է եղել:
Եվ, այսպիսով, Փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցում նշում են, թե ունեն տեսաժապավեններ ու լուսանկարներ, որոնք վկայում են, որ մարտի 1-ին, ժամը 16։09-ին ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում: 16։11-ին ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված: 16։27-ին Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով: Երեւանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յ.Խաչատուրովի ծառայողական ավտոմեքենան նույնպես այդտեղ է: 18։14-ին Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ` ավտոտեխնիկայով: «Այժմ, երբ ՀՀ կառավարության շենքի մոտ, Մելիք-Ադամյան փողոցի վրա, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց եւ մի շարք այլ վայրերում մարտի 1-ի կեսօրին եւ երեկոյան տեղակայված ՊՆ համարանիշերով ավտոմեքենաներն ու ՊՆ անձնակազմի առկայությունը հաստատող փաստերն անառարկելի են, իշխանությունները ինչպե՞ս պետք է հերքեին բանակային տեխնիկայի ու ստորաբաժանումների առկայության հանգամանքը»,- հարցնում են Փաստահավաք խմբի նախկին անդամները: